Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանում սոցիալական կոլապս չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին ասաց Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացի և արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկման ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին։ «Ես վստահ եմ ասում՝ այսօր Հայաստանում սոցիալական կոլապս չկա, կան սոցիալական պրոբլեմներ, բայց սոցիալական կոլապս չկա, որովհետև եթե լիներ, մենք այսօր դրա մասին կխոսեինք»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե ճգնաժամային պայմաններում ՀՆԱ-ի քանի տոկոսն է կառավարությունը պատրաստվում ներարկել տնտեսության մեջ՝ վարչապետը պատասխանեց․ «Մենք տնտեսության մեջ պատրաստվում ենք ներարկել անսահմանափակ քանակությամբ փող, բայց այստեղ շատ հայեցակարգային մոտեցում կա։ Մենք այդ փողը պատրաստվում ենք ներարկել ոչ թե որպես սոցիալական աջակցություն, մենք այդ փողը պատրաստվում ենք ներարկել որպես կապիտալ ներդրում, որպես աշխատանքի հնարավորություն։ Այստեց նույնպես մենք կարող ենք ունենալ հայեցակարգային բանավեճ, ինչը չի նշանակում, որ ես մեր ասածը կհամարեմ բացարձակ ճշմարտություն, իսկ ձեր ասածը կհամարեմ բացարձակ ոչ ճշմարտություն։ Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր տեսակետներին, բայց իմ համոզմունքն է, որ մենք փողը ինչքան երկար ճանապարհով պտտենք, այնքան ավելի մեծ էֆեկտ ենք ստանալու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց, որ կա մարդկանց փող բաժանելու ճանապարհը, բայց կառավարությունն ասում է, ոչ, ստեղծում ենք 100 նոր նախագիծ, որպեսզի այդ 100 նախագծի վրա մարդիկ աշխատեն։ «Մենք նախորդ տարի ասել ենք, որ Հայաստանում 500 կիլոմետր ճանապարհ ենք կառուցելու, հիմա, եթե պարզվի, որ Հայաստանում ներուժ կա ավելին իրականացնելու, մենք ավելին կանենք։ Մեր հայեցակարգային դիրքորոշումը դա է, որ մենք պետք է ոչ թե մարդկանց փող բաժանենք, մենք պետք է մարդկանց աջակցենք, որպեսզի նրանք աշխատեն և աշխատանքով իրենց ապրուստը վաստակեն»,- մանրամասնեց Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաև հնչող հարցադրումներին, թե ինչո՞ւ, օրինակ, Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի պայմաններում իր քաղաքացիներին ինչ-որ չափի գումար է բաժանել։ Վարչապետն ընդգծեց, որ Ճապոնիայի կառավարությունն այդ քայլին գնացել է շատ պարզ պատճառով, որովհետև Ճապոնիայում քանդած ճանապարհ չկա, Ճապոնիայում քանդած դպրոց չկա, քանդած հիվանդանոց չկա, Ճապոնիան աղբի մեջ կորած չէ։ «Ամբողջ Հայաստանն աղբի տակ կորած է, եկեք այդ փողն այնպես ծախսենք, որ ասենք, ժողովուրդ ջան, եկեք այդ աղբն այնպես հավաքենք, որ դրա դիմաց վաստակենք։ Մենք այս հարցում մեր մոտեցումն ունենք և կրում ենք պատասխանատվություն մեր մոտեցման համար»,- եզրափակեց վարչապետը։






