Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 53 – Մարդկութիւնը Միշտ Էլ Գտնում Է Ելքը Դժուարին Իրավիճակներից. 100 Տարուայ Ընթաց­քում, Միջին Հաշուով, Հանդիպում Է Համավարակի 3 Դէպք

Կորոնավիրուսային համավարակով պայմանաւորուած տնտեսութեան կառավարման փոփոխութիւնների, զարգացման նոր ուղղութիւնների, ստեղծուած նոր իրավիճակում վերադասաւորելու եւ տնտեսական զարգացում գրանցելու հրամայականների շուրջ «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթը զրուցել է  տնտեսագէտ, տնտեսական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսորԳագիկ Վարդանեանի հետ։

ՀՀ տնտեսութիւնը սկսում է նորից աշխատել։ Համավարկից յետոյ կամ այս ընթացքում արդեօք ժամանակը չէ՞ հասկանալու, որ Հայաստանում կուտակուած ներքին ընկերատնտեսական հիմնախնդիրները եւ համաշխարհային փոփոխութիւններն առաջացրել են քաղաքականութիւնների ճշդումի, գուցէ եւ՝ զարգացման այլ ձեւաչափի ընտրութեան անհրաժեշտութիւն:    

– Այդ հիմնախնդիրների որոշ մասը կուտակուել է անցած տասնամեակների ընթաց­քում, իսկ որոշներն էլ առաջացել են համավարակի հետեւանքով, այդպիսով էլ աւելի բարդացնելով իրավիճակը:  Պէտք է նկատի ունենալ այն, որ ինչպէս տնտեսական, այն­պէս էլ միւս ոլորտներում համավարակների առա­ջաց­րած հետեւանքների մեղմման եւ յաղթա­հարման, միջազգային փոփոխութիւններին յարմարուելու, տնտեսական անկումները յաղթա­հարելու փորձուած միջոցներն են նոր գաղա­փարները, նոր լուծումներն ու նորարարութիւնները, ինչի համար կը պահանջուի հասա­րակութեան ջանքերի համախմբում, պետութեան եւ մաս­նավոր հատուածի արդիւնաւէտ գործընկերութիւն:

Ստեղծուած իրա­վիճակից տնտե­­սության դուրս­բե­րումը եւ յետագայ զարգացումը պայմանաւորուած կը լինի մշա­կոյթում, արժէհա­մա­կարգում, անհրա­ժեշտ փոփո­խու­թիւններ կատա­րելու, այլ խօսքով ասած, առաջընթացի համ­ընդ­հանուր արժէքներ ստեղ­ծելու երկրի կարո­ղութեամբ։  Արժէքներ, որոնք կը ձեւա­ւորեն ընկերային ու տնտեսական զարգացման համար պահանջուող փոփո­խութ­իւն­­ներին, նորարարութիւններին նպաստող ընկերա-հո­գեբանական եւ բարոյական միջա­վայրը:

Դժբախտաբար, համավարակի ընթացքում հասարակութեան դրսեւորած վար­քագիծը մտորումների տեղիք է տալիս: Նոյնիսկ համա­վա­րակը մեր հասարակութեան վրայ սթափեցնող ազդեցութիւն չունե­ցաւ: Ես վատատես չեմ, բայց իրերի դրութիւնն է դա վկայում։ Ար­տա­կարգ դրութեան ժամանա­կահատուածում մեր անկազ­մակերպ ու ան­կար­գապահ լինելը, անհանդուր­ժողականութիւնը, հասարակութեան անհա­մերաշ­խու­թ­իւնը: Փաստօրէն՝ մեր մշակութային մակարդակն այնպիսին է, որ օրէնքները չեն պահպանւում առանց պարտադրանքի: Նոյն իրավիճակը տնտեսութեան մէջ է. թւում էր, թէ տնտեսութեան ազատականացմամբ հնարաւոր կլինի ապահովել երկրի տնտեսական վերելքը: Այդ պատճառով էլ առաջնային է համարուել Ադամ Սմիթի շուկայի «անտեսանելի ձեռքը» եւ երկրորդական է դիտուել պետութեան դերը տնտե­սութեան մէջ, ինչի արդիւնքները տեսանելի են բոլորին. ապաարդյու­նա­բե­րա­կանա­ցում, հարյուր­հազա­րավոր հեկտարներով չմշակուող հողեր, արդէն անպի­տան դար­ձած գործարաններ, գործազրկութեան բարձր մակարդակի հետ միասին՝ աշխա­տուժի կառուցուածքի բա­ցա­սական փոխակերպումներ եւ այլն:

Ինչ վերաբերում է նրան, թէ այս պայմաններում ինչ ձեւաչափ է պահանջւում երկրի զարգացման հա­մար, ապա կարելի է վստահաբար ասել՝ պետական աշխոյժ կարգա­ւորման քաղաքականութեամբ շուկա­յա­կան ձեւաչափ: Որպէսզի նման գործի, անհրա­­ժեշտ է ձեւաւորել զարգացման պետութիւն: Զար­գաց­­ման պետութ­իւնը վար­չահրա­մայական կարգա­ւորման որոշ տարրերի ժամանակակից գործադրում է, շու­կայական ուժերի աւելի ազատ դրսեւո­րումների խթանում: Զարգացման պետութիւնը ոչ միայն երաշխաւորում է նորարար միջա­վայրի առկա­յութ­իւնը, այլեւ գոյացնում է արտադրական-արհեստագիտական շղթա­ներ, համակարգում է արդիւնաբերական աճը, ապահովում է գի­տութ­եան եւ ձեռնար­կութ­իւն­նե­րի միջեւ արդիւնաւէտ փոխգործակ­ցութ­իւնը:

– Տնտեսութեան համար ի՞նչ նոր հնարաւորութիւն են ստեղծուել համավարակի պայմաններում։

– Թէպէտ աշխարհատնտեսական կապերի որոշ փոփոխութիւններ սկիզբ էին առել մինչեւ այդ, այնուամենայնիւ, համավարակի ազդեցութեամբ խաթարուեցին առաքման համաշխարհային շղթաները (արժէքի ստեղծ­ման շղթաները), ինչը սկիզբ առնելով Չինաստանից, այնուհետեւ տարածուեց ամբողջ աշխարհում: Բնականաբար, դրա արձագանգը եղաւ այդ շղթաների աննախադէպ վերադասաւորումների մեկնարկը, ինչը որոշակի հնարաւորութիւններ է ներկայացնում ոչ միայն առանձին ընկերութ­իւնների, այլեւ երկրների համար: Բայց դրանք հնարաւորութիւններ են, որոնցից կարող են օգտուել համապատասխան արհեստավարժական եւ այլ կարգի կարողութ­իւններ ունեցող ընկերութիւնները: Օրինակ, դժուար է պատկերացնել, թէ հայկական ո՞ր ընկերութիւնը կարող է դառնալ «Apple» -ի մատակարար IPhone-ի մասով:

– Աշխարհը, իհարկէ, այլեւս առաջուանը չի լինի, եւ նոր աշխարհում յաջողելու համար պէտք է հասկանալ վաղուայ խնդիրներն ու այսօր գտնել դրանց լուծումները:

– Այնպէս չէ, որ աշխարհը միշտ եղել նոյնը եւ այս համավարակի ազդեցութեամբ էապէս փոխուելու է: Ըստ որոշ հեղինակաւոր հետազօտողների՝ 100 տարուայ ընթաց­քում, միջին հաշուով, հանդիպում է համավարակի 3 դէպք: Մարդկութիւնը միշտ էլ գտնում է ելքը դժուարին իրավիճակներից: Միաժամանակ, տնտեսութեան մէջ տեղի ունեցող փոփոխութիւնները պարբերաշրջանային են, ինչի վերաբերեալ տեսութ­իւններ են մշակուել: Դրանցից ամենաճանաչուածը Նիկոլայ Կոնդրատի ալիքներն են («բարձրացնող» եւ «ցածրացնող») կամ տնտեսական իրադրութեան մեծ ալիքները («Կ – ալիք»):

2008 թ. հրապարակուած «Գիտելիքահենք տնտեսութիւն. հնարա­վո­րութ­իւններ եւ մարտահրաւէրներ» իմ հեղինակած մենագրութեան «Փոփոխութիւնների երկար ալիքները» մասում նշել եմ, որ 2035-2040 թուականներին կ՛աւարտուի 5-րդ «Կ-ալիքը» եւ, ենթադրաբար, 2020-2025 թուականներին կը սկսուի ցածրացնող ալիքը եւ որ այդ փոփո­խութիւններին պատրաստ լինելը կարեւորւում է ոչ միայն կորուստներից խուսափելու, այլեւ հնարաւորութիւններից օգտուելու տեսանկիւնից: Ընդ որում, հիմնուելով Կոնդրատեւի տեսութեան վրայ, առաջարկել եմ «գիտելիքի կուտակման մեծ ալիքի» գաղափարը. այդ ալիքները 15-20 տարով նախորդում են «Կ – ալիքներին», այսինքն, որ­պէսզի արհեստագիտական նոր նորարարութիւններ լինեն, դրանց հիմքում պէտք է լինեն նոր գիտելիքներ, որոնք կուտակւում են այդ նորարարութիւններին նախորդող ժամանա­կահատուածում: Ի դէպ, 1990-ական թթ,-ների սկզբին մեկնարկած 5-րդ «Կ – ալիքի» ընձեռած հնարաւորութիւններից Հայաստանը, ինչպէս որ նախկին խորհրդային երկրները լիարժէք չօգտուեցին, քանի որ զբաղուած էին պետականաշինութեամբ, նոր տնտեսակարգին անցմամբ: Հայաստանի բեռն աւելի ծանր էր. երկրաշարժ, տեղական խնդիրներ, տնտեսական շրջափակում: Դրա արդիւնքում, 30 տարի անց, մեր տնտե­սութիւնն ընդա­մէնը 14 -15 մլրդ տոլար է կազմում…

Հետեւաբար, Ձեր նշած  «վաղուայ խնդիրները» պէտք է դիտարկել հենց այդ հատուածակողմով, մարդկային դրամագլուխը (capital) կուտակելու տեսանկիւնով: Այդ խնդիրները լու­ծողներին կամ «վաղուայ սերնդին», որը ներկայում անցման շրջանի փուլերում գտնուող պատանիներն ու երիտա­սարներն (12-24 տարեկան) են, պէտք է նախա­պատրաստել դրան, նրանց օժտել ինքնազարգացման յատկանիշներով, ինչն իրենց հնարա­վո­րություն կընձեռի կեանքի պարբերաշրջանի աւելի ուշ փուլերում շարունակել սովորել, զարգանալ ու ոչ միայն պատրաստ լինել փոփոխութիւններին, այլեւ լինել դրանց նախաձեռնողներ՝ ապահովելով հասարակութեան եւ տնտեսութեան դինա­միզմը:  

Ինչպեժէ՞ս է փոխուելու Հայաստանի տնտեսութիւնը, ըստ Ձեզ։  

-Հայաստանի տնտեսութեան ներկայիս կառուցուածքով հնարաւոր չէ աւելացուած մեծ արժէք ստեղծել: Մեր արտահանման ծաւալում աւելացուած արժէքի մասնա­բաժինը ցածր է, քանի որ գերակշռում է հանքարդիւնաբերական եւ գյուղատնտե­սական արտադրանքը: Հետեւաբար, տնտեսութիւնը պէտք է փոխուի առաջաւոր արհեստագիտական փոփոխութիւններին համընթաց: Միայն այդպէս հնարաւոր կլինի ունենալ մրցունակ, բնակչութեան համընդհանուր բարեկեցութիւնն ապահովող տնտեսութիւն: Բացի դրանից, տնտեսութեան կառուցուածքը պէտք է լիովի ապահովի երկրի տնտեսական եւ ռազմական անվտանգութիւնը: Ուղենիշը յետարդիւնա­բերա­կան, գիտելիքահենք տնտեսութիւնը պէտք է լինի:  

-Շնորհակալ եմ հետաքրքիր զրոյցի համար։

Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին