Գնդ. ԱԼԵՔՍԱՆ ՄՈՒՇԵՂԵԱՆ
Մայիսեան Եռատօնը իր խորհրդանշական իմաստով վեր է ժամանակագրութենէ եւ աշխարհագրական տարածութենէ: Ան խորհրդանշականօրէն կը տօնուի պատմական իր տարեդարձին օրը, սակայն մեր ժողովուրդին ենթագիտակցութեան մէջ ան կը յիշուի ամեն օր:
Մայիսեան եռատօնի բաղկացուցիչ յաղթանակները Հայ ժողովուրդի զաւակներուն ամենօրեայ պարծանքին առարկան են եւ ազգային ինքնորոշման, ինքնաճանաչութեան եւ ինքնագնահատման հետ սերտօրէն առնչուած իրագործութիւններ: Անոնք Հայ ժողովուրդին գոյերթին հետ անմիջականօրէն կապակցուած յաղթանակներ են, առանց որոնց դժուար է մեր ներկան պատկերացնել:
Այս առիթով հպարտութեամբ կը հրատարակենք ՀՀ Լիբանանի մէջ դեսպանութեան զինուորական կցորդ՝ գնդապետ Ալեքսան Մուշեղեանի այս առիթով գրած խորիմաստ յօդուածը: Յարգելի գնդապետին պաշտօնն ու անձը հպարտութեան յաւելեալ առիթներ են, որ լիբանանահայութիւնը ընդհանրապէս եւ ի մասնաւորի «Զարթօնք»ի ընթերցողներն ու մենք մեծապէս կը գնահատենք:
«Խմբ.»
Մայիսի 9-ը Հայաստանի Հանրապետութեան եւ ողջ հայ ժողովրդի համար փառահեղ յաղթանակների կերտման խորհրդանշական եռատօն է. Հայրենիքում հանդիսաւոր կերպով նշւում է Յաղթանակի օրը Երկրորդ աշխարհամարտում, Շուշիի ազատագրման տօնն ու Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի կազմաւորման օրը։
1915թ․-ից Մեծ Եղեռնի ողբերգութիւնը վերապրելուց յետոյ հայ ժողովուրդն իր տոկունութեան, աշխատասիրութեան եւ աննկուն կամքի շնորհիւ ոչ միայն կարողացաւ ոտքի կանգնել ու վերակառուցել իր երկիրն, այլ նաեւ աւելի քան 600 հազար մարտիկներով փառահեղ մասնակցութիւն ունենացաւ 1941-45թթ․ Երկրորդ աշխարհամարտին` յանուն Հայրենիքի ու համայն մարդկութեան ֆաշիզմից փրկութեան։
Պատմութեան ընթացքում Հայրենիքի անկախութեան համար օտար նուաճողների դէմ պատերազմներում հայ ժողովրդի արեան մէջ ներծծուած է Աւարայրի ճակատամարտի գաղափարական կոչը` «մահ իմացեալ անմահութիւն է», որի ոգով աշխարհամարտին զինուորագրուած հայորդիների կէսից աւելին` մօտ 325 հազարն, իրենց կեանքը հերոսաբար զոհաբերել է աշխարհի ապագայ սերունդների խաղաղ գոյատեւման համար։
Պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը կազմաւորել է 6 զօրաբաժին, որից «Թամանեան» 89-րդ զօրաբաժինը պատերազմի ընթացքում անցնել է 3700 քլմ., Հիւսիսային Կովկասից մինչ Պեռլին, եւ դարձել Պեռլինի ճակատամարտին մասնակից միակ ազգային զօրաբաժինը, որի զինուորները «Ռայխստագի» մօտ պարել են հայկական «Քոչարի»: Զօրաբաժնին հրամանատարն է եղել ծագումով Վանից գեներալ Նուէր Սաֆարեանը։
106 հայ զինծառայող արժանացել է Խորհրդային Միութեան հերոսի կոչման, իսկ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանեանը եւ ծագումով Արցախից ու Սարդարապատի հերոսամարտին մասնակից մարշալ Յովհաննէս Բաղրամեանն այդ կոչմանն արժանացել են կրկնակի անգամ։ Պատերազմի ընթացքում հայազգի զգալի թուով բարձրաստիճան սպաներ զբաղեցրել են հրամանատարական պատասխանատու պաշտօններ․ զօրավար Յովհաննէս Բաղրամեանը` ռազմաճակատի, 3-ը` բանակի, 6-ը` կորպուսի, 28-ը` զօրաբաժնի, 100-ը` ջոկատի ու գնդի հրամանատարների պաշտօններ։
Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտին տուել է 64 գեներալ, մէկական ավիացիայի մարշալ եւ ծովակալ: Պատերազմից յետոյ գեներալի կոչում է ստացել մարտական գործողութիւնների մասնակից եւս 94 հայ սպայ:
Աշխարհամարտի յաղթական գործընթացում անգնահատելի եւ անմոռանալի են նաեւ հայկական սփիւռքի ներդրումն ու սփիւռքահայ հերոսական մարտիկների պայքարը ֆաշիզմի դէմ: Այդ առումով առաւել արժանայիշատակ են սփիւռքահայութեան եւ հայկական եկեղեցու միասնական ջանքերով 1944թ.-ին կազմաւորուած «Սասունցի Դաւիթ» թանկային շարասիւնը, ինչպէս նաեւ ֆրանսիական դիմադրութեան շարժմանը մասնակից եւ Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշեանի ղեկավարած խմբի գործունէութիւնը:
Աշխարհամարտում յաղթանակած հայորդիների ժառանգներն Արցախեան պատերազմում շարունակեցին իրենց հայրերի ու պապերի Հայրենիքի պաշտպանութեան հերոսական եւ նուիրական աւանդոյթները։
1992թ․ մայիսի 8-9-ը «Հարսանիք լեռներում» ռազմական գործողութեամբ ազատագրուեց Շուշին, ինչը բեկում մտցրեց ռազմաճակատում, նպաստեց եւ ապահովեց հակառակորդից նոր շրջանների ազատագրմանը, ինչպէս նաեւ ամրագրեց հայ ժողովրդի նորագոյն պատմութեան մէջ ամենափառահեղ յաղթանակը։
Օգտուելով առիթից՝ Մայիսյան եռատօնի կապակցութեամբ սրտանց շնորհաւորում եմ հայ ժողովրդին, հայ եկեղեցուն, Հայկական բանակի զինծառայողներին եւ ազատամարտիկներին, ինչպէս նաեւ լիբանանահայ համայնքին, որի որդիներն աշխոյժ կերպով մասնակցել ու իրենց հերոսական ներդրումն են ունեցել հայկական յաղթանակների եւ Հայրենիքի անկախութեան կերտմանը։ Բոլորին մաղթում եմ քաջառողջութիւն, խաղաղութիւն եւ նորանոր յաղթանակներ։
Աշխարհամարտում եւ Արցախեան պատերազմում յաղթանակներն ապացուցեցին եւ վերահաստատեցին, որ մեր Հայրենիքի եւ հայ ժողովրդի անվտանգ գոյատեւման գրաւականը հայ ժողովրդի եռամիասնութեան՝ հայ եկեղեցու օրհնութեամբ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի համախմբուածութեան մէջ է։
Փառք ու պատիւ մեր անմահ հերոսներին, հայ ժողովրդին, Հայրենիքի սահմանը պահպանող հայ զինուորին ու Հայոց բանակին։