Հայաստանի Հանրապետությունում փակ և բաց տարածքներում մայիսի 25-ից պարտադիր կդառնա դիմակներ կրելը, սակայն դրանք կարող են լինել նաև ինքնաշեն ու ոչ եռաշերտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում մայիսի 14-ին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին:
«Ինչ վերաբերում է դիմակների պարտադիր պահանջ դառնալուն, ուզում եմ հատուկ շեշտել, որ խոսքը ոչ միայն եռաշերտ դիմակների մասին է, որոնք պետք է գնել դեղատնից: Դրանք կարող են լինել ինքնաշեն դիմակներ, որոնք պատրաստված են քաղաքացիների կողմից, նույնիսկ բազմակի օգտագործման են»,- ասաց Ավինյանը:
Ավինյանը նշեց, որ հնարավոր է նաև քննարկել որոշ սոցիալական խմբերի դիմակների տրամադրման հարցը:
Հայաստանում մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային բաց վայրերում պաշտպանիչ դիմակների կրումը:
Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36 016 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 49 դեպք:






