1992-ի մայիսի 8-9-ը մեր օրացոյցում յաւերժ կը մնան որպէս Արցախեան ազատամարտի ռազմական ամենափայլուն գործողութեան` Շուշիի ազատագրման կամ «Հարսանիք լեռներում» ռազմական գործողութեան օրեր: Այս յաղթանակը բեկումնային էր Արցախի ազատագրական պայքարի ամբողջ ընթացքի համար՝ անշրջելի դարձնելով Հայաստանի Հանրապետութեան հետ Արցախի՝ աշխարհագրականօրէն ու անվտանգային առումով վերամիաւորման բերած յաղթանակների Յետագայ ընթացքը։ Այս յաղթանակից յետոյ առաջ եկան Արցախի կանոնաւոր բանակի ստեղծման բոլոր նախադրեալները, եւ մայիսի 8-9-ը հռչակուեց եռատօն՝ ժամանակի ու տարածութեան մէջ միաւորելով յաղթանակը Երկրորդ աշխարհամարտում, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանութեան բանակի ստեղծումը:
Եռատօնի կապակցութեամբ Արցախի հերոս, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսեանը (Պարգեւ Սրբազանը) ԶԱՐԹՕՆՔ-ի հետ բացառիկ զրոյցում շնորհաւորեց համայն հայութեանը։
– Պարգեւ Սրբազան, անգնահատելի է Ձեր ունեցած աւանդը Արցախեան ազատամարտում, Շուշիի ազատագրման փառահեղ մարտական գործողութիւնում։ Խնդրում եմ Եռատօնի կապակցութեամբ Ձեր շնորհաւորական ուղերձը յղել հայութեանը։
– Այսօր մեր հայութեան համար փառահեղ Եռատօն է։ Շնորհաւորում եմ մեր համայն հայութեանը։ Առաջին հերթին Երկրորդ համաշխարհային պատերազմում յաղթանակի 75-ամեակն է։ Հայերը մեծ ներդրում ունեցան այդ յաղթանակի մէջ։ Բազում հերոսներ, մարշալներ ու գեներալներ տուեցին։ 1992 թուականի մայիսը մենք համարում ենք Պաշտպանութեան բանակի հիմնադրման օրը։ Մայիսի 8-9 Շուշիի ազատագրման օրն է, որը բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մէջ։ Դրա շնորհիւ միացանք Մայր Հայաստանին։ Փառք մեր զինուորներին, բոլոր մեր նահատակների հոգին Աստուած լուսաւորի։ Փառք նրանց, ովքեր այսօր՝ որպէս քայլով հերոսներ մեր կողքին ապրում են ու շարունակում իրենց նուիրեալ գործը յանուն հայրենիքի եւ ազգի։
– Շուշիի ազատագրման գործողութիւնը ինչպէ՞ս փոխեց պատերազմի ընթացքը եւ ի՞նչ ապացուցեց։
– Մեր բոլոր զինուորները համոզուեցին, որ հայ զինուորի համար անհնարին ռազմական խնդիր չկայ։ Բոլոր խնդիրները մենք ի զօրու ենք լուծելու։ Ազրպէյճանի բանակն էլ հասկացաւ, որ հայերը կարող են տարածքներ ու անառիկ բերդեր գրաւել ու ազատագրել։ Դա իրենց աւելի ընկճեց, մեզ՝ գօտեպնդեց ու ոգեւորեց։
– Ինչպիսի՞ն կ՛ուզէիք տեսնել Արցախն ու Շուշին ապագայում։
– Կ՛ուզէի տեսնել աւելի հզօր, անվտանգ ու խաղաղ Արցախ եւ Մայր Հայաստան միասին։ Եւ աւելի միաբան ու միասնական։
– Այսօրուայ եւ գալիք սերունդները տօնի նշանակութեան եւ խորհրդի մասին ի՞նչ պէտք է իմանան։ Ի՞նչ կը փոխանցէք նրանց։
– Այն ժամանակ կար կատարեալ Եռամիասնութիւն՝ Սփիւռք, Մայր Հայաստան եւ Արցախ։ Ամբողջ ազգը դարձել էր մէկ բռունցք, մէկ սիրտ, մէկ միտք։ Երբ միաբան ենք, աշխարհի բոլոր խնդիրները լուծում ենք։ Ես ուզում եմ, որ մեր ազգը միշտ միաբան լինի։ Ուրախ եմ, որ մեր երիտասարդները, մեր զինուորները շատ խիզախ են, այդ ջահը իրենց ծնողներից վերցրել են ու շարունակում են ազգանուէր գործը։ Փայլուն սերունդ ունենք բանակում, նուիրեալներ։ Ուզում եմ, որ ամեն հայ երիտասարդ լինի հայրենասէր, ազգասէր, հաւատքով ու ազգային արժեգները կրող։ Դա մեզ կը դարձնի անսասան։ Բոլորիս մաղթում եմ ամենաբարին։
– Պարգեւ Սրբազան, Սփիւռքին ի՞նչ կոչով կամ ասելիքով կը դիմէք։
– Թող որ Սփիւռքը հզօր լինի։ Սփիւռքը մեր համայն հայութեան անբաժանելի մասն է։ Ես հաւատում եմ, որ մեր Սփիւռքի զաւակները մի օր կը վերադառնան տուն՝ պատմական տուն, իրենց հայրենիք։ Մենք սրանով ենք ապրում եւ դա էլ ցանկանում ենք։
Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից
Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը