ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտնեց, որ մանդատը վայր կդնի այն դեպքում, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս վճռի դա անել: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Միքայելյանն այս մասին ասաց ԱԺ մայիսի 11-ի նիստում իր ելույթում:
Միքայլելյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվել է դահլիճում, կատարվել է Մարուքյանի մեղքով: Նա կարծում է, որ կարող են իրենք երկուսով մանդատները վայր դնել: «Իսկ կուսակցությունները շարունակեն իրենց գործը»,-ասաց պատգամավորը, ըստ էության շեշտելով, որ եթե Մարուքյանը մանդատը վայր դնի, ինքն էլ կդնի:
Նա ակնկալում է նաև, որ Էդմոն Մարուքյանի եղբայրը ներողություն կխնդրի՝ իր մոր հասցեին սոցիալական ցանցի էջում հրապարակային գրառմամբ արված վիրավորական արտահատության համար: Միքայելյանը ասաց՝ չի հակադարձի նույն բառերով՝ նշելով, որ Մարուքյանների մայրն իր համար սուրբ է: «Այդ տղան հրապարակային իմ մոր մասին բան է գրել: Լավագույն տարբերակը կլինի ներողություն խնդրելը»,-նշեց նա:
Միքայելյանն առաջարկեց նաև, որ Էդմոն Մարուքյանն էլ նույն կերպ ներողություն խնդրի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից:
Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 8-ին կառավարության ծրագրի կատարման ադյունքների մասին զեկույցի քննարկմանը ծեծկռտուքի միջադեպ էր տեղի ունեցել Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև, միջամտել էին մյուս պատգմավորները: Նիստը ընդմիջվել էր: Դրանից հետո երկու թե իշխանության, թե ընդդիմության կողմից թեմայի վերաբերյալ հնչել էին ելույթներ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մասնավորապես իր ելույթում նշել էր, որ միջադեպը պետք է ստնանա քաղաքական գնահատական և ունենա քաղաքական հետևանքներ, այնուհետև խմբակցությունը ողջ կազմով լքել էր նիստերի դահլիճը: Իշխանության ներկայացուցիչները միջադեպը որակել էին ընդդիմության կողմից սադրանք՝ միևնույն ժամանակ դատապարտելով բռնության ցանկացած դրսևորում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն ևս որակել էր որպես սադրանք, սակայն որին տրվելու համար դատապարտել էր նաև իր քաղաքական թիմին:






