Պետական վիճակագրության վերջին տվյալներով Հայաստանում բնակվում է 465 հազարից ավելի թոշակառու, որից 462-ն աշխատանքային կենսաթոշակառու է, 1811 տարեց ստանում է զինծառայության հետ կապված կենսաթոշակ, իսկ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացողների թիվը 682 է։ Հայաստանում միջին կենսաթոշակը մոտ 45 հազար դրամ է։ Կենսաթոշակառուների միայն 20 տոկոսն է, որ ստանում է 55 հազարից ավելի թոշակ, մյուսների տարիքային նպաստի չափը տատանվում է 30-45 հազար դրամի սահմաններում։ Ակնհայտ է, որ այդ գումարը շատ դեպքերում բավարար չէ տարեց բնակչության առաջնային կենսական պահանջները բավարարելու համար։ Պատահական չէ, որ 80 հազարից ավելի թոշակառուներ նաեւ աշխատում են։ Հատկապես ծանր է այն տարեցների վիճակը, ովքեր չունեն խնամող զավակներ եւ միայնակ են ապրում։ Առավել խոցելի խմբում են այն թոշակառուները, որոնք ոչ միայն միայնակ են, այլեւ չունեն սեփական բնակարան եւ բնակվում են հանրապետության սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում։ Չնայած վերջիններս չեն վճարում բնակարանի վարձերը, բայց թոշակը բավարարում է միայն սննդի եւ առաջնային պահանջմունքի բավարարման համար։ Կոմունալ վճարները, որոնք պայմանագրով պարտավոր են վճարել, լուրջ բեռ են վերոհիշյալ կացարաններում բնակվող տարեցների համար։ Թոշակառուների այս խմբի կեցության խնդիրները կանոնակարգելու համար պետությունն ընդունել է եւ գործում է առանձին օրենք։






