Արցախի իշխանությունը պետք է առաջին հերթին քաղաքացիական հասարակության ֆինանսավորման և աջակցման մեխանիզմները բարելավի, թափանցիկ և մրցութային համակարգով ֆինանսավորում կատարի հասարակական կազմակերպություններին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, մայիսի 7-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով 2019 թվականի ԱՀ ՄԻՊ-ի գործունեության և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումը։
«Առանձին ուղղություն է քաղաքացիական հասարակության զարգացման, հզորացման ուղղությունը, քանի որ թույլ քաղաքացիական հասարակության պայմաններում խնդիրները ավելի շատ են լինում, և քաղաքացիական հասարակությունը կարևոր օղակներից մեկն է, որը կարող է պետությանը աջակցել Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ»,- ասաց Բեգլարյանը։
Արցախի ՄԻՊ-ի կարծիքով՝ պետք է քաղհասարակությունների ֆինանսավորումը զգալի չափով ավելանա։
«Նաև պետությունը պետք է աջակցի քաղաքացիական հասարակության մեջ ընդգրկված անձանց կարողությունների զարգացման ուղղությամբ, քանի որ շատ կարևոր է, որ փորձագիտական համայնքն էլ կայանա, ինչի արդյունքում պետական մարմիններին կարող է մեծ աջակցություն ցուցաբերվել»,- եզրափակեց Բեգլարյանը։






