Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Ստեղծագործելն աշխարհի հետ հաղորդակցվելու իմ ձևն է. Էդվարդ Միլիտոնյանը նշում է տարեդարձը

Էդվարդ Միլիտոնյանը, որը երկար տարիներ Հայաստանի գրողների միության նախագահ է, մայիսի 12-ին տոնում է ծննդյան 68-ամյակը:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը մեծագույն ձեռքբերում է համարում այն, որ իր մանկական բանաստեղծությունները սիրված են, գնահատված ու տարածված:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ մեծ ուժ է, երբ երեխաները թրթռուն hոգով կարդում են իր բանաստեղծություններն ու արտասանում դրանք:

«Ասես աշխարհին սկսում ես երեխաների աչքերով նայել, վայելք ես զգում, երբ նրանց աչքերով ես տեսնում գրականությունը, մարդկային հարաբերությունները, բնությունը, ամեն ինչ: Իմ ամենակարևոր ու հետաքրքիր գործերը համարում եմ մանկական, մանակապատանեկան գրվածքներս և առհասարակ գրականությունը, որը մեր ընտանիքում մշտապես կարևորվել է, պաշտամունք է եղել: Փոքրուց եմ ստեղծագործել, և դա դարձել է իմ կենսակերպը, աշխարհին նայելու, աշխարհի հետ հաղորդակցվելու ձևը»,- նշեց Միլիտոնյանն ու հավելեց՝ հրաշալի է, երբ քո գիրը որևէ մեկին մի քիչ ջերմություն է տալիս, ոգևորում է, մտածելու առիթ ստեղծում: Այդպես գրողը երջանկանում է:

Անդրադառնալով այն հարցին, թե մանուկների, պատանիների համար ստեղծագործելն ավելի՞ բարդ է, քան մեծահասաների համար նախատեսված գրականություն ստեղծելը, Միլիտոնյանն ասաց, որ այդ մասին շատերն են գրել, բայց իրականում մանկագրությամբ զբաղվելիս չես կարող հաջողության հասնել, եթե Աստված քեզ չի տվել մանկականության անվերջ ոգին՝ անկախ նրանից 25, թե 90 տարեկան ես: «Պատահական չէ, որ Հովհաննես Թումանյանը, որը գրեց ու օտար լեզուներից հայերեն թարգմանեց բազմաթիվ մանկական գործեր,  ուներ այդ ոգին: Այդպիսին էր նաև Ղազարոս Աղայանը,  որին նայելիս կարծում էիր, թե որևէ էպոսից դուրս եկած պարզ մարդ է, մանկան հոգով, բարի, պայծառ: Մանկական ոգի ուներ Վախթանգ Անանյանը, Հենրիկ Սևանը, այսօր՝ Սուրեն Մուրադյանն ու շատ-շատերը: Մանկական գրականությունը բարդ գրականություն է՝ փնտրված ամբողջ աշխարհում»,-շեշտեց մանկագիրը:

Խոսելով իր ցանկությունների, երազանքների մասին՝ նա խոստովանեց, թե շատ է ուզում, որ հնարավորինս շուտ ձերբազատվենք կորոնավիրուսից: Զրուցել է օտար երկրներում ապրող ընկերների հետ, որոնք ևս մեկ անգամ փաստել են, որ ամբողջ աշխարհում է այս վիճակը: «Ուզում եմ, որ բժիշկները, գիտնականները հնարավորինս շուտ գտնեն համաճարակի դեմ պայքարի միջոցը, որպեսզի վերադառնանք բնականոն կյանքին: Չկա մեր սովորական կյանքը, և ես երազում եմ տեսնել վերադարձը մեզ ծանոթ, սովորական թվացող կյանքին»,- ընդգծեց գրողը:

Էդվարդ Միլիտոնյանը հիշեց նաև Մարտիրոս Սարյանին: Երբ նրան շնորհավորել են ծննդյան օրվա կապակցությամբ, նկարիչն ասել է, որ իր համար ամեն օրը ծննդյան օր է, և հենց այդպես էլ ընդունում է կյանքը:

«Մայիսի 12-ին նաև իմ Ավետիք թոռան վեցամյակն է, որը նաև Իսահակյանի և Սարյանի ծոռն է: Ես երջանիկ եմ երեխաներով»,-եզրափակեց Միլիտոնյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին