Արցախի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մայիսի 10-ի ժամը 18:25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:






