ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ իրավապահ համակարգում 2018-ի հեղափոխությունից հետո առաջացել է շոկ, որը դեռ չի հաղթահարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին, թե ուժային կառույցներում վարվող կադրային քաղաքականությունը որքանով է անդրադառնալու ոլորտի կատարողականի վրա:
«Պետք է ընդունենք և խոստովանենք, որ մեր իրավապահ համակարգն իրականում շոկի մեջ է: Եվ ես դա զգում եմ տարբեր առիթներով: Ոստիկանության, ԱԱԾ-ի աչքի առաջ տեղի է ունեցել մի բան՝ 2018-ի հեղափոխությունը, որը երկար տարիներ նրանց ներշնչվել է, որ հնարավոր չէ և չի կարող տեղի ունենալ: Այդ մարդիկ նայել են ու իրենց աչքերին չեն հավատացել: Հիմա էլ շատ մարդիկ նայում են և իրենց աչքերին չեն հավատում, որ ես այստեղ կանգնած եմ՝ որպես ՀՀ վարչապետ, քանի որ ես նրանց օբյեկտն եմ եղել տասնյակ տարիներ: Իմ քաղաքականությունը եղել է օգնել այդ համակարգերին, որ հաղթահարեն այդ շոկը, հասկանան, որ նոր իրավիճակում իրենց ուսերին դրված է ավելի բարձր, ավելի ազնիվ ու պետական առաքելություն: Եվ ես մեր համակարգերի և ոստիկանության ամենամեծ խնդիրը հենց այդ շոկն եմ համարում, որ ցավոք սրտի մինչև հիմա հաղթահարված չէ»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց՝ սակայն դրա համար ոչ թե պետք է փայտով ընկնել ոստիականության հետևից, այլ պետք է օգնել, բարեփոխումներ անել: Վարչապետը նշեց՝ ընդունել են ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը և պետք է պարեկային նոր ռազմավարություն ձևավորեն: «Ճանապարհային ոստիկանությունը պետք է չլինի, պարեկապահակային ծառայություն պետք է չլինի, պետք է լինի պարեկային ծառայություն: Եվ այդ ծառայությունը մի շատ մեծ մասով պետք է ձևավորվի գործող ոստիկաններից, որոնք կրթական գործընթաց կանցնեն և շոկը կհաղթահարեն: Բայց նաև մեծ թվով նոր մարդիկ պետք է ներգրավենք»,-ասաց Փաշինյանն ու նշեց՝ պարեկային ծառայությունում պետք է լինի բավականին բարձր աշխատավարձ:
Վարչապետը նշեց՝ կառավարությունը 30 տոկոսով ավելացրել է վճարումները, սակայն ողջ իրավապահ համակարգին զրկել է կոռուպցիոն եկամուտներից:






