Կորոնավիրուսային համավարակով պայմանաւորուած տնտեսութեան կառավարման փոփոխութիւնների, զարգացման նոր ուղղութիւնների, ստեղծուած նոր իրավիճակում վերադասաւորելու եւ տնտեսական զարգացում գրանցելու հրամայականների շուրջ «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթը զրուցել է տնտեսագէտ, տնտեսական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր, Գագիկ Վարդանեանի հետ։
– ՀՀ տնտեսութիւնը սկսում է նորից աշխատել։ Համավարկից յետոյ կամ այս ընթացքում արդեօք ժամանակը չէ՞ հասկանալու, որ Հայաստանում կուտակուած ներքին ընկերա–տնտեսական հիմնախնդիրները եւ համաշխարհային փոփոխութիւններն առաջացրել են քաղաքականութիւնների ճշդումի, գուցէ եւ՝ զարգացման այլ ձեւաչափի ընտրութեան անհրաժեշտութիւն:
– Այդ հիմնախնդիրների որոշ մասը կուտակուել է անցած տասնամեակների ընթացքում, իսկ որոշներն էլ առաջացել են համավարակի հետեւանքով, այդպիսով էլ աւելի բարդացնելով իրավիճակը: Պէտք է նկատի ունենալ այն, որ ինչպէս տնտեսական, այնպէս էլ միւս ոլորտներում համավարակների առաջացրած հետեւանքների մեղմման եւ յաղթահարման, միջազգային փոփոխութիւններին յարմարուելու, տնտեսական անկումները յաղթահարելու փորձուած միջոցներն են նոր գաղափարները, նոր լուծումներն ու նորարարութիւնները, ինչի համար կը պահանջուի հասարակութեան ջանքերի համախմբում, պետութեան եւ մասնավոր հատուածի արդիւնաւէտ գործընկերութիւն:
Ստեղծուած իրավիճակից տնտեսության դուրսբերումը եւ յետագայ զարգացումը պայմանաւորուած կը լինի մշակոյթում, արժէհամակարգում, անհրաժեշտ փոփոխութիւններ կատարելու, այլ խօսքով ասած, առաջընթացի համընդհանուր արժէքներ ստեղծելու երկրի կարողութեամբ։ Արժէքներ, որոնք կը ձեւաւորեն ընկերային ու տնտեսական զարգացման համար պահանջուող փոփոխութիւններին, նորարարութիւններին նպաստող ընկերա-հոգեբանական եւ բարոյական միջավայրը:
Դժբախտաբար, համավարակի ընթացքում հասարակութեան դրսեւորած վարքագիծը մտորումների տեղիք է տալիս: Նոյնիսկ համավարակը մեր հասարակութեան վրայ սթափեցնող ազդեցութիւն չունեցաւ: Ես վատատես չեմ, բայց իրերի դրութիւնն է դա վկայում։ Արտակարգ դրութեան ժամանակահատուածում մեր անկազմակերպ ու անկարգապահ լինելը, անհանդուրժողականութիւնը, հասարակութեան անհամերաշխութիւնը: Փաստօրէն՝ մեր մշակութային մակարդակն այնպիսին է, որ օրէնքները չեն պահպանւում առանց պարտադրանքի: Նոյն իրավիճակը տնտեսութեան մէջ է. թւում էր, թէ տնտեսութեան ազատականացմամբ հնարաւոր կլինի ապահովել երկրի տնտեսական վերելքը: Այդ պատճառով էլ առաջնային է համարուել Ադամ Սմիթի շուկայի «անտեսանելի ձեռքը» եւ երկրորդական է դիտուել պետութեան դերը տնտեսութեան մէջ, ինչի արդիւնքները տեսանելի են բոլորին. ապաարդյունաբերականացում, հարյուրհազարավոր հեկտարներով չմշակուող հողեր, արդէն անպիտան դարձած գործարաններ, գործազրկութեան բարձր մակարդակի հետ միասին՝ աշխատուժի կառուցուածքի բացասական փոխակերպումներ եւ այլն:
Ինչ վերաբերում է նրան, թէ այս պայմաններում ինչ ձեւաչափ է պահանջւում երկրի զարգացման համար, ապա կարելի է վստահաբար ասել՝ պետական աշխոյժ կարգաւորման քաղաքականութեամբ շուկայական ձեւաչափ: Որպէսզի նման գործի, անհրաժեշտ է ձեւաւորել զարգացման պետութիւն: Զարգացման պետութիւնը վարչահրամայական կարգաւորման որոշ տարրերի ժամանակակից գործադրում է, շուկայական ուժերի աւելի ազատ դրսեւորումների խթանում: Զարգացման պետութիւնը ոչ միայն երաշխաւորում է նորարար միջավայրի առկայութիւնը, այլեւ գոյացնում է արտադրական-արհեստագիտական շղթաներ, համակարգում է արդիւնաբերական աճը, ապահովում է գիտութեան եւ ձեռնարկութիւնների միջեւ արդիւնաւէտ փոխգործակցութիւնը:
– Տնտեսութեան համար ի՞նչ նոր հնարաւորութիւն են ստեղծուել համավարակի պայմաններում։
– Թէպէտ աշխարհատնտեսական կապերի որոշ փոփոխութիւններ սկիզբ էին առել մինչեւ այդ, այնուամենայնիւ, համավարակի ազդեցութեամբ խաթարուեցին առաքման համաշխարհային շղթաները (արժէքի ստեղծման շղթաները), ինչը սկիզբ առնելով Չինաստանից, այնուհետեւ տարածուեց ամբողջ աշխարհում: Բնականաբար, դրա արձագանգը եղաւ այդ շղթաների աննախադէպ վերադասաւորումների մեկնարկը, ինչը որոշակի հնարաւորութիւններ է ներկայացնում ոչ միայն առանձին ընկերութիւնների, այլեւ երկրների համար: Բայց դրանք հնարաւորութիւններ են, որոնցից կարող են օգտուել համապատասխան արհեստավարժական եւ այլ կարգի կարողութիւններ ունեցող ընկերութիւնները: Օրինակ, դժուար է պատկերացնել, թէ հայկական ո՞ր ընկերութիւնը կարող է դառնալ «Apple» -ի մատակարար IPhone-ի մասով:
– Աշխարհը, իհարկէ, այլեւս առաջուանը չի լինի, եւ նոր աշխարհում յաջողելու համար պէտք է հասկանալ վաղուայ խնդիրներն ու այսօր գտնել դրանց լուծումները:
– Այնպէս չէ, որ աշխարհը միշտ եղել նոյնը եւ այս համավարակի ազդեցութեամբ էապէս փոխուելու է: Ըստ որոշ հեղինակաւոր հետազօտողների՝ 100 տարուայ ընթացքում, միջին հաշուով, հանդիպում է համավարակի 3 դէպք: Մարդկութիւնը միշտ էլ գտնում է ելքը դժուարին իրավիճակներից: Միաժամանակ, տնտեսութեան մէջ տեղի ունեցող փոփոխութիւնները պարբերաշրջանային են, ինչի վերաբերեալ տեսութիւններ են մշակուել: Դրանցից ամենաճանաչուածը Նիկոլայ Կոնդրատի ալիքներն են («բարձրացնող» եւ «ցածրացնող») կամ տնտեսական իրադրութեան մեծ ալիքները («Կ – ալիք»):
2008 թ. հրապարակուած «Գիտելիքահենք տնտեսութիւն. հնարավորութիւններ եւ մարտահրաւէրներ» իմ հեղինակած մենագրութեան «Փոփոխութիւնների երկար ալիքները» մասում նշել եմ, որ 2035-2040 թուականներին կ՛աւարտուի 5-րդ «Կ-ալիքը» եւ, ենթադրաբար, 2020-2025 թուականներին կը սկսուի ցածրացնող ալիքը եւ որ այդ փոփոխութիւններին պատրաստ լինելը կարեւորւում է ոչ միայն կորուստներից խուսափելու, այլեւ հնարաւորութիւններից օգտուելու տեսանկիւնից: Ընդ որում, հիմնուելով Կոնդրատեւի տեսութեան վրայ, առաջարկել եմ «գիտելիքի կուտակման մեծ ալիքի» գաղափարը. այդ ալիքները 15-20 տարով նախորդում են «Կ – ալիքներին», այսինքն, որպէսզի արհեստագիտական նոր նորարարութիւններ լինեն, դրանց հիմքում պէտք է լինեն նոր գիտելիքներ, որոնք կուտակւում են այդ նորարարութիւններին նախորդող ժամանակահատուածում: Ի դէպ, 1990-ական թթ,-ների սկզբին մեկնարկած 5-րդ «Կ – ալիքի» ընձեռած հնարաւորութիւններից Հայաստանը, ինչպէս որ նախկին խորհրդային երկրները լիարժէք չօգտուեցին, քանի որ զբաղուած էին պետականաշինութեամբ, նոր տնտեսակարգին անցմամբ: Հայաստանի բեռն աւելի ծանր էր. երկրաշարժ, տեղական խնդիրներ, տնտեսական շրջափակում: Դրա արդիւնքում, 30 տարի անց, մեր տնտեսութիւնն ընդամէնը 14 -15 մլրդ տոլար է կազմում…
Հետեւաբար, Ձեր նշած «վաղուայ խնդիրները» պէտք է դիտարկել հենց այդ հատուածակողմով, մարդկային դրամագլուխը (capital) կուտակելու տեսանկիւնով: Այդ խնդիրները լուծողներին կամ «վաղուայ սերնդին», որը ներկայում անցման շրջանի փուլերում գտնուող պատանիներն ու երիտասարներն (12-24 տարեկան) են, պէտք է նախապատրաստել դրան, նրանց օժտել ինքնազարգացման յատկանիշներով, ինչն իրենց հնարավորություն կընձեռի կեանքի պարբերաշրջանի աւելի ուշ փուլերում շարունակել սովորել, զարգանալ ու ոչ միայն պատրաստ լինել փոփոխութիւններին, այլեւ լինել դրանց նախաձեռնողներ՝ ապահովելով հասարակութեան եւ տնտեսութեան դինամիզմը:
–Ինչպեժէ՞ս է փոխուելու Հայաստանի տնտեսութիւնը, ըստ Ձեզ։
-Հայաստանի տնտեսութեան ներկայիս կառուցուածքով հնարաւոր չէ աւելացուած մեծ արժէք ստեղծել: Մեր արտահանման ծաւալում աւելացուած արժէքի մասնաբաժինը ցածր է, քանի որ գերակշռում է հանքարդիւնաբերական եւ գյուղատնտեսական արտադրանքը: Հետեւաբար, տնտեսութիւնը պէտք է փոխուի առաջաւոր արհեստագիտական փոփոխութիւններին համընթաց: Միայն այդպէս հնարաւոր կլինի ունենալ մրցունակ, բնակչութեան համընդհանուր բարեկեցութիւնն ապահովող տնտեսութիւն: Բացի դրանից, տնտեսութեան կառուցուածքը պէտք է լիովի ապահովի երկրի տնտեսական եւ ռազմական անվտանգութիւնը: Ուղենիշը յետարդիւնաբերական, գիտելիքահենք տնտեսութիւնը պէտք է լինի:
-Շնորհակալ եմ հետաքրքիր զրոյցի համար։
Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից