Չորեքշաբթի, 11. 06. 2025

spot_img

Պահանջատէր Լինելու Համար Պէտք Է Լինել Հետեւողական Եւ Գործել Անյապաղ

Համացանցի վրայ կարդալով «Զարթօնք» օրաթերթի (28.04.2020, թիւ 165) «Պահանջատէր Լինելու Համար Նախ Պէտք է Լինենք Հայրենաճանաչ Ու Իրաւաճանաչ» յօդուածը, որ ներկայացրել էր Լեւոն Կարապետեանը, անկեղծօրէն հպարտացայ, որ երիտասարդը պահանջատիրութեան վերաբերեալ յօդուած է գրել։ Այդպիսի յօդուածների հրապարակման անհրաժեշտութիւնն այսօրուայ հրամայականն է, թէպէտ մենք շատ ենք ուշացել։ Յամենայնդէպս մենք՝ հայերս, այս հարցին պէտք է անդրադառնայինք դեռեւս 1965 թուականին, երբ ժողովուրդը ոտքի ելաւ՝ պահանջելով՝ «Մեր հողերը», «Մեր հողերը»․․․ Սակայն ՀՀ-ում, որտեղ խորհրդային կարգեր էին, չէին կարող պահանջել, քանի որ ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուտրօ Ուիլսոնի կողմից 1920 թուականի նոյեմբերի 22-ին կայացրած «Իրաւարար վճիռը» ԱՄՆ-ի կառավարութեան կողմից չէր կարող իրականացուել, որովհետեւ գաղափարական հակամարտութիւն կար ԽՍՀՄ-ի հետ, եւ այդ տարածքները վերադարձնելով՝ նրանք աւելի կը հզօրացնէին ԽՍՀՄ-ին եւ նա տարածքներով աւելի կը մօտենար Միջին Արեւելքի նաւթահորերին, որն ԱՄՆ-ի, Եւրոպայի շահերից չէր բխում։

            Սակայն հայկական Սփիւռքն էլ չձայնակցեց։ Սփիւռքի շարժիչ ուժերը՝ Հայ Դատը, աւանդական կուսակցութիւնները որդեգրեցին Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը, մոռանալով պահանջատիրական տարածքները։ Այս անցած 55 տարուայ ընթացքում, եթէ պայքարն ուղղուած լիներ պահանջատիրական ուղիով, կարծում եմ, այժմ մենք կ՛ապրէինք մեր պապենական հողերում։

            Յօդուածագիրը ճիշտ հարցադրում է անում, որ պէտք է «Հայրենաճանաչ» եւ «Իրաւաճանաչ» լինենք։ Սակայն կարծում եմ, որ Լեւոն Կարապետեանը հենց դրա պակասն ունի։ Նա նայում է, որ «Ներկայումս հողային պահանջներ ներկայացնելը իրական հնարաւորութիւն չունի»։

            Յարգելի երիտասարդ, 1920 թուականի օգոստոսի 10-ին կնքուած Սեւրի դաշնագրի հիման վրայ ստեղծուել են մեր տարածաշրջանի մի քանի պետութեան սահմանները։ Նաեւ գծուել են Արեւմտեան Հայաստանի (ԱՀ) սահմանները, որի հարաւային սահմանը համապատասխանում է կազմաւորուող Քիւրտիստանի հիւսիսային սահմաններին։

            Ներկայ պայմաններում մեր տարածաշրջանում այնպիսի աշխարհաքաղաքական իրադարձութիւններ են կատարւում՝ Իրաքի, Սիրիայի, մասնատում, Քիւրտիստան պետութեան ձեւաւորում, Իսլամական դեռ չծնուած ու արդէն մահացած պետութեան իրողութիւն, որ Թուրքիայի մասնատումը դարձել է օրակարգային հարց։ Դուք փոխանակ, որպէս երիտասարդ, կոչ անէք, որ պայքարենք ԱՀ-ի վերակազմաւորման համար, գրում էք, թէ ժամանակը չէ։ Իսկ ես կարծում էի, թէ երիտասարդները մեր պայքարի շարունակողները պէտք է լինեն։

            Ուրեմն այսպէս՝ Վուտրօ Ուիլսոնի «Իրաւարար վճիռը» իրաւական խնդիր է։ Այն ուժի մէջ է մտել անմիջապէս՝ ստորագրման պահից։ Չի իրագործուել, որովհետեւ տաս օր անց բոլշեւիկները օկուպացրեցին ՀՀ-ն։ «Իրաւարար վճիռը» անբեկանելի ու անժամանցելի վճիռ է, իսկ Ցեղասպանութեան ճանաչումն իրաւական ուժ չունի, այն բարոյական խնդիր է։

            Չպէտք է վախենալ, դժուարանալ, որ կը կարողանանք վերահսկել այնտեղ բնակուող քրդերին։ Յարգելիս, երբ կը ձեւաւորուեն նոր պետութիւնները, իսկ Թուրքիայի տարածքների վրայ պէտք է վերականգնուի Պոնտական Յունաստանը, ալեւիները պէտք է պետութիւն կազմեն, ասորիներն ու ալաւիներն էլ են ուզում պետութիւն կազմաւորեն, տեղի կ՛ունենայ ժողովուրդների բնականոն տեղաշարժ։ Ամեն մէկը կը գնայ իր ժողովրդի հետ՝ իր երկրում ապրելու համար։ ՄԱԿ-ի կանոնադրութեամբ՝ բնիկ ժողովուրդներն իրաւունք ունեն պետութիւն ստեղծել, որպէսզի բնականոն զարգանան, տնտեսութիւն ստեղծեն, գիտութեամբ զբաղուեն․․․

            Երիտասարդների համար դժուարութիւնն արգելք չպէտք է հանդիսանայ, պարտուողական տրամադրութիւններից պէտք է զերծ լինի։ Քրտական բնակչութեան առաւելութիւնը չպէտք է մտահոգի։ Դա կարող եմ բացատրել Լոս Անճելըսի Կլենտել քաղաքի օրինակով։ Երեսուն տարի առաջ այդ քաղաքում մի քանի հարիւր հայ էր բնակւում, իսկ այժմ քաղաքի բնակչութեան մօտ 50%-ը հայեր են՝ մօտ 100,000 հայ բնակիչ։ Ուրեմն, կարելի է չէ՞ տեմոկրաֆիական վիճակը փոխել մեր օգտին։ Եթէ չվախենաք, Դուք էլ կարող էք այնտեղ բնակուել եւ գործարարութեամբ զբաղուել, որի համար լայն հնարաւորութիւններ կը յառաջանան տարբեր ոլորտներում։

            Հաշուի առէք, որ Մեծ Հայաստանի կազմաւորումը պատնէշի դեր կը կատարի Մեծ Թուրանի ստեղծման բարբաջանքի ճանապարհին, որը թէ՛ Իրանի, թէ՛ Չինաստանի, թէ՛ Ռուսաստանի շահերից է բխում անմիջականօրէն, եւ կողմնակի՝ ԱՄՆ-ի ու Եւրոպայի շահերից։

            Ձեր թուարկած պահանջների 1-ին կէտը պէտք է լինի Վուտրօ Ուիլսընի «Իրաւարար վճռի» իրականացումը։ Մենք բռնի կերպով հայրենազրկուած ժողովուրդ ենք, յաղթող պետութիւն ենք թէ՛ 1-ին, թ՛2-րդ աշխարհամարտում, բայց ոչ մի թիզ հող չենք ստացել դրա արդիւնքում։ Ընդհակառակը՝ կորցրել ենք։ Ուրեմն՝ մեր պայքարը հայրենատիրութեան համար է։

            Երիտասարդի համար ոչ մի դժուարութիւն արգելք չպէտք է հանդիսանայ։ Յանուն գաղափարի, յանուն քո ազգի, յանուն նրա գոյութեան ու զարգացման, հզօրացման համար հարկաւոր է հաւատալ, պայքարել ու յաղթել։       

Յ․Գ․ Խորհուրդ եմ տալիս ընթերցել «Զարթօնք»-ի 15.04.2020 թիւ 157 համարի 13 էջում հրատարակուած Մեթր Գասպար Տէրտէրեանի յօդուածը։

ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ                               

Լրագրողների միջազգային միութեան անդամ

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին