«Զանգեր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք,
Այս արդար պատից։
Սերունդներ դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից․․․«։
Պարոյր Սեւակ
1918 թուականի Մայիսի 22-28-ին՝ Սարդարապատի հերոսամարտի օրերին, եօթ գիշեր ու ցերեկ անընդհատ ղօղանջում էին Արարատեան դաշտի եւ շրջակայ վայրերի հայկական եկեղեցիների զանգերը՝ ազդարարելով, որ հայ ժողովուրդը կենաց եւ մահու կռիւ է տալիս։
Դա ամենատեւական զանգահարութիւնն է Հայկական լեռնաշխարհում վաղընջական ժամանակներից մինչեւ մեր օրերը։
* * *
Յոյս ունենաք, հիմա եւ ապագայում, Հայկական լեռնաշխարհում այլեւս չզանգահարեն հայոց եկեղեցիների զանգերը, որպէս ազդարարութիւն գոյամարտի։
Հայ նոր սերունդների համար պիտի անխափան լինի գոյութեան երթը, հայօրէն, բոլորի հաւասար իրաւունքով պիտի ապահովուած լինի զարգանալու բազմակողմանի հնարաւորութիւնները՝ հիմքում ազգայինը ամուր նստած։
Թող Մայիս ամիսը լինի հայոց ուխտի յիշեցման եւ վերանորոգման օր, եւ դուռ բացի հայրենիքում ազգայինի վերադարձին՝ ինչպէս դա մի նոր սկիզբ առաւ 1918-ի Մայիսով ու շարունակուեց երկար ժամանակ։
Այդ օր, այսօր եւ միշտ պիտի ուխտենք միասին եւ ցանկանանք որ հայրենիքում՝
– Մերօրեայ «Հոգու սովին» ու ապազգայինին փոխարինի հայկականը, հայեցին եւ հայ հոգին։
– Հայոց հողը նորից հաց տայ բոլորին։ «Մէկով ցանք անես, հազարով բառնաս»։ Ու․․․ «Մի վայրկեանի պէս օրով կանաչես․․․»։
– «Հող բռնես ձեռքիդ, ու դառնայ ոսկի․․․»։
– «Բանուորներիդ քրտինքը երգի»։ «Քրտինքդ հողին օրհնութիւն դառնայ», եւ «արտերդ ծովացած հասկերը երգեն»։
– «Բռունցքդ չարին լինի պատուհաս»․․․ «Հողը ոսոխիդ դառնայ գերեզման»։
– Ամենուր նորից լսուի մանկան ճիչ։
– «Մրրիկների դէմ ճարճատող քնարդ դառնայ հնչուն լար»․․․ Սիրոյ, յոյսի եւ հաւատքի լար։
– Հայ տներում նորից թեւածի հայկական մաքուր երգը, եւ սերունդները դէպի ապագայ գնան հայոց բառը, գիրն ու երգը իրենց շուրթերին։
– «Չլինի անէծք»։ Լինի օրհնանք եւ․․․ «Միայն օրհնութիւն, միայն օրհնութիւն, միայն օրհնութիւն․․․»։
– Հոգիներում գոյանան «սիրոյ ջրվէժներ»․․․
– «Սառոյցը ճաքի», եւ «սառոյցի տակից ձնծաղիկ բացուի արեւին»։
– «Սիրտդ աշխարհին որպէս վարդ բանաս»։
– «Նայուածքիդ հուրով չարիքը վանես»։
– «Ձմեռների դէմ միշտ դալար մնաս»։
– «Դարերի դիմաց միշտ կանգուն մնաս»։
– «Հոգիդ ճանաչես»։ Հոգիդ ճանաչես, հոգիդ ճանաչես․․․
– «Հոգուդ ժպիտով մեր վիշտը ջնջես», եւ «պանդուխտներիդ հայրենիք կանչես․․․»։
Հէյ ջան, հայրենիք։
ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ