ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայր Էդգար Մարուքյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ: Այս մասին Էդգար Մարուքյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ»,- գրել է Մարուքյանը:
Հանցագործության մասին հաղորդումը մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի և դրան հաջորդած որոշ իրադարձությունների վերաբերյալ է:
Գլխավոր դատախազությունից «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք դեռևս չեն ստացել հանցագործության մասին հաղորդումը:
Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 8-ին կառավարության ծրագրի կատարման ադյունքների մասին զեկույցի քննարկմանը ծեծկռտուքի միջադեպ էր տեղի ունեցել Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև, միջամտել էին մյուս պատգմավորները: Նիստը ընդմիջվել էր: Դրանից հետո թե իշխանության, թե ընդդիմության կողմից թեմայի վերաբերյալ հնչել էին ելույթներ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ելույթում, մասնավորապես, նշել էր, որ միջադեպը պետք է ստանա քաղաքական գնահատական և ունենա քաղաքական հետևանքներ, այնուհետև խմբակցությունը ողջ կազմով լքել էր նիստերի դահլիճը: Իշխանության ներկայացուցիչները միջադեպը որակել էին ընդդիմության կողմից սադրանք՝ միևնույն ժամանակ դատապարտելով բռնության ցանկացած դրսևորում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն ևս որակել էր որպես սադրանք, սակայն որին տրվելու համար դատապարտել էր նաև իր քաղաքական թիմին:






