Հայաստանում մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3 նոր դեպք. ընդհանուր առմամբ մահացել է 70 մարդ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Մահացած պացիենտները եղել են 64, 65 և 90 տարեկան տղամարդիկ և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքից տեղեկանում ենք, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45 822 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք և 162 առողջացած։
Արձանագրվել է նաև մահվան 27 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:






