Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսության կառավարման փոփոխությունների, զարգացման նոր ուղղությունների, ստեղծված նոր իրավիճակում վերադասավորվելու և տնտեսական զարգացում գրանցելու հրամայականների շուրջ «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթը զրուցել է տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գագիկ Վարդանյանի հետ։
-ՀՀ տնտեսությունը սկսում է նորից աշխատել։ Համավարկից հետո կամ այս ընթացքում արդյոք ժամանակը չէ՞ հասկանալու, որ Հայաստանում կուտակված ներքին սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և գլոբալ փոփոխություններն առաջացրել են քաղաքականությունների ճշգրտուման, գուցեև՝ զարգացման այլ մոդելի ընտրության անհրաժեշտություն:
-Այդ հիմնախնդիրների որոշ մասը կուտակվել է անցած տասնամյակների ընթացքում, իսկ որոշներն էլ առաջացել են համավարակի հետևանքով, այդպիսով էլ ավելի բարդացնելով իրավիճակը: Պետք է նկատի ունենալ այն, որ ինչպես տնտեսական, այնպես էլ մյուս ոլորտներում համավարակների առաջացրած հետևանքների մեղմման և հաղթահարման, գլոբալ փոփոխություններին հարմարվելու, տնտեսական անկումները հաղթահարելու փորձված միջոցներն են նոր գաղափարները, նոր լուծումներն ու նորարարությունները, ինչի համար կպահանջվի հասարակության ջանքերի համախմբում, պետության և մասնավոր հատվածի արդյունավետ գործընկերություն:
Ստեղծված իրավիճակից տնտեսության դուրսբերումը և հետագա զարգացումը պայմանավորված կլինի մշակույթում, արժեհամակարգում, անհրաժեշտ փոփոխություններ կատարելու, այլ խոսքով ասած, առաջընթացի համընդհանուր արժեքներ ստեղծելու երկրի կարողությամբ։ Արժեքներ, որոնք կձևավորեն սոցիալական ու տնտեսական զարգացման համար պահանջվող փոփոխություններին, նորարարություններին նպաստող սոցիալ-
հոգեբանական և բարոյական միջավայրը:
Դժբախտաբար, համավարակի ընթացքում հասարակության դրսևորած վարքագիծը մտորումների տեղիք է տալիս: Նույնիսկ համավարակը մեր հասարակության վրա սթափեցնող ազդեցություն չունեցավ: Ես վատատես չեմ, բայց իրերի դրությունն է դա վկայում։ Արտակարգ դրության ժամանակահատվածում մեր անկազմակերպ ու անկարգապահ լինելը, անհանդուրժողականությունը, հասարակության անհամերշխությունը: Փաստորեն՝ մեր մշակութային մակարդակն այնպիսին է, որ օրենքները չեն պահպանվում առանց պարտադրանքի: Նույն իրավիճակը տնտեսության մեջ է. թվում էր, թե տնտեսության ազատականացմամբ հնարավոր կլինի ապահովել երկրի տնտեսական վերելքը: Այդ պատճառով էլ առաջնային է համարվել Ադամ Սմիթի շուկայի «անտեսանելի ձեռքը» և երկրորդական է դիտվել պետության դերը տնտեսության մեջ, ինչի արդյունքները տեսանելի են բոլորին. ապաարդյունաբերականացում, հարյուրհազարավոր հեկտարներով չմշակվող հողեր, արդեն անպիտան դարձած գործարաններ, գործազրկության բարձր մակարդակի հետ միասին՝ աշխատուժի կառուցվածքի բացասական փոխակերպումներ և այլն:
Ինչ վերաբերում է նրան, թե այս պայմաններում ինչ մոդել է պահանջվում երկրի զարգացման համար, ապա կարելի է վստահաբար ասել՝ պետական ակտիվ կարգավորման քաղաքականությամբ շուկայական մոդել: Որպեսզի նման մոդելը գործի, անհրաժեշտ է ձևավորել զարգացման պետություն: Զարգացման պետությունը վարչահրամայական կարգավորման որոշ տարրերի ժամանակակից գործադրում է, շուկայական ուժերի ավելի ազատ դրսևորումների խթանում: Զարգացման պետությունը ոչ միայն երաշխավորում է նորարար միջավայրի առկայությունը, այլև գոյացնում է արտադրական-տեխնոլոգիական շղթաներ, համակարգում է արդյունաբերական աճը, ապահովում է գիտության և ձեռնարկությունների միջև արդյունավետ փոխգործակցությունը:
-Տնտեսության համար ի՞նչ նոր հնարավորություն են ստեղծվել համավարակի պայմաններում։
-Թեպետ աշխարհատնտեսական կապերի որոշ փոփոխություններ սկիզբ էին առել մինչև այդ, այնուամենայնիվ, համավարակի ազդեցությամբ խաթարվեցին առաքման համաշխարհային շղթաները (արժեքի ստեղծման շղթաները), ինչը սկիզբ առնելով Չինաստանից, այնուհետև տարածվեց ամբողջ աշխարհում: Բնականաբար, դրա արձագանքը եղավ այդ շղթաների աննախադեպ վերադասավորումների մեկնարկը, ինչը որոշակի հնարավորություններ է ներկայացնում ոչ միայն առանձին ընկերությունների, այլև երկրների համար: Բայց դրանք հնարավորություննբեր են, որոնցից կարող են օգտվել համապատասխան տեխնոլոգիական և այլ կարգի կարողություններ ունեցող ընկերությունները: Օրինակ, դժվար է պատկերացնել, թե հայկական ո՞ր ընկերությունը կարող է դառնալ «Apple» -ի մատակարար IPhone-ի մասով:
-Աշխարհը, իհարկե, այլևս առաջվանը չի լինի, և նոր աշխարհում հաջողելու համար պետք է հասկանալ վաղվա խնդիրներն ու այսօր գտնել դրանց լուծումները:
-Այնպես չէ, որ աշխարհը միշտ եղել նույնը և այս համավարակի ազդեցությամբ էապես փոխվելու է: Ըստ որոշ հեղինակավոր հետազոտողների՝ 100 տարվա ընթացքում, միջին հաշվով, հանդիպում է համավարակի 3 դեպք: Մարդկությունը միշտ էլ գտնում է ելքը դժվարին իրավիճակներից: Միաժամանակ, տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունները պարբերաշրջանային են, ինչի վերաբերյալ տեսություններ են մշակվել: Դրանցից ամենաճանաչվածը Նիկոլայ Կոնդրատի ալիքներն են («բարձրացնող» և «ցածրացնող») կամ տնտեսական իրադրության մեծ ալիքները («Կ – ալիք»):
2008 թ. հրապարակված «Գիտելիքահենք տնտեսություն. հնարավորություններ և մարտահրավերներ» իմ հեղինակած մենագրության «Փոփոխությունների երկար ալիքները» մասում նշել եմ, որ 2035-2040 թվականներին կավարտվի 5-րդ «Կ-ալիքը» և, ենթադրաբար, 2020-2025 թվականներին կսկսվի ցածրացնող ալիքը և որ այդ փոփոխություններին պատրաստ լինելը կարևորվում է ոչ միայն կորուստներից խուսափելու, այլև հնարավորություններից օգտվելու տեսանկյունից: Ընդ որում, հիմնվելով Կոնդրատևի տեսության վրա, առաջարկել եմ «գիտելիքի կուտակման մեծ ալիքի» գաղափարը. այդ ալիքները 15-20 տարով նախորդում են «Կ – ալիքներին», այսինքն, որպեսզի տեխնոլոգիական նոր ինովացիաներ լինեն, դրանց հիմքում պետք է լինեն նոր գիտելիքներ, որոնք կուտակվում են այդ ինովացիաներին նախորդող ժամանակահատվածում: Ի դեպ, 1990-ական թթ,-ների սկզբին մեկնարկած 5-րդ «Կ – ալիքի» ընձեռած հնարավորություններից Հայաստանը, ինչպես որ նախկին խորհրդային երկրները լիարժեք չօգտվեցին, քանի որ զբաղված էին պետականաշինությամբ, նոր տնտեսակարգին անցմամբ: Հայաստանի բեռն ավելի ծանր էր. երկրաշարժ, լոկալ կոնֆլիկտ, տնտեսական շրջափակում: Դրա արդյունքում, 30 տարի անց, մեր տնտեսությունն ընդամենը 14 -15 մլրդ դոլար է կազմում…
Հետևաբար, Ձեր նշած «վաղվա խնդիրները» պետք է դիտարկել հենց այդ հատվածակողմով, մարդկային դրամագլուխը (capital) կուտակելու տեսանկյունով: Այդ խնդիրները լուծողներին կամ «վաղվա սերնդին», որը ներկայում անցման շրջանի փուլերում գտնվող պատանիներն ու երիտասարներն (12-24 տարեկան) են, պետք է նախապատրաստել դրան, նրանց օժտել ինքնազարգացման հատկանիշներով, ինչն իրենց հնարավորություն կընձեռի կյանքի պարբերաշրջանի ավելի ուշ փուլերում շարունակել սովորել, զարգանալ ու ոչ միայն պատրաստ լինել փոփոխություններին, այլև լինել դրանց նախաձեռնողներ՝ ապահովելով հասարակության և տնտեսության դինամիզմը:
–Ինչպե՞ս է փոխվելու Հայաստանի տնտեսությունը, ըստ Ձեզ։
-Հայաստանի տնտեսության ներկայիս կառուցվածքով հնարավոր չէ ավելացված մեծ արժեք ստեղծել: Մեր արտահանման ծավալում ավելացված արժեքի մասնաբաժինը ցածր է, քանի որ գերակշռում է հանքարդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքը: Հետևաբար, տնտեսությունը պետք է փոխվի առաջավոր տեխնոլոգիական փոփոխություններին համընթաց: Միայն այդպես հնարավոր կլինի ունենալ մրցունակ, բնակչության համընդհանուր բարեկեցությունն ապահովող տնտեսություն: Բացի դրանից, տնտեսության կառուցվածքը պետք է լիովի ապահովի երկրի տնտեսական և ռազմական անվտանգությունը: Ուղենիշը հետարդյունաբերական, գիտելիքահենք տնտեսությունը պետք է լինի:
-Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից