Երկուշաբթի, 02. 06. 2025

spot_img

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 52 – Կորոնավիրուսից Ամենաշատ Տուժած Ոլորտը Զբօսաշրջութիւնն Է. Պէտք Է Փրկել Ոլորտը

Կորոնավիրուսային համավարակն ամբողջ աշխարհում կաթուածահար է արել զբօսաշրջութեան ոլորտը։ Կարելի է ասել, ցանկացած երկրում տնտեսութեան հարկադիր կանգի հետեւանքով, սահմանների փակման հետեւանքով տուժել է հենց զբօսաշրջութեան ոլորտը։ Հետեւաբար, կառավարութիւնների կողմից հնարաւոր բոլոր քայլերը պէտք  է կատարուեն ոլորտը փրկելու ուղղութեամբ։ Հայաստանում վերջին տարիներին ոլորտը կարծես բաւական դրական զարգանում էր։ Հայաստանը դառնում էր գրաւիչ երկիր արտասահմանցի զբօսաշրջիկների համար։ ՀՀ-ում Արտակարգ դրութեան պայմաններում, երբ փակ են երկրի արտաքին ու ներքին սահմանները, զբօսաշրջութիւն անդառնալի հարուածներ է ստանում։ «Զարթօնք» օրաթերթը զրուցել է «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսեանի հետ։

– Պարոն Ապրեսեան, կը ներկայացնէ՞ք, թէ ինչ խնդիրների առաջ է կանգնել զբօսաշրջութեան ոլորտը կորոնավիրուսային համավարակի պայմաններում։

– Ակնյայտ է, որ կորոնավիրուսից առաւելապէս տուժել է զբօսաշրջութեան ոլորտը։ Ըստ էութեան, ոլորտը կանգնած է։ Ոլորտի տնտեսվարողները զրկուել են եկամտի աղբիւրներից։ Ունեն հարկային ու վարկային պարտաւորութիւններ, որոնք անգամ այս ընթացքում կատարել են։ Տնտեսվարողներն ունեն պիզնեսը, աշխատատեղերը պահելու խնդիր, հրամայական։

– Կառավարութեան կողմից մշակուած ու հաստատուած աջակցութեան ծրագրերն ինչքանո՞վ են օգտակար ոլորտին։

– Այդ միջոցառումների հասցէականութեան ապահովման հետ կապուած մեր ֆեդերացիան առաջարկներ ներկայացրել էր Կառավարութեանը։ Երկու առաջարկն ընդունուել է, բայց կան էլի հարցեր, որոնք պէտք է քննարկուեն։ Ես յոյս ունեմ, որ մենք գիտակցում ենք, որ առաջին հերթին զբօսաշրջութիւնն է  վնասը կրել ու ոլորտային առանձնայատկութիւններ կան, որոնց պէտք է առանձնայատուկ մօտեցում ցուցաբերել: Օրինակ, առողջարաններ իրենց դասակարգչով չեն ընդունւում որպէս աջակցութեան միջոցառումների շահառու։ Մինչդեռ, դրանք զբօսաշրջային ծառայութիւններ մատուցում են։ Առողջարանում մատուցւում են յատուկ կարգի հիւրանոցային ծառայութիւններ։ Կան շատ մշակութային կենտրոններ, որոնք մատուցում են զբօսաշրջային ծառայութիւններ, զբօսաշրջիկներին ներկայացնում են հայկական մշակոյթը, միջոցառումներ են կազմակերպում, բայց դասակարգչով չեն մտնում այդ ծրագրերի մէջ։ Բացի դրանից ունենք խնդիրներ արտօնեալ վարկերի տրամադրման հետ կապուած։ Դա Կառավարութեան աջակցման 3-րդ ծրագիրն է։ Այդ արտօնեալ վարկերը տրամադրւում են աշխատավարձեր, հոսանքի, ջուրի, կազի սպառումի գումարներ վճարելու, այլ ծախսեր կատարելու նպատակով։ Այստեղ խնդիրը հետեւեալն է։ Ոլորտի առանձնայատկութիւններից ելնելով, չպէտք է տարեկան շրջանառութիւնը չափանիշ սահմանել։ Կառավարութեան աջակցութեան ծրագրի շահառու կարող է դառնալ տարուայ ընթացքում 24-500 մլն դրամ շրջանառութիւն ունեցող տնտեսվարողները։ Բայց մինչեւ 24 մլն եւ 500 մլն-ից աւել շրջանառութիւն ունեցող շատ ընկերութիւններ կան, որոնք կարեւոր ու ողնաշարային նշանակութիւն ունեն։ Այդ ընկերութիւններն էլ ուզում են պահպանել աշխատատեղերը։ Նրանք դուրս են մնում աջակցութեան այս ծրագրերից։ Դրա համար մեր առաջարկն է զբօսաշրջային ոլորտի համար չկիրառել տարեկան շրջանառութիւնը որպէս չափանիշ։ Բացի դրանից, ոլորտում շատերը զբօսաշրջային օպերատորներ են։ Ներդրումներ են կատարել։ Նոր զբօսաշրջային փաթեթներ են ձեւաւորել ու համաշխարհային շուկայում Հայաստանի զբօսաշրջային արդիւնքը ներկայացրել, խթանել դրա զարգացումը։ Նրանցից շատերը այդ ներդրումները կատարել են վարկային միջոցներ ներգրաւելով։ Այսօր չունեն եկամուտներ ու ի վիճակի չեն կատարել վարկային պարտաւորութիւնը։ Շատ զբօսաշրջային փոխադրամիջոցներու ընկերութիւններ կան, որոնք վարկային միջոցներ են ներգրաւել, ներդրում են կատարել, թարմացրել են փոխադրամիջոցները՝ բարձրակարգ հանրակառքեր են ձեռք բերել։ Նրանք էլ այսօր չունեն եկամուտներ, բայց ունեն վարկային պարտաւորութիւններ, որոնք չեն կարողանում կատարել։ Հիւրանոցային ոլորտի շատ տնտեսվարողներ, զբօսաշրջային հիւրատներ վարկային միջոցներով իրենց ենթակառուցուածքները թարմացրել են, բարելաւել են ծառայութիւնների որակը։ Այսօր չունեն եկամուտ, չեն կարողանում կատարել վարկային պարտաւորութիւնները։ Իսկ վարկ վերցնելիս բանկն իրենց հաճոյքով է տուել գումարը, քանի որ այդ ընկերութիւնները եղել են վարկունակ, իսկ զբօսաշրջային ոլորտը եղել է ծաղկուն ոլորտ։ Ոչ բանկը, ոչ տնտեսվարողը չէր պատկերացնում, որ կարող է նման իրավիճակ ստեղծուել։ Կառավարութիւնը պէտք է Կենտրոնական բանկի հետ միասին յորդորի պանքերին, որ ողջամիտ ժամկէտով իրական վարկային արձակուրդներ տալ։

– Դուք խօսեցիք ոլորտում աշխատատեղերի պահպանման հրամայականի մասին։ Ինչպէ՞ս է լուծուելու այս խնդիրը։

– Այս միջոցառումները կը լինեն համալիր ու միմեանց փոխլրացնող, եթէ զբօսաշրջութեան ոլորտի բոլոր տնտեսվարողների, ովքեր այս իրավիճակից յետոյ կը պահպանեն աշխատատեղերը, աշխատողների 1/3-ի չափով փոխհատուցում լինի։ Այսինքն՝ մնացածը տնտեսվարողը վարկային միջոցներ ներգրաւելով կը կարողանայ վճարել։ Սա կը լինի իրար փոխլրացնող ու արդիւնաւէտ միջոց աշխատատեղերի պահպանման համար։ Հաշուարկներ եթէ անենք, կը տեսնենք, որ այսպէս պետութեանն աւելի ձեռնտու է, քան աշխատատեղերի կրճատումը։ Եթէ պահպանենք աշխատատեղերը, դրանից եկամտային հարկ կը վճարուի, նպաստներ վճարելու կարիք չի լինի։ Ու ամենակարեւորը՝ մենք կը փրկենք ոլորտը փլուզումից։

– Ինչքա՞ն ժամանակ է հարկավոր լինելու ոլորտը քիչ թէ շատ վերականգնելու համար։

– Որոշ երկրներ, կարծես թէ, սկսել են քայլեր անել զբօսաշրջութեան համար, սահմանները բացելու ուղղութեամբ։ Հաշուարկելով մեր բոլոր հնարաւորութիւնները, պահպանելով անվտանգութեան բոլոր կանոնները, եթէ մենք նոյնպէս գնանք այդ քայլին, հնարաւոր կը լինի ոլորտը վերականգնել։ Սակայն, մէկ այլ խնդիր կայ՝ ուղեւորափոխադրումների վերականգնման։ Հայաստանի համար հիմնականում օդային ճանապարհը պէտք է վերականգնել։ Այսքանը եթէ անենք, ամռանը կամ աշնան սկիզբ կամաց-կամաց կը սկսի միջազգային զբօսաշրջութիւնը վերականգնուել։ Իսկ մինչ այդ կարծում եմ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ներքին զբօսաշրջութեան վերականգնման ուղղութեամբ։ Ոչ թէ միջազգային զբօսաշրջութիւնը փոխարինենք ներքինով, այլ ներքինը պէտք է լինի առաջին քայլերը եւ նպաստի միջազգային զբօսաշրջութեան վերականգնմանը։

– Շնորհակալ եմ հարցազրոյցի համար:

 

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին