Հինգշաբթի, 10. 10. 2024

spot_img

Պատմամշակութային Արձագանգ. Յետադարձ Արձագանգ

Աշխարհատարած հայկական սփիւռքի գոյատեւման գաղտնիքը իր լեզուն է, ջնջեցէք այդ լեզուն եւ կը ջնջուի հայկական սփիւռքը: Որովհետեւ երբ լռէ լեզուն, կը լռէ նարեկեան աղօթքը, կը լռէ կոմիտասեան երգը, կը լռեն դպրոցներու զանգերը, կը մարին մշակոյթի ջահերը եւ այդ լռութեան մէջ կը դադրի տրոփելէ ու բաբախելէ ժողովուրդի սիրտը                                                                                                                                                                               Շահան Շահնուր

∗∗∗

 

Կանչում էին ինձ՝ .  .  .  գնա բա′ց արա հոգուդ տաճարների դարպասները, մտի′ր այնտեղ, քու փառաբանած ազգայնական մի խումբ մարդիկ խորհուրդ են անում, որ բարութիւն ցանեն իրենց նախնիների աշխարհում: »Թամամ Պտոյտ Եկայ» հոգուս տաճարներ, լեցուն էին ազգի նախնիների արարումով, հայրենի երկրի զուարթ դէմքով,  աստուածների կացարան ճերմակաթոյր քարէ սիրտ Արարատի սպիտակ ժպիտով, մուսաների լեռների լանջի աղուոր շէների տեսքով, նրա բլուրին ելած Միհրի առաւօտի լոյսով, ցեղի նահատակուած մարդկանց »խորանում» երփներանգ ծաղիկների փունջեր ցանելով, Երեւանի իմ տան  այգում մուսաները իրենց եղբայր Ապոլլոնի հետ թասերով գինի էին խմում: Տարին էր 1906, ամիսը Ապրիլ 15, օրը կիրակի, Զատիկ, աշխարհին ու նրա մարդկանց Յարութեան տօն: Յարութիւն հոգու, յարութիւն կեանքի ու  ճշմարտութեան, յարութիւն մտքի յոյսի լոյսի, յարութիւն սրբացած նահատակների: Յաճախ են կանչում ինձ, որ գիր անեմ, նրանք իմ մտքին իջած նախնիներս են, ինչոր գիր գրեցի նրանց մասին էր, սիրում եմ  նրանց:

Պօղոս Նուպար ու Եգիպտոսի տասը ազգայիններ, բարեգործութեան ու իրենց ազգին նուիրումի ջահեր էին վառել, »Միութիւն» ստեղծել, հայերի ու Եւրոպայի դիւանագիտական շրջանակներում հեղինակութիւն վայելող, ազգային  գործիչ ՝ Պօղոս Նուպար Նուպարեան փաշային նախագահ ընտրել՝

Հայկական  Բարեգործական  Ընդհանուր  Միութիւն

             Մուսա լեռցի նախնիների նոր սերունդի մարդիկ, հարիւր ու աւելի տարիներ ետ գնացել, իրենց  երախտիքի խօսքը ասելու այդ միութեանը, նրան նուիրուած մարդկանց, նրանց պատուին թմբուկ զարկել, խմբերով շուրջ պարեր բռնել, ներբողներ ասել: Մուսա լեռցին օդ կրակել  շուրջ պարերի շարքերից,  հրալոյս վառել,  որպէս հրթիռներ փամփուշտներ ճամբել տիեզերք:

            Ընթերցողներ, արտօնեցէք ինձ, մինչեւ Նուպարեանների մասին գիր անելը, ամփոփ ներկայացնել 160 տարիներ առաջ մի այլ բարեգործական ընկերութեան մասին յիշատակելը: 1860 թուականի Սեպտեմբերի 1-ին Կ. Պոլսում էր հիմնադրուել:  Երկրագործական ու արհեստագործական ձրի կրթութիւն տուել չքաւոր Հայ երեխաներին, նրանց երկրին կապելու եւ երկրից պանդխտութիւնը կանխելու: Հիմնադիրներն եղել՝ Գրիգոր ու Մկրտիչ Աղաթոններ, Մկրտիչ Պէշիկթաշլեան, Սերովբէ Թագւորեան, Յովսէփ Շիշմանեան (Ծերենց), Գրիգոր Օտեան: Միութեան աշխատանքներին մասնակցել Միքայէլ Նալբանտեանը:

            Գիրս եմ շարունակում, որ հայեր իմանային ովքեր էին ՀԲԸՄ միութեան ստեղծման ջատագովները, »Արդեօք ո՞վքեր էին»  Նուպարեանների սերունդից հայր ու որդի:

            Հայր Նուպար Նուպարեանի գերդաստանը սեռել էր Սիւնիք աշխարհի մելիքներից: Դաւիթ Բեկի իշխանութեան ժամանակ, նրա նշանաւոր զօրավարներից եղել Չաւենտուրի մելիք Թորոսը: 1724 թուականին մելիք սպաննուել էր, նրան փոխարինել էր Մելիք Նուպարը: Դաւիթ Բեկի իշխանութեան տապալումից յետոյ Նուպար գնացել Զմիւռնիա, որտեղ յետոյ հաստատուել էին նաեւ գերդաստանի մարդիկ: Նուպար Նուպարեան Շվէյցարիայում նոյն դպրոցը յաճախել Նափոլէոն Բոնաբարտի հետ: Այնուհետեւ, Ֆրանսիայի այլ կաճառներում ստացել բարձր ուսում:

Նուպարեաններ տեղափոխուել էին Եգիպտոս,  ընկերային ու կառավարական մարզերում զբաղեցրել բարձր պաշտօններ: Երեք անգամ յաջորդաբար ընտրուել երկրի կառավարութեան վարչապետ: Եգիպտոսում սիրում էին նրան, ձիուն բազմած կանգնացրել Աղեքսանդրիայի հրապարակում, անցորդներ նայէին նրան, յիշէին նրա արարումները, յիշէին, նա ջուր էր տուել հողին ու իրենց ոստան Գահիրէին: Ծագումով Եգիպտոսի Ղպտի նախնիներից, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար՝ Բութրոս-Բութրոս Ղալի,  դոկտորական աւարտական ճառի դրոյթը եղել Նուպար Նուպարեան: Նաւերը, աֆրիկեան ցամաքամասի ծովափի ջրերի երկար ուղիով նաւարկել էին դէպի Ասիա մայրցամաքամասի երկրներ: Նուպար Նուպարեանն միտք յղացել Եգիպտոսի կառավարութեանը, Սուէզ քաղաքին մօտիկ հողամասը փորել՝ ջրանցք բացել, Կարմիր ու Միջերկրական ծովերի ջրերը իրարու խառնել, նաւեր անցնէին այնտեղով: Արմինա-Հայաստան ծով չունէր, սակայն արեւելքի արքաներ-արքայ Տիգրան Մեծ ցամաքային սալայատակ ճամբայ բացել Տիգրանակերտից մինչեւ Արտաշատ ոստան: Նաեւ ներքին ճամբաներ էին բացել, որտեղից անցել էն  կռւում պարտուած Զօրավար-Փիլիսոփայ Քսէնոֆոնի տասը հազար մարտիկները, հռովմէական լեգէոնները, նաեւ այն ոտնակոխ էին արել արեւելքի դաժանաբարոյ մարդիկ: Մարդկութիւնը չյիշեց,  որ Նուպար Նուպարեան արիական ցեղից մի Արմին-Հայ իմաստունն էր յղացել Սուէզ քաղաքին մօտիկ ջրանցք բացել, աշխարհի նաւերը կարճ ուղիով  անցնէին:

Նուպարի որդի՝ Պօղոս Նուպար Փաշայ Նուպարեան ուսանել Շվէյցարիա, ապա Ֆրանսիա, Փարիզ, »Էքոլ Սանդրալ»-ի Ճարտարագիտա-արդիւնաբերական կաճառ: Ամուսնացել, թուրքիայի արքունիքի յանձնակատար Յովհաննէս Տատեանի աղջկայ հետ: Եգիպտոսում ստանձնել էր անգլիական ու եգիպտական երկաթուղիների ընկերութիւնների տնօրէնի պաշտօնը, որը Անգլոյ-ֆրանսա-Եգիպտական երկաթուղիների  ընկերութեան հսկողութեան ներքոյ եղել: Նրանց անյարկի միջամտութիւնները չհանդուրժելով հրաժարական ներկայացրել զբաղեցրած պաշտօնից, մերժել սուլթան Հուսէյնի առաջարկած բարձր պաշտօնների առաջարկները:

Մտել գործարար աշխարհ, դարձել տասնեակ բանկերի ու ընկերութիւնների տէր կամ վարչութիւնների անդամ, տիրել հսկայական հարստութեան: Պօղոս Նուպար Փաշա գործակցել բելգիացի միլիոնատէրի հետ՝ Գահիրէի նախկին Հելէոպոլիս քաղաքի տեղում, նոր թաղամաս կառուցելու, հիմնել ՕԱԶԻՍ ընկերութիւնը: Թաղամասը ներկայումս Գահիրէի տեսարժան վայրերից է, աշխարհը հրճւում հայու սքանչելի արարումով:

Մեծ է Պօղոս Նուպար Փաշայի ներդրումը Եգիպտոսի երկրագործութեան բնագաւառում:  Եգիպտոսի սիրտը պատռելով հոսում էին Նեղոս գետի ջրերը, ընդարձակ հողային տարածքներ . . .  ֆէլլահը ջուր չունէր հողը մշակելու .  .  .   Ֆէլլահին ու Գահիրէին ջուր տուել: Պօղոս Նուպար Փաշա ջրորոգման մասին աշխատութիւն գրել, ճանաչուել որպէս գիտնական: Ֆէլլահի հողի աշխատանքը դիւրացնելու համար ստեղծել »Տրակտոր», այն ներկայացրել Փարիզի տօնավաճառ, արժանացել »Պատուոյ Լեգէոնի Խաչ» շքանշանի: Պօղոս Նուպար Փաշա Նուպարեանին, ընտրել էին »Գահիրէի Գաւառական Երեսփոխանական Ժողով»-ի ատենապետ: Պօղոս Նուպար Փաշա 1914 թուականին փոխադրուել Փարիզ, ֆրանսա:

Հայեր, եւրոպական պետութիւններին իրենց դիմումնագրերը ներկայացնում էին խնդրանքով: Գնացել էին Պերլին, մեծ ազգերի ժողով, նրանց չէին ընդունել, նոյնիսկ չէին թողել իրենց խնդրագիրը ներկայացնել: Կռուից եկած Սերբ, Բուլղար, Մակեդոնացի քաջեր, արիւն կաթող սուրերը գօտիներից կախած, պահանջել ճանաչել կռուով նուաճած իրենց անկախութիւնը: Ժողովի վերջում հարիսայ էին հրամցրել պատուիրակներին, հայոց պատուիրակութեան ղեկավար Խրիմեան Հայրիկ ասել էր հայերին թղթէ շերեփ տուել, այն թողած հարիսայի մէջ՝ տուն վերադարձել:  

Պօղոս Նուպար Փաշա  ասել էր, չէ˜.  .  . նրանց հետ պահանջելու իրաւունքով  պիտի բանակցել: 1914 թուականին ազգեր պատերազմում էին, աշխարհի ազդեցութեան գօտիների բաժանումը դեռ չէր աւարտուել: Կիլիկիայի 370 հազար հայերի անվտանգութիւնը ապահովելու համար դիմել Անգլիայի իշխանութիւններին՝ բրիտանական զօրքերի ափ հանում կատարել »Ալեքսանդրէթի Հայկական Ծովածոց»-ի ափեր, այն չէին իրականացրել պատերազմի այլ մարտավարութիւն որդեգրած լինելու պատճառով: Ունստոն Չերչիլ առաջարկած եղել Թուրքիային պարտութեան մատնելու համար ափհանում կատարէին Կիլիկիայի ծովեզերք, Թուրքիա ներխուժած Ռուսական բանակների հետ գրաւել Իսթամպուլը: Չէին ընդունել, որոշել ծովային մարտերով այն նուաճել: Դաշնակից պետութիւնները պարտուել էին, 800 հազար մարտիկի մահ:

            1916 թուականի Յունուարի երեքին, Ռուսական կայսրութեան ու Իտալիայի կառավարութեան հաւանութեամբ  Լոնտոնում գումարուել Ֆրանսիայի ու Անգլիայի արտաքին գործերի նախարարներ՝ Փիքօ-ի եւ Սայքս-ի գաղտնի բանակցութիւններ, բանաձեւելու Միջին Արեւելքում ազդեցութեան ոլորտների շրջանները եւ Օսմանեան կայսրութեան վերջնական պարտութիւնից յետոյ նրա տարածքների բաժանումը: Այդ ժողովի ընթացքին Պօղոս Նուպար Փաշա բանակցել  նրանց հետ, որոշել էին Կիլիկիան անցնէր Ֆրանսայի խնամակալութեանը, կազմուէր հայկական իշխանութիւն: Կիլիկիան գրաւելու համար ստեղծուէր հայկական լեգէոն, այն չպատերազմէր ուրիշ երկրների դէմ, դառնար Կիլիկիայի պետութեան բանակի կորիզը:

            1912-1913 Պալգանեան պատերազմի ժամանակ հայկական բարենորոգումների հարցը եւրոպական պետութիւններին ներկայացնելու համար Գէորգ V կաթողիկոս Պօղոս Նուպար Փաշային նշանակել ազգային պատուիրակութեան նախագահ եւ որպէս այդպիսին շարունակել նաեւ պատերազմի տարիներին: Աւետիս Ահարոնեանի հետ մասնակցել Սեւրի Դաշնագրի վեհաժողովին, 1920 Օգոստոսի 10-ին երկուստեք  ստորագրել այն, որտեղ Թուրքիան ներկայացնող պատուիրակութիւնը ճանաչել էր Հայաստանի անկախութիւնը: Երեք տարիներ յետոյ Լոզանում պիտի մերժէին արեւմտեան կողմն Հայաստանում նոյնիսկ »տուն» տալ հայերին: Սեւրի Դաշնագրի ստորագրման գրիչներից հոսող թանաքը դեռ չի չորացել .  .  . :

             2006 թուական, Դեկտեմբերի 16, Գլենդէյլի կեդրոնական գրադարանի հանդէսների դահլիճուն լեցուն հայեր էին, Մուսա լեռցիներ, որոնք եկել էին իրենց երախտիքը յայտնելու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան հիմնադրման հարիւրամեակի առիթով: Իրենց աշխարհի հովիկների ժպիտն էր շողում իրենց դէմքերին, խումբ-խումբ իրար մօտիկ կանգնած, իրենց բարբառի խօսքով հարցնում ով որ գիւղից էր, պատմում իրենց աշխարհից, իրենց կռուից, այնպիսի խանդաղատանքով, կարծես երէկ էին այնտեղից ժամանել: Աւանդապահ է Մուսա լեռցին, թէկուզ ոչ երկրի ծնունդ, իրեն Մուսա լեռցի անուանում:

            Դահլիճի ձախ կողմի պատի կանգնակներին լուսանկարներ, վաւերաթղթեր, Մուսա լեռան ափերին խարսխած ռազմանաւեր, խմբերով ու առանձին զինավառ լեգէոնականներ, որոնց դէմքերից յաղթական ճակատամարտերի լոյսն էր շողում: Իրար կողքի  Յակոբ Հէրկելեանի ու Արմենակ Լագիսեանի լեգէոնական վաւերաթղթերն էին: Եգիպտոս, Փորթ Սայիտի նաւամատոյցին հինգ ռազմանաւեր էին խարսխել, 4200 Մուսա լեռցիներ կռուից էին եկել: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը սատարել նրանց բնակեցմանը՝ Սուէզի Ջրանցքի արեւելեան ափի Լազարէտտօ, Քարանտինա (Քառասուն օրերի Արգելանոց) աւանին մօտիկ լարուած հինգ հարիւր խոշոր վրաններում: »Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան» ու »Հայկական Կարմիր Խաչ»  միութիւնների ձեռք բերած վրաններ, որոնք յետոյ պիտի ձեռք բերէին Գրիգոր ու Կարապետ Մելգոնեան բարերար եղբայրները, տանէին Կիպրոսում իրենց դրամական միջոցներով հիմնադրուած »Մելգոնեան Կրթական Հաստատութիւն»: Ամառուայ արձակուրդին, այդ վրանները լարում էին Մակարավանքի կամ նրան մօտիկ բլուրի տարածքում աշակերտներին պատսպարելու: Մուսա լեռցի տղաներ հպարտ խօսքով կանչում էին՝ այդ վրաններում իրենց մեծերի յաղթական կռուի լոյսն է ճառագում: Պատին վրանների շարքեր էին, նրանցից մէկի շարքին իմ հայրենի Եօղունօլուգ գիւղի բնակիչներն էին, բարձր ձայնով կարդացել՝ Պօղոս Լագիսեան, գերդաստանի աւագ Պօղոս պապս  էր նա, ես Պօղոս Լագիսեանը՝ նրան գրկած քայլում աշխարհների ճամբաներով: Մօտիկ եկան երեկոյի հիւրեր, նրանց պատմել, որ »Պօղոս Լագիսեան» պապը» ես էի, հարիւր տարիներ յետոյ ինձ հետ հոս հասել: Գիրն ու գործը մարդուն տանում դարեր, եթէ նրանց ապրեցնում ես քու հոգու տաճարում, քու եւ ազգի պահոցներում (արխիւ) պահպանում: Այդպէս էին մեզ հասել մեր նախնիները, եթէ մեր գիրը չոչնչացնէին՝ աշխարհին շատ բան կ՝ունենայինք ասելու: Ազգի պատմութիւն, մշակոյթ, բանաստեղծների երգեր սպաննեցին, լաւ է որ ազգի պատմութեան ՀԱՅՐ՝ Տարօն աշխարհի Խորոնք գիւղի Մովսէս Խորենացին նախնիների երգերի պատառիկներ բերեց, իր մատեանում Վահագնի ծնունդի երգ գրեց, ցեղի պատմութիւն երկնեց:

            »Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան» հարիւր ամեակի առթիւ Մուսա լեռցիների երախտիքի հանդէսը իրենց ներկայութեամբ պատուել էին՝ Քալիֆորնիայի ՀԲԸՄ-ի մասնաճիւղի ատենապետ՝ Պարոն Վահէ Իմաստունեանը, ՌԱԿ-ի ու Բարեգործականի ականաւոր քաղաքական գործիչ Պարոն Փանոս Թիթիզեանը, ՆՈՐ ԿԵԱՆՔ լրագրի  երկարամեայ խմբագիր պարոն Գրիգոր Շէնեանը, բազմաթիւ մտաւորականներ, Մուսա լեռցի հոգեւորականներ՝ Աւագ քահանաներ Տէր Խորէն Հապէշեան ու Տէր Նարեկ Շրիգեան: Նորթրիճ համալսարանի »Հայկական Ուսումնասիրութիւնների Ծրագրի Կեդրոն»-ի տնօրէն, Պատմական Գիտութիւնների դոկտոր, Մուսա լերան Վագըֆ գիւղի ծնունդ Վահրամ Շէմմասեանը: Նա յետադարձ անդրադարձ կատարել Մուսա լեռցիների առաջարկով կազմաւորուած լեգէոնի եւ 1915-1919 թուականներին Եգիպտոսում, ապա  Մուսա լեռում ՀԲԸՄ-եան դերակատարութեանը:  

 600 մուսա լեռցիներ, տառապանքի ու հարազատների կորուստի մթնած հոգիներով հայրենազրկուած հայեր, կազմաւորել էին 6000 մարտիկների »Հայկական Լեգէոն»-ը: 1918 թուականի Սեպտեմբերի 19-ի առաւօտ  լոյսին գրոհել էին Պաղեստինի Արարայի (Նապլուս ) լերան թրքական ու գերմանական ամրացուած դիրքեր, մէկ օրեայ կռւում նուաճել այն: Այնուհետեւ արշաւել Կիլիկիա, քաջին վայել կռուով նուաճել նաեւ այն: Իրենց ոստաններն էին վերադարձել տարագրուած բազում հայեր: Պօղոս Նուպար Փաշայի թելադրանքով Միհրան Տամատեան եկել Ատանա, հայկական կուսակցութիւնների հետ համաձայնողական կառավարութիւն կազմել: Ֆրանսացի զօրավարը, սվինաւոր սենագալցի զինուորների հետ լուծարել մէկ օրուայ կառավարութիւնը: Ասում են ասպետական Ֆրանսա . . . չէ չեղաւ .  .  . չկատարեց իր դաշնակցային պարտաւորութիւնները, 1921 թուականի Հոկտեմբերի 20-ին Անկարայում դաշինք կնքեց Թուրքիայի հետ, նրան յանձնեց Կիլիկիան, լուծարեց Հայկական Լեգէոնը, գաղտնի փախաւ, անզէն դաշնակցին թողեց թուրքի դէմ անհաւասար կռուի, դաժան ինքնապաշտպանական կռիւներ,շատ  հայեր  սպաննուեցին, նորէն գաղթեցին:

Մուսա լեռցին աշխատասէր է, խալխի դատած հաց չի ուտում, նրանց ապրուստը ապահովելու համար Լազարէտտօ գաղթակայանում գործարկել էին աշխատանոցներ, պատրաստել էին սանտրեր, գործել գորգեր, կարել անկողնային սաւաններ, զինուորական շապիկներ: »Հայկական Կարմիր Խաչ» Լազարէտտօ գաղթակայանում հիւանդանոց հիմնադրել, բժշկական պիտոյքներ տրամադրել, Եգիպտոսի կառավարութիւնը գլխաւոր բժիշկ ու երեք օգնականների անձնակազմ:

ՀԲԸՄ միութիւն, 1915 թուականի Հոկտեմբեր 15-ին վրանաւանի հինգ վրաններում հիմնադրել Սիսուան (Սիս –  Վան) անունով դպրոց,  Հայը աւազի վրայ գրեց, աւազի վրայ կրթօճախ հիմնեց . . . Նրա բացման հանդէսը կատարել էին նոյն ամսի 20-ին: Սկզբնական շրջանում այնտեղ ուսանել էին 1250 աշակերտներ, յետագային մինչեւ իսկ 2300: Կրթական յանձնախումբը կանանց օժանդակ մարմին հիմնել, երեխաներին համազգեստ՝ գլխարկ, պայուսակ, մի զոյգ կօշիկ ու գուլպաներ, թաշկինակ, մետաղէ բաժակ նուիրել: ՀԲԸՄ-ը հրատարակել ու բաժանել՝ Մայրենի Լեզու դասագիրք: Ուսումնական ծրագիրը բաղկացած եղել՝ Հայերէն լեզու Հայոց Պատմութիւն, Հայերէնագիտութիւն եւ այլ առարկաներ: Դպրոցին կից կազմակերպուել 200 աշակերտներից բաղկացած սկաուտական խումբ եւ ոտնագնդակի ԱՐԱԶ, Շանթ, ՍԻՍՈՒԱՆ  խմբեր: Տկարակազմ երեխաների համար կազմակերպել յատուկ սննդի խոհանոց: Ստեղծուել էր որբանոց ու այրիանոց: Ուրախ բացականչութիւններով դիմաւորուել Սիսուան դպրոցի քայլերգի ընթերցումը: Բանախօսի խնդրանքով, ի յարգանս ՀԲԸՄ միութեան Սիսուան դպրոց յաճախած աշակերտների ժառանգները ոտքի էին կանգնել, ես էլ էի ոտքի կանգնել: Ահա մի քառեակ այդ քայլերգից:

Մայր Հայաստան, քու սաներդ

Մեր բարերար Հայ միութեան,

Հեռու քեզմէ վտարանդի,

Կ՝ուխտեն քեզի կեանք ու հոգի:

1919  թուական, հայրենի գիւղեր վերադառնալուց յետոյ էլ ՀԲԸՄ -ը շարունակել սատար կանգնել Մուսա լերան տարբեր գիւղերում դպրոցաշինութեան գործին:: 1911-1914 թուականներին Բարեգործականը Խտըրպէկ ու Քէպուսիէ գիւղերում հիմնադրել դպրոցներ, որտեղ երկու ուսուցիչներ 52 ու 70 աշակերտներին տարբեր առարկաներ դասաւանդել: 1921-1925 թուերին Մուսա լերան տարբեր գիւղերում հիմնադրել մանկապարտէզ-նախակրթարաններ: 1937-1938 թուականներին, ՀԲԸՄ-ը կազմակերպել էր 13 Մուսա լեռցի տղաների ընդունելիութիւնը Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութիւն: Ահա նրանք: Զէյթունիէ աւանից՝ Վարդգէս Եաղուպեան, (Մուսա լերան հերոսամարտի քաջերից-քաջ, ՌԱԿ-ի նուիրեալ Եսայի Եագուպեանի որդին), Զաւէն Կէօքչեան, Վագըֆ գիւղից՝ Պօղոս Մատուռեան, Սարգիս Փէնենեան (կիսաւարտ), Թովմաս Գարթունեան, Քէպուսիէ գիւղից, Յարութիւն Չիֆթճեան, Յակոբ Գասամանեան, Եօղունօլուգ գիւղից Մարտիրոս Գուշակչեան (կիսաւարտ), Պօղոս Լագիսեան, Հաճիհապապլի գիւղից՝ Կարապետ Վարդապետեան, Պետրոս Բլբուլեան (կիսաւարտ), Կարապետ Մարտիրեան (կիսաւարտ), Պիթիաս գիւղից՝ Պարգեւ ֆիլեան, Մովսէս Շէրպէթչեան, Մարի Գասապեան:

Երախտիքի խօսք ասել Մուսա լեռցի աւագ քահանայ Նարեկ Շրիգեան, ՀԲԸՄ-ը համարել հայ բարեգործական մեծագոյն միութիւնը, որը մի դար շարունակ անսակարկ օժանդակութիւն ցոցաբերել հայկական գաղթօճախներում, Լիբանան-Անճար աւանում, Եգիպտոսում մշակութային ու տնտեսական ձեռնարկումներին օժանդակութեան համար:

ՀԲԸՄ միութեան հարաւային Քալիֆորնիայի մասնաճիւղի ատենապետ Պարոն Վահէ Իմաստունեանը, շնորհակալական խօսք ասել այս ձեռնարկը կազմակերպելու համար: Դրուատել Մուսա լեռցիների քաջարի պայքարի ոգին, նրանց յաղթական հերոսամարտը համարել հայոց պատմութեան սխրալի դրուագը:

Ի երախտագիտութիւն Մուսա լերան հանդէպ կատարած բարեգործական բազմապիսի օժանդակութեան համար պարոն Վահէ Իմաստունեանին յանձնուել ՀԲԸՄ հարիւրամեակին նուիրուած յուշատախտակ:

Այդ օրը, Մուսա լեռցիների միութեան նախագահ: պարոն Հրաչ Գատեան յուշատախտակ յանձնել՝ Վահրամ Շէմմասեանին, «Մուսա լեռցի նախնիների հանդէպ տածած մեծագոյն նուիրումի, 1840 թուականից յետոյ մինչեւ մեր օրեր նրա պատմութեան մասին  դոկտորական աւարտաճառի դրոյթի համար»  

Տէր Նարեկ եւ Տէր Խորէն օրհնել էին »Մուսա Լեռ Միութեան» տիկնանց պատրաստած ուտեստները, հրաւիրել այն ճաշակելու: Հանդէսների սրահ են մտնում մուսա լեռցի թմբկահարը ու փողահարները, թմբուկն էր որոտում, նիստին ներկայ մուսա լեռցիները շուրջ պարի շարք էին կազմել, է հ˜է , Մուսա լեռցին, այստեղ էլ թմբուկ զարկաւ, պարեց իրենց պարերը, գրադարանի օտարազգի մարդիկ եկել դիտում այն, զարմանում, ծափահարում, ափսոս որ հնարաւոր չէր զէնք պայթեցնել, Մուսա լեռցու պար առանձ ատրճանակի պայթի՞ւնի:

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ         

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

Պօղոս Նուպար Փաշայ:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին