Այս երգի յաջողութեան պատմութիւնը անհաւատալի ոլորտից է։ Կային ժամանակներ, երբ երգիչի կամ երգահանի յաջողութիւնը կախուած էր ձայնագրման ընկերութիւնների հսկաներից։ Նրանք էին որոշում երգը արժէ՞ արդեօք ձայնագրել, թէ՝ ոչ։ Դրանից յետոյ հսկայական մի խումբ աշխատում էր ձայնագրման, այնուհետ՝ վաճառքի վրայ։ Այսօր ժամանակներն այլն են, եւ դրա ապացոյցն է Old Town Road երգը։
Մի հոլանտացի դեռահաս՝ ոգեշնչուած գերհանրայայտ ռոք խմբի երգից, գրում է երաժշտական նմուշ, տեղադրում համացանցում, մէկ այլ դպրոցական գտնում է այն, երեւակայում իրեն հիփ-հոփի աստղ, իրար է խառնում անհամատեղելի մի քանի ժանրեր եւ տեղադրում այն պատանեկան յայտնի՝ Դիք-Դոք (Tik-Tok) համացանցում։ Երգը պայթեցնում է համացանցը, գլխաւորում մի քանի հիթ-շքերթներ, դառնում ձայնագրման ընկերութիւնների կռուախնձոր եւ հեղինակներին բերում աստղաբաշխական եկամուտ, որի մասին նրանք անգամ երազել չէին համարձակւում։
Աւարտելով դպրոցը Մոնտերօ Լամար Հիլլը սկսում է զբաղուել երաշտութեամբ՝ հակառակ ծնողների ցանկութեան։ Նրանք չէին խրախուսում Մոնտերոյի՝ հիփ-հոփի աստղ դառնալու որոշումը։ Նա նոյնիսկ ստիպուած էր եղել տեղափոխուել քրոջ տուն։ «Ի սկզբանէ երգը միայնակ քաուպոյի մասին էր, ասես փախուստ ամենքից։ Հոկտեմբեր ամսին (2018) ես YouTube-ում գտայ «պիթը», դեկտեմբերին արդէն տեղադրեցի երգը նոյն ցանցում»,-պատմում է Մոնտերոն՝ նոյն ինքը՝ Լիլ Նասը։
«Պիթ»-ը (երաժշտական հարուածները) ստեղծել է Գիովա Ռուգեմա անունով մի երիտասարդ, որն ապրում է Հոլանտիայում։ Նա երգը գրել է ոգեշնչուելով Nine Inch Nails ռոք խմբի 34 Ghosts երգից, օգտագործելով երգի սկզբում հնչող պանջոյով նուագուած նախաբանը։ «Ես պիթը գտայ YouTube-ում։ Գիոյին ես անգամ չէի էլ ճանաչում, ես մինչ օրս չեմ հանդիպել նրան դէմ առ դէմ։ Մենք հանդիպեցինք Instagram-ում։ Նա լսել էր երգը Tik-Tok-ում, երբ այն արդէն տարածուել էր համացանցով։ Ես չգիտէի, որ երգի մի մասը վերցուած է Nine Inch Nails խմբի երգից։ Երբ դա պարզ դարձաւ ինձ համար, ես մտածեցի ՝ ա՜յ քեզ բան, մենք իրար ենք միացրել անհամատեղելի եւ պայթունավտանգ մի քանի ժանր՝ ռոք, քաունթրի եւ հիփ-հոփ»,-պատմում է Լիլը։
Երաժշտական քննադատները պնդում են, որ երգը առաւելապէս միայնակ քաուպոյի մասին է, որը նախընտրում է հեռու լինել սնդուսափայլ խրախճանքներից, եւ միայնակ ընթանալ հին քաղաքի հին ճանապարհներով։ Լիլ Նասը մեկնաբանում է այն որպէս ինքուրոյն իր կեանքը ընտրող եւ ոչ մէկի թելադրանքով չշարժուող երիտասարդի մասին երգ, որն աւելի շատ ոչ թէ կոնկրետ անձի մասին է, այլ՝ հաւաքական կերպարի ընդհանրական գաղափար։
Սկզբում Լիլ Նասը երգը տեղադրեց համացանցում, մասնաւորապէս YouTube-ում եւ սկսեց տարածել այն իր Twitter-եան էջով։ Հոլովակում նա օգտագործել էր Red Dead Redemption խաղի հերոսներին, պատրաստել պարզունակ հոլովակ։ Յետոյ՝ երբ երգը սկսեց յայտնի դառնալ մեծ լսարաններում, ռատիոկայանները սկսեցին այն եթեր հեռարձակել։ Երբ երգի լսարանն ու յայտնիութիւնը սկսեց սնկի նման աճել, մի քանի ձայնագրման հսկաներ սկսեցին պայքար միմյանց դէմ՝ երգի ձայնագրման եւ թողարկման համար։ Արդիւնքում երգը ձայնագրեց Columbia Records-ը։ 2019-ի ապրիլին երգը ձայնագրուեց եւ թողարկուեց պաշտօնական ընկերութիւնների կողմից, Պիլլի Ռեյ Սայրուսի մասնակցութեամբ։ Այնուհետ նկարահանուեց պաշտօնական տեսահոլովակը, որի թողարկումից յետոյ այն մի շաբաթուայ ընթացքում յայտնուեց Billboard Hot 100 հիթ-շքերթում եւ մնաց այնտեղ 19 շաբաթ՝ սահմանելով բացարձակ րէքորտ։ Փառքի հորիզոնականից նրան դուրս հանել կարողացաւ միայն Պիլլի Էիլիշի Bad Guy երգը։
Երգը առաջադրուեց մի քանի անուանի մրցանակաբաշխութիւնների ժամանակ եւ ունեցաւ մի շարք ցնցող յաղթանակներ։ Մասնաւորապէս․
- «Տարուայ երգ»- MTV Video Music Awards,
- «Լաւագոյն ռեժիսուրա» – MTV Video Music Awards,
- «Լաւագոյն փոփ կատարում զուգերգում» – Grammy Awards,
- «Լաւագոյն երաժշտական վիտէօ» – Grammy Awards,
- «Ամենաշատ սիրուած ռեփ կատարում» – American Music Awards,
- «Տարուայ երգ» — Apple Music Awards.
Լիլ Նասն ու նրա երգը գալիս են հերթական անգամ ապացուցելու, որ նպատակներին հասնելու համար պարտադիր չէ գնալ բոլորին յայտնի ՝ արհեստական խոչնդոտներով լի ճանապարհներով եւ լինել մերժուած կամ քարկոծուած։ Եւ, ամենակարեւորը՝ ժամանակներն այնպէս են փոխուել, որ հիմա հնարաւոր է երեւակայել եւ կեանքի կոչել ամեն ինչ։ Երազէք, նպատակադրուէք եւ գործէք։
ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Աշխատակից
Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը