Երկուշաբթի, 02. 06. 2025

spot_img

Շուշիի ազատագրումը բեկում մտցրեց Արցախյան պատերազմի ընթացքի մեջ․ Պարգև Սրբազան

1992-ի մայիսի 8-9-ը մեր օրացույցում հավերժ կմնան որպես Արցախյան ազատամարտի ռազմական ամենափայլուն գործողության` Շուշիի ազատագրման կամ «Հարսանիք լեռներում» ռազմական գործողության օրեր: Այս հաղթանակը բեկումնային էր Արցախի ազատագրական պայքարի ամբողջ ընթացքի համար՝ անշրջելի դարձնելով Հայաստանի Հանրապետության հետ Արցախի՝ աշխարհագրորեն ու անվտանգային առումով վերամիավորման բերած հաղթանակների հետագա ընթացքը։ Այս հաղթանակից հետո առաջ եկան Արցախի կանոնավոր բանակի ստեղծման բոլոր նախադրյալները, և մայիսի 8-9-ը հռչակվեց եռատոն՝ ժամանակի ու տարածության մեջ միավորելով հաղթանակը Երկրորդ աշխարհամարտում, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը:

Եռատոնի կապակցությամբ Արցախի հերոս, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը (Պարգև Սրբազանը) ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի հետ բացառիկ զրույցում շնորհավորեց համայն հայությանը։

-Պարգև Սրբազան, անգնահատելի է Ձեր ունեցած ավանդը Արցախյան ազատամարտում, Շուշիի ազատագրման փառահեղ մարտական գործողությունում։ Խնդրում եմ Եռատոնի կապակցությամբ Ձեր շնորհավորական ուղերձը հղել հայությանը։

-Այսօր մեր հայության համար փառահեղ Եռատոն է։ Շնորհավորում եմ մեր համայն հայությանը։ Առաջին հերթին Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակն է։ Հայերը մեծ ներդրում ունեցան այդ հաղթանակի մեջ։ Բազում հերոսներ, մարշալներ ու գեներալներ տվեցին։ 1992 թվականի մայիսը մենք համարում ենք Պաշտպանության բանակի հիմնադրման օրը։ Մայիսի 8-9 Շուշիի ազատագրման օրն է, որը բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մեջ։ Դրա շնորհիվ  միացանք Մայր Հայաստանին։ Փառք մեր զինվորներին, բոլոր մեր նահատակների հոգին Աստված լուսավորի։ Փառք նրանց, ովքեր այսօր՝ որպես քայլով հերոսներ մեր կողքին ապրում են ու շարունակում իրենց նվիրյալ գործը հանուն հայրենիքի և ազգի։

-Շուշիի ազատագրման գործողությունը ի՞նչպես փոխեց պատերազմի ընթացքը և ի՞նչ ապացուցեց։

-Մեր բոլոր զինվորները համոզվեցի, որ հայ զինվորի համար անհնարին ռազմական խնդիր չկա։ Բոլոր խնդիրները մենք ի զորու ենք լուծելու։ Ադրբեջանի բանակն էլ հասկացավ, որ հայերը կարող են տարածքներ ու անառիկ բերդեր գրավել ու ազատագրել։ Դա իրենց ավելի ընկճեց, մեզ՝ գոտեպնդեց ու ոգևորեց։

-Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել Արցախն ու Շուշին ապագայում։

-Կուզեի տեսնել ավելի հզոր, անվտանգ ու խաղաղ Արցախ և Մայր Հայաստան միասին։ Եվ ավելի միաբան ու միասնական։

-Այսօրվա և գալիք սերունդները տոնի նշանակության և խորհրդի մասին ի՞նչ պետք է իմանան։ Ի՞նչ կփոխանցեք նրանց։

-Այն ժամանակ կար կատարյալ Եռամիասնություն՝ Սփյուռք, Մայր Հայաստան և Արցախ։ Ամբողջ ազգը դարձել էր մեկ բռունցք, մեկ սիրտ, մեկ միտք։ Երբ միաբան ենք, աշխարհի բոլոր խնդիրները լուծում ենք։ Ես ուզում եմ, որ մեր ազգը միշտ միաբան լինի։ Ուրախ եմ, որ մեր երիտասարդները, մեր զինվորները շատ խիզախ են, այդ ջահը իրենց ծնողներից վերցրել են ու շարունակում են ազգանվեր գործը։ Փայլուն սերունդ ունենք բանակում, նվիրյալներ։ Ուզում եմ, որ ամեն հայ երիտասարդ լինի հայրենասեր, ազգասեր, հավատքով ու ազգային արժեքները կրող։ Դա մեզ կդարձնի անսասան։ Բոլորիս մաղթում եմ ամենաբարին։

-Պարգև Սրբազան, Սփյուռքին ի՞նչ կոչով կամ ասելիքով կդիմեք։

-Թող որ Սփյուռքը հզոր լինի։ Սփյուռքը մեր համայն հայության անբաժանելի մասն է։ Ես հավատում եմ, որ մեր Սփյուռքի զավակները մի օր կվերադառնան տուն՝ պատմական տուն, իրենց հայրենիք։ Մենք սրանով ենք ապրում և դա էլ ցանկանում ենք։

Զրուցեց՝ ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

«Զարթօնք»ի  Երեւանի Աշխատակից

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին