Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

«Ֆիզիքական Անվտանգութեան Առումով Լիբանանից Դէպի Հայաստան Հոսքը Մօտ Ապագայում Անխուսափելի Կարող Է Լինել». Սեւակ Յակոբեան

Սոյն տողերով մեր ընթերցողներուն տրամադրութեան տակ կը դնենք Հայաստանի «Առաջին լրատուական»-ի  զրոյցը ընկ. Սեւակ Յակոբեանի հետ, ուր ան ի միջի այլոց նաեւ ներկայացուցած է Լիբանանի ներկայ իրավիճակը, օրէ օր խորացող տնտեսական խնդիրները եւ լիբանանահայութեան դիմակալած մարտահրաւէրները։

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանաւորուած՝ երկրներում տնտեսական իրավիճակը վատթարացել է։

Հայաստանեան փորձագէտները կանխատեսում են, որ քարանթինային շրջանի անցումից յետոյ հնարաւոր է դէպի Հայաստան մեծ ներգաղթ։ Յատկապէս Մերձաւոր Արեւելքի հայկական գաղութներից՝ Սիրիա, Լիբանան։ Թեմայի շուրջ «Առաջին լրատուական»-ը զրուցել է Լիբանանի հայկական «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանի հետ, որը նաեւ ներկայացրեց Լիբանանում առկայ գործընթացները, տնտեսական օրեցօր խորացող խնդիրները եւ հայ համայնքի վիճակը։

-Պարոն Յակոբեան, հայաստանեան մի շարք փորձագէտների կարծիքով՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանաւորուած՝     Մերձաւոր Արեւելքից դէպի Հայաստան մարդկանց հոսքը աւելանալու է: Ի՞նչ կ՛ասէք այս մասին։ Լիբանանում կորոնավիրուսային իրավիճակն անհանգստացնո՞ղ է։

– Յարգելով հանդերձ այդ փորձագէտների կարծիքները՝ կարող եմ ասել, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի անկառավարելի վիճակը կարող է հանգեցնել դէպի Հայաստան ներհոսքի դանդաղելուն։ Ես կ՛ասէի՝ հակառակն է տեղի ունենում։ Հայաստանի մէջ ապրող Մերձաւոր Արեւելեան երկիրների  քաղաքացիութիւն ունեցողները պէտք է փորձեն այս ընթացքում վերադառնալ իրենց՝ համեմատաբար աւելի «ապահով» ծննդավայրերը, քանի որ, օրինակ, Լիբանանում կորոնավիրուսային իրավիճակն աւելի կառավարելի է, քան Հայաստանում։ Վերջերս Երեւանից Պէյրութ յատուկ չուերթը դրա վկայութիւնն է։ Նոյն թռիչքով Պէյրութից Երեւան մեկնողները մի քանի նստարան էին զբաղեցրել, իսկ հակառակ ուղղութեան չուերթը լեփ-լեցուն էր։ Բացատրեմ։ Նախորդ օրուայ դրութեամբ Լիբանանում իւրաքանչիւր մէկ միլիոն բնակչի դիմաց կար 136 վարակակիր, մինչդեռ Հայաստանում այդ թիւը 1628 էր։ Կորոնավիրուսի մահուան դէպքերը Լիբանանում իւրաքանչիւր մէկ միլիոն բնակչի դիմաց կազմում է 4 հոգի, իսկ Հայաստանում՝ 21։ Շուրջ 6 միլիոն բնակչութիւն ունեցող Լիբանանում վերջին օրերին գրանցուել է վարակման միջին հաշուով 8 դէպք, իսկ 3 մլն բնակչութիւն ունեցող Հայաստանում նախորդ օր վարակուողների թիւը արդէն հասաւ 351-ի։ Պէտք է նաեւ նշեմ, որ կատարուած թեստերի քանակը երկու երկրներում էլ գրեթէ նոյնն Է։

Միւս երկրներում՝ Սիրիա, Յորդանան, Իրաք մինչեւ Եգիպտոս, բացի Իրանից, պատկերը, Հայաստանի հետ համեմատած, դարձեալ մօտաւորապէս նոյնն է։ Հիմա դուք ասէք, նման պատկերը որքանո՞վ կը քաջալերի դէպի Հայաստան հոսքը՝ թէ՛ զբօսաշրջութեան, թէ՛ մշտական բնակութիւն հաստատելու առումով։

-Կոնկրետ Լիբանանի եւ Սիրիայի մասով ի՞նչ պատկեր ունենք: Մեր հայրենակիցները մտադրութիւն ունե՞ն Հայաստան տեղափոխուել կամ ընդմիշտ Հայաստանում ապրել։ Լիբանանի տնտեսական ճգնաժամն ինչպէ՞ս է ազդել ու ազդում հայ համայնքի վրայ։

 

-Լիբանանի եւ Սիրիայի պարագայում մեր հայրենակիցների՝ դէպի Հայաստան հոսքի պատկերը, իր դրդապատճառներով եւ իրավիճակով պայմանաւորուած, փոքր-ինչ իրարից տարբեր է։

Աւելի քան տասը տարի առաջ Սիրիայում սկիզբ առած արհաւիրքը այնտեղ ապրող հայ գաղութը հիմնովին ցնցեց:

Նրանք, ֆիզիքական ապահովութեան լուրջ մարտահրաւէրների դիմաց գտնուելով, թողեցին իրենց ծննդավայրը (Սիրիան) եւ սկսեցին գաղթել դէպի արեւմտեան երկիրներ, որոնցից շատերի համար Հայաստանը դժբախտաբար եղաւ միջանկեալ հանգրուան։

Որոշ պահից յետոյ սիրիահայ մեր հայրենակիցները համարկումի, hամոզման, տնտեսական եւ այլ խնդիրներով ձգեցին Հայաստանը՝ մեկնելով ու հաստատուելով արեւմտեան երկիրներում, որոնք այս ընթացքում աւելի դիւրին պայմաններ էին ստեղծել։

Հայաստանում մնացին մի քանի հազար սիրիահայեր, որոնք կա՛մ դուրս գնալու հնարաւորութիւն չունեն, կա՛մ հայրենասիրական մղումներով ընտրեցին Հայաստանում մշտական բնակութիւնը։ Տնտեսական, ֆինանսական, շրջապատի, մշակութային տարբերութիւնների մասով որոշակի քայլեր ձեռնարկուեցին թէ պետական մակարդակով, թէ սիրիահայերի աջակցման նախաձեռնութիւններով, որոնք հարթեցին ստեղծուած դժուարութիւնները։

Լիբանանահայերի պարագան ուրիշ է։ Լիբանանահայերից Հայաստան հաստատուող նշանակալի մասը Հայաստան մեկնեց ոչ որպէս փախստական։ Նրանք տարիներ առաջ անձնական համոզմունքներով, Սփիւռքի նախարարութեան քաջալերումով կամ այլ տուեալներով հայրենադարձուեցին։ Նրանց մէջ կային մարդիկ, որոնք, Լիբանանի վերջին տարիների տնտեսական եւ քաղաքական անկայուն պայմաններին չվստահելով, նպատակայարմար գտան իրենց ընտանիքները տեղափոխել Հայաստան։ Ոմանց համար սա տնտեսապէս եւս ձեռնտու էր, որովհետեւ Լիբանանում իրենց ունեցած բնակարանը կամ խանութը, օրինակի համար, վարձով տալով՝ դրա եկամուտին վստահեցին՝ Հայաստանում համեմատաբար աւելի բարեկեցիկ կեանք ունենալու համար։ Այս բոլորը մինչեւ 2019 թուականի հոկտեմբերի 17-ն էր, երբ սկսուեցին քաղաքացիական ընդվզումները։ Դրանից յետոյ յստակ դարձաւ, որ Լիբանանը սնանկացած երկիր է։ Որպէս արդիւնք՝ պանքային համակարգի ցնցումը, ազգային արժոյթի անկումը, քաղաքացիների եկամուտն ու տնտեսական հիմքը բաւական վտանգուեց։ Այս հանգամանքը  կարող է բացասաբար ազդել նախապէս կայացած հայրենադարձութեան որոշումների վրայ, որովհետեւ արժոյթի անկումով շատ  լիբանանահայերի համար դժուար պիտի լինի Լիբանանում վաստակել եւ Հայաստանում ծախսել: Այս իմաստով Լիբանան վերադարձողներ էլ կարելի է նախատեսել: Ես հաւատում եմ, սակայն, որ լիբանանահայ երիտասարդների հոսքը Հայաստան տարբեր նպատակներով՝ ուսումի, աւելի լաւ ապագայ ունենալու, կը շարունակուի։ Սակայն անվտանգութեան առումով եթէ վատթարացում տեղի ունենայ, այդ պարագայում դէպի Հայաստան մասսայական հոսքը անխուսափելի կարող է լինել։

Ֆիզիքական անվտանգութեան առումով յոռետես լինելու պատճառները շատ են: Աղքատութեան եւ քաղաքացիական ըմբոստութեան պատճառով կորոնավիրուսի արգելափակում ների օրերի աւարտին ցոյցերն ու փողոցային անկարգութիւնները կարող են  լրիւ տարբեր եւ մեծ տարողութիւն ստանալ: Եթէ սրան աւելանայ նաեւ Լիբանանում թրքական աքթիւ միջամտութեան հաւանականութեան գործօնը, ապա մտահոգութիւնս աւելի տեղին կը դառնայ։  Այս պարագայում մնում է մէկ հարց տալ՝ ՀՀ իշխանութիւնները պատրա՞ստ են այդ հոսքն ընդունել, մանաւանդ, որ այս պարագայում հոսքը տնտեսական դժուար իրավիճակով փախստականի հանգամանքով կարող է տեղի ունենալ։ Աւելին, Հայաստանի իշխանութիւններն ունե՞ն շտապ տարհանումի ծրագրած օրակարգ, եթէ յանկարծ Լիբանանում տեղի ունեցող իրադարձութիւնները հայ համայնքին մղեն փախստական դառնալու։ Նշեմ, որ նրանց մէկ  կարեւոր մասն ունեն ՀՀ քաղաքացիութիւն, իրենց հանդէպ Հայաստանն ունի պարտաւորութիւն։

 

 Շնորհակալ եմ զրոյցի համար։

 Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին