Ուրբաթ, 18. 04. 2025

spot_img

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 51 – Հայաստանի Համար Կարեւորագոյն Խնդիր Է Առաջ Գալիս․ Գտնել Ուժանիւթի Այլընտրանքային Աղբիւրներ

Ռուսաստանից  Հայաստանին մատակարարուող գազի գնի վերաբերեալ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի օրեր առաջ հնչեցրած յայտարարութիւնից յետոյ հայկական լրատուական դաշտում եւ ընկերային համացանցի վրայ աշխուժացան  քննարկումներն այն մասին, որ Հայաստանը պէտք է զարգացնի այլընտրանքային  ուժանիւթ ստանալու ծրագրերը եւ այս ճանապարհով դուրս մղի ռուսական գազի սպառումը հայաստանեան շուկայից: Յիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը մի քանի օր առաջ  խօսելով Հայաստանին վաճառուող գազի գնի մասին՝ յիշեցրել էր, որ Հայաստանը պայմանագրային պարտաւորութիւններ ունի այս հարցում:  Միւս կողմից էլ նա քրոնիկ խնդիր էր որակել Հայաստանի ներսում գործող սակագնի հարցը:

Որքանո՞վ է նման ծրագրի իրականացումն իրատեսական եւ այս բնական եղանակով արդեօ՞ք  իրական  հնարաւորութիւն կը ստեղծուի, ի վերջոյ, ձերբազատուել  Ռուսաստանի  ձեռքում պարբերաբար ճոճուող գազի  մահակից: Թեմայի շուրջ «ԶԱՐԹՕՆՔ» զրուցեց տնտեսագէտներ Բագրատ Ասատրեանի եւ Աշոտ Մարկոսեանի հետ։

ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագէտ Բագրատ Ասատրեանը համամիտ է  այն տեսակէտների հետ, որ  Հայաստանը պէտք է կարողանայ այնպէս անել, որ Ռուսաստանի հետ տարիներ առաջ նախկին իշխանութիւնների կողմից  ոչ հաւասար պայմաններով  կնքուած գազային պայմանագրի դերն ու նշանակութիւնը մեր ուժանիւթի մատակարարման  ասպարէզում զերոյանայ:

Բագրատ Ասատրեանը  շեշտեց, որ նախկինում  հայկական կողմն ահռելի միջոցներ (resource) է  կորցրել այդ պայմանագրի եւ գազի գնի յարաբերական պահպանման արդիւնքում, որոնք արեւային, վերականգնուող կամ ցանկացած այլընտրանքային ուժանիւթ ստանալու ոլորտում ներդնելու պարագայում, այսօր արդէն կ՛ունենար զգալի յաջողութիւններ եւ  զերծ կը մնար նման շահարկումներից:

Ի պատասխան մեր այն հարցին, թէ ստեղծուած իրավիճակում ի՞նչ քայլեր  պէտք է ձեռնարկի  Հայաստանի կառավարութիւնը՝ իրադրութիւնն ի նպաստ ՀՀ քաղաքացիների փոխելու համար, Ասատրեանը նշեց, որ նախ մեր  հասարակութեան մտածելակերպի մէջ պէտք է փոփոխութիւններ տեղի ունենան:

«Մենք պէտք է գազին  այլընտրանքներ գտնենք։ Այս ճանապարհով գնալու առաջին անհրաժեշտ  բաղադրիչն այն է, որ մեր հասարակութիւնը պէտք է հասկանայ, որ գազը շատ թանկ հաճոյք է՝ քաղաքական, տնտեսական եւ բազմաթիւ այլ գործօններով պայմանաւորուած։ Այսինքն՝ մենք  գնդակը պէտք է գցենք մատակարարողի դաշտ։ Գազը Հայաստանում պէտք է արժի ճիշտ այնքան, ինչքան վաճառողն է ասում, իսկ մենք՝  սպառողներս էլ պէտք է վճռական որոշենք՝ սպառե՞նք գազ, թէ շնորհակալութիւն յայտնենք ու հրաժարուենք եւ մեր տանիքին տեղադրուած արեւային ուժանիւթ յառաջացնող սարքերից օգտուենք:

Եթէ «Գազպրոմ»-ը մտածում է, թէ 170 տոլարը մէկ խորանարդ մեթր գազի  դիմաց  քիչ է, ուրեմն թող մէկ  խորանարդի  գինը դարձնի, պայմանական թուով ասենք թէ 500 տոլար, իսկ մենք այդ ընթացքում կարող ենք արդէն վերանայել գազի սպառման ծաւալներն ու վերակազմաւորուել այդ ճանապարհին, ուժանիւթային այլ դաշտեր մեզ համար ապահովել»,- ընդգծեց  Բագրատ Ասատրեանը՝  յաւելելով, որ գոնէ  այսօրուանից արդէն կառավարութիւնը պէտք է սկսի մտածել այս ամենի մասին ու նմանօրինակ նախաձեռնութիւնների  փոխհատուցման  ուղղութեամբ գործուն քայլեր իրականացնի։

Այս համատեքստում տնտեսագէտը նկատեց նաեւ, որ այլընտրանքային ուժանիւթային կայանների տեղադրման ու դրանց օգտագործման ծրագիրը  Հայաստանում արդէն իսկ կիրառելի է, սակայն ոչ բաւարար  մասշտաբներով:

«Երբ նայում ենք մեր բնակչութեան սպառման հաշուեկշիռը, ապա դրա մէջ  շատ  փոքր  տոկոս կազմում է արեւային ուժանիւթի սպառումը, սակայն պէտք է այդ ծաւալներն աւելի ու աւելի մեծացնել, ընդլայնել այդ կայանների տեղադրումը  եւ այստեղ պետութիւնը պէտք է շատ մեծ ջանքեր գործադրի, լայնածաւալ ներդրումներ անի, որովհետեւ սա, իրօք, շատ հեռանկարային  ծրագիր է»:

Ինչ վերաբերում է այլընտրանքային ուժանիւթի աղբիւրներ հիմնելով  ռուսական գազից հրաժարուելուն, տնտեսագէտ Աշոտ Մարկոսեանը մեզ հետ զրոյցում նշեց, որ  տնտեսական քաղաքականութեան կարեւորագոյն սկզբունքներից մէկը անհրաժեշտութիւնն է:

«Այսինքն՝  Հայաստանը չունի սեփական հանքահումքային միջոցներ՝ յատկապէս վառելիքանիւթային,  հետեւաբար  մեր ամբողջ  տնտեսութիւնը  կառուցուած  է  հիմնականում  դրսից  բերուող  վառելիքի վրայ եւ այստեղ կարեւորագոյն խնդիր է առաջ գալիս, այն է՝ գտնել ուժանիւթի այլընտրանքային աղբիւրներ, քանզի դա մեզ համար անհրաժեշտութիւն է:

Հաշուի  առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը, բարեբախտաբար, արեւի պայծառութեան տեսանկիւնից երկրագնդի վրայ աշխարհագրականօրէն ամենալաւ տարածքներից մէկում է գտնւում, ապա  այս  առումով մենք մեծ հնարաւորութիւններ ունենք, բայց  այս ոլորտում խնդիրը կայանում է նրանում, որ արեւի ուժանիւթի ինքնարժէքը դեռեւս բաւականաչափ բարձր է: Այս իսկ պատճառով, երբ  նայում ենք համաշխարհային ուժանիւթի արտադրութեան մէջ արեւի ուժանիւթի մասնաբաժինը, ապա այն 1.5-ից  2 տոկոս է կազմում,  սակայն  ուրախալի  է, որ  այս  ցուցանիշը  վերջերս սկսել է աճել՝ մանաւանդ բոլոր այն երկրներում, որոնք ելեկտրականութեան կախուածութիւն ունեն, ուստի  Հայաստանը նոյնպէս պէտք է ամեն ինչ անի՝ այս ուղղութեամբ զարգացում ապրելու համար»,- ասաց տնտեսագէտն ու միեւնոյն ժամանակ  աւելացրեց, որ  այս մասով առաջնահերթ  քայլերից մէկը պէտք է լինի շուկայի ազատականացումը։

Մեր զրուցակիցը  փաստեց, որ արեւային ելեկտրականութեան կայանների արտադրութիւն  Հայաստանում  իրականացւում է, սակայն անհրաժեշտ է, որպէսզի աւելի  շարունակական կերպով  ներդրումներ կատարուեն այս ուղղութեամբ։ Ըստ  այդմ՝  կառավարութիւնը  պէտք է սահմանի արեւային  ելեկտրականութեան գնի  որոշակի  նուազագոյն  սահման եւ  ներդրողներին տա  երաշխիքներ,  որ  անհրաժեշտ  ծախսերի  ինչ-որ մի հատուած  ինքը կը փոխհատուցի:

«Այս կերպ  կառավարութիւնը կը ստեղծի նպաստաւոր պայմաններ, որպէսզի այս ոլորտում  ներդրումներ  հոսեն եւ կարողանանք  առաջընթաց  ապահովել»,-եզրափակեց նա:

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին