Ուրբաթ, 12. 09. 2025

spot_img

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 46 – Տիեզերական Պետութիւն Դառնալուն Հայաստանը Պատրաստ Չէ․ Արեգ Միքայէլեան

Տիեզերական դարաշրջանի սկիզբը համարւում է 1957 թի հոկտեմբերի 4-ը, երբ Խորհրդային Միութիւնում, աշխարհում առաջին անգամ, արձակուեց Երկրի արհեստական արբանեակ: 1957 թի նոյեմբերին արձակուած Երկրի արհեստական 2-րդ արբանեակով առաջինը Տիեզերք ուղարկուեց Լայքա անունով շունը եւ 1 շաբաթ ապրեց ուղեծրում: Առաջին մարդը՝ Եուրի Գագարինը, Տիեզերք է թռել 1961 թ. ապրիլի 12-ին՝ Խորհրդային Միութեան արձակած «Վոստոկ-1» տիեզերանաւով, եւ կատարել ընդամէնը մէկ պտոյտ երկրամերձ ուղեծրով: Այդ թռիչքը տեւել է 108 րոպէ։ Այդ օրը համարւում է Համաշխարհային տիեզերագնացութեան օր:

1963 թի յունիսին Տիեզերք թռաւ առաջին կինը՝ Վալենտինա Տերեշկովան: Նա ղեկավարում էր Խորհրդային Միութեան արձակած «Սոյուզ-6» տիեզերանաւը, որը Երկրի շուրջը կատարեց 48 պտոյտ: 1965 թի մարտին առաջինը «Վոսխոդ-2» տիեզերանաւից բաց (անօդ) տարածութիւն դուրս եկաւ Ալեքսեյ Լեոնովը:

1969 թին ամերիկացիներ Նիլ Արմսթրոնկը եւ Էտւին Օլտրինը Լուսնի վրայ վայրէջք կատարեցին «Ափոլոն-11» տիեզերանաւի լուսնային հատուածամասով: Ամենաերկար ժամկէտով Տիեզերքում մնացել է ռուս տիեզերագնաց Վալերի Պոլյակովը, որը «Միր» տիեզերական համալիրում անցկացրեց 438 օր եւ Երկիր վերադարձաւ 1995 թի մարտի 22-ին:

Այսօր աշխարհի շատ երկրներ են ձգտում դառնալ տիեզերական պետութիւն՝ արձակելով արհեստական արբանեակներ։ Հայաստանն այդ առումով, իհարկէ, չի կարող համեմատուել գերտէրութիւնների հետ, սակայն պետութեան սահմանների փոքր լինելը չի կարող խանգարել տիեզերական պետութիւն դառնալու յայտ ներկայացնելու գործում։

Տիեզերական պետութիւն դառնալու գործում կարեւոր դեր են խաղում արհեստական արբանեակների առկայութիւնը։ Հայաստանն առ այսօր որեւէ արհեստական արբանեակ չունի, այնինչ մեր հարեւան Ադրբեջանն արդեն երեք արհեստական արբանեակ ունի, որն օգտագործում է տարբեր նպատակներով։

UCS Satellite-ի տուեալներով՝ տիեզերքում ամենից շատ արհեստական արբանեակ ունեցող երկիրը ԱՄՆ է՝ 830 արբանեակ, երկրորդ տեղում է Չինաստանը, երրորդում՝ Ռուսաստանը։ 2018 թի տվյալներով` տիեզերքում ամենից շատ արբանեակ ունեցող երկրների պատկերը հետեւեալն է. ԱՄՆ – 830, Չինաստան – 280, Ռուսաստան – 147, Ճապոնիա – 75, Միացեալ Թագաւորութիւն – 54, Հնդկաստան 54, Գանատա – 37, Լիւքսեմպուրկ – 33, Գերմանիա – 29, Սպանիա – 17, Արժանթին – 14։

Այս թեմայի շուրջ «Զարթօնք» օրաթերթը զրուցել է ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի  Բիւրականի աստղադիտարանի տնօրէն, աստղագէտ Արեգ Միքայէլեանի հետ։

– Շնորհակալ եմ հարցազրոյցի հրաւէրը չմերժելու համար։ Պարոն Միքայէլեան, ինչու՞ Հայաստանն առ այսօր որեւէ արհեստական արբանեակ չունի։ Ամբողջ աշխարհում, եթէ նայում ենք վիճակագրական տուեալները, գրեթէ բոլոր երկրներն ունեն արհեստական արբանեակներ, որոնք օգտագործում են տնտեսական ու անվտանգութեան հարցեր լուծելու համար։ Ձեր կարծիքով ինչու՞ Հայաստանում այդ առումով որեւէ լուրջ քայլ չի իրականացուել։

– Նախ նշեմ, որ, շատ երկրների կողմից արձակուող արհեստական արբանեակները պարզապէս յայտ են տիեզերական պետութիւն կոչուելու համար։ Իրենք գիտական լուրջ խնդիրներ չեն լուծում։ Հիմա կան շատ էժան արբանեակներ, մինչեւ մի քանի տասնեակ հազար տոլարի սահմանում։ Լուրջ արբանեակն արժի մօտ 250 մլն դոլար։ Թէ պատկերացրէք, դրա համեմատ տասնեակ անգամ էժան արբանեակներ կան, որոնք կոչւում են մանրաարբանեակ կամ խորանարդիկ արբանեակ։ Դրանք իսկապէս շատ փոքր՝ 10 սմ կողմերով խորանարդիկ կարող է լինել։ Օրինակ Ադրբեջանն արձակել է երեք արբանեակ։ Դրա հետ կապուած կան շատ խօսակցութիւններ, թէ ինչո՞ւ մեր հարեւան պետութիւնն արբանեակ ունի, մենք՝ ոչ։ Իհարկէ, այդպիսի արբանեակներ մենք նոյնպէս կարող ենք ունենալ։ Դրանց կեանքի տեւողութիւնն էլ շատ քիչ է։ Որպէս կանոն դրանք մի քանի օր կամ մի քանի ժամ են տեւում։ Նոյնիսկ լինում է, որ արձակման պահին ընդամէնը ցուցադրական ներկայացւում է ու դրանից յետոյ այն չի շարունակում աշխատել։ Դա մեծ հաշուով լուրջ խնդիրներ չի կարող լուծել։ Այնպէս որ, այստեղ երկու տարբեր երեւոյթների մասին պէտք է խօսել։ Մէկը՝ ցուցադրական, գովազդային կողմի մասին, միւսը՝ իրական տիեզերական պետութիւն կոչուելու։ Երկրորդին Հայաստանը պատրաստ չէ։

– Պարոն Միքայէլեան, տեղեակ եմ, որ Կառավարութեան կողմից ստեղծուել է յանձնաժողով, որտեղ քննարկուում է ոլորտի հետ կապուած հետագայ զարգացումներն ու ռազմավարութիւնը։ Այս ընթացքում ի՞նչ էք հասցրել քննարկել ու ի՞նչ նորութիւններ կան։

– Այո, ինչպէս գիտէք ստեղծուել է միջգերատեսչական յանձնաժողով, որտեղ ներկայացուած են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ բարձր տեխնոլոգիաների նախարարութեան, պաշտպանութեան նախարարութեան, անվանգութեան խորհրդի, արտակարգ իրավիճակների նախարարութեան եւ այլն։ Գիտութեան ոլորտից ես եմ ներկայացնում։ Անցած տարուայ դեկտեմբեր ամսին ընդունուել է Տիեզերքի մասին օրէնքը եւ հիմա մշակւում է ռազմավարութիւնը կամ հայեցակարգը։ Յանձնաժողովում հենց արհեստական արբանեակների հարցը քննարկուել է։ Գուցէ հենց այդպէս էլ եզրակացութիւնը ձեւակերպուի եւ զուգահեռաբար Հայաստանն արձակի փոքր արբանեակ՝ տիեզերական պետութիւն դառնալու յայտ ներկայացնելու համար։ Դեռ յստակ որոշում չկայ։ Բայց Հայաստանը կարող է մասնակցել աւելի լուրջ ծրագրերի, մեծ արբանեակների վրայ ֆինանսական ներդրում ունենալ ու այդտեղից մենք մեր շահոյթը կ՛ունենանք։ Տիեզերական ոլորտը տանում է դէպի մեծ պիզնես։ Պատկերացրէք՝ ինչքան արբանեակներ են ապահովում բջջային կապից սկսած, հեռուստատեսութիւն, համացանց, քարտեզագրում եւ այլն։ Տիեզերական հետազօտութիւններն հիմա շատ կարեւոր են դարձել մարդկութեան գործունէութեան բոլոր ոլորտների հարցում։ Եթէ մենք օտարից ենք օգտւում, գնում են, մեծ ծախսեր ենք անում, կարող ենք մեր սեփականն ունենալ կամ գոնէ մեծ արբանեակի վրայ մենք մեր սեփական բաժինն ունենաք բոլոր ծառայութիւններն անվճար կը ստանանք։ Մենք դրանից միայն կշահենք։

– Կարող ենք աւելի համակարգուած ներկայացնել, թէ արհեստական արբանեակները մեզ ի՞նչ առաւելութիւններ կտան՝ տնտեսական, պաշտպանական եւ այլ ոլորտներում։

– Առաջին հերթին դա երկրի անվտանգութիւնն է, պաշտպանական խնդիրները։ Բոլոր երկրների տիեզերական գործունութիւնը զգալի չափով հանգում է պաշտպանական խնդիրների լուծմանը։ Էլ չեմ ասում տիեզերական անվտանգութեան խնդրի մասին, որը եւ՛ պաշտպանականին եւ՛ արտակարգ իրավիճակներին է առնչւում։ Մարդիկ միշտ վտանգ ունեն արհեստական կամ բնական յարձակումների ու դրանցից պէտք է սովորել պաշտպանուել։ Պէտք է սովորել պաշտպանուել նաեւ փոքր երկնաքարերից։ Յաջորդը օդերեւութաբանական խնդիրներն են։ Բոլորին յայտնի է, որ օդերեւութաբանական կանխատեսումները տեղի են ունենում Տիեզերքից։ Երկրների մակերեւոյթների քարտեզագրում է իրականացւում արբանեակների շնորհիւ։ Դրանք կատարւում են թէ՛ աշխարհագրական, թէ՛ քաղաքական նպատակներով։ Այսինքն՝ նոյն հետազօտութիւնները, որոնք կատարւում էին Երկրի վրայից, շատ աւելի արդիւնաւէտ է դառնում Տիեզերքից կատարելու դէպքում։ Որպէս աստղագէտ իմ կողմից աւելացնեմ, որ տիեզերական աստղագիտութիւնը նոյնպէս բուռն ձեւով զարգանում է։ Երկրի ուղեծրի վրայ տեղադրուած աստղադիտակները, աստղադիտարանները ուսումնասիրում են ամբողջ Տիեզերքը։ Աւելին ասեմ՝ վերջին տարիներին աստղադիտարանները ոչ միայն Երկրի ուղեծրի վրայ ենք տեղադրում, այլեւ՝ բարձրացնում ենք, աւելի հեռացնում ենք Երկրից դէպի արեգակնային ուղեծիր։ Այդկերպ աւելի արդիւնաւէտ են աշխատում, քանի որ Երկիրը մի կողմը չի փակում։ Դրանք գիշեր-ցերեկ աշխատում են, քանի որ մթնոլորտից ազատուած են, արեգակն ընդամէնը երեւում է Լուսնի նման կլոր շրջան եւ ոչ աւել։ Ցերեկային լուսաւորութիւն չկայ։ Ցերեկային լուսաւորութիւնը դա Արեգակի ճառագայթների ցրումն է մեր մթնոլորտում։ Այդ պատճառով է երկինքը ցերեկները լուսաւոր դառնում։ Չմոռանանք նաեւ, որ վերջին տարիներին մեծ արագութեամբ զարգանում է տիեզերական գործունէութեան իրաւաբանական ոլորտը։

– Պարոն Միքայէլեան, Դուք որպէս գիտնական կարող էք ասել, թէ ինչո՞ւ անկախութեան տարիներից ի վեր Հայաստանում ոլորտը չի զարգացել։ Պատճառները պէտք է փնտռել գիտութեա՞ն մէջ, թէ ֆինանսական ոլորտում։

– Մի քանի պատճառ կարող եմ նշել։ Նախ նշեմ, որ Հայաստանն առաջիններից մեկն էր, որ զարգացաւ տիեզերական հետազօտութիւնները։ Դա հենց մեր աստղադիտարանի հետ է կապուած։ Մեր գիտնական Գրիգոր Գուրզադեանը, Վիքթոր Համբարձումեանին զգալի աջակցութեամբ կարողանում էին Հայաստանում իրականացնել տիեզերական ծրագրեր։ «Օրիոն 1» եւ «Օրիոն 2» տիեզերական աստղադիտարանները, որոնք ուղարկուեցին խորհրդային տիեզերանաւերի վրայ եւ հետազօտութիւններ կատարեցին, առաջիններից էին։ Դա Խորհրդային միութեան տիեզերական ամենամեծ նուաճումներից մէկն էր։ Էլ չեմ ասում կատարուել են բազմաթիւ կենսաբանական հետազօտութիւններ, տիեզերքում մանրագործարաններ (microorganism) են հետազօտուել։ Տիեզերական կենսաբանութեան հիմնադիրը նոյնպէս մեր հայրենակից Նորայր Սիսակեանն է եղել։ Էլի անուններ կարող եմ նշել։ Հայերը մասնակցել ու շատ աշխոյժ են եղել մինչեւ Խորհրդային միութեան փլուզումը։ Այստեղ արդեն առարկայական պատճառը այն էր, որ ընդհանրապէս այդ տարիներին գիտութիւնը երկրորդ բլան մղուեց; Ի դէպ՝ ես դա որպէս քննադատութիւն պէտք է ասեմ իշխանութիւններին։ Եթէ երկրում տնտեսական վիճակը լաւ չէ, չի նշանակում, որ գիտութիւնը պէտք է երկրորդ բլան մղել, կամ չունենալ գիտութիւն։ Դրա ապացոյցն է պատերազմի տարիներին ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի ստեղծումը, այնուհետեւ մեր աստղադիտարանի ստեղծումը։  1943թ. նոյեմբերի 10-ին ՀՍՍՀ կառավարութեան որոշմամբ ստեղծւում է Հայաստանի գիտութիւնների ակադեմիան, որի 23 հիմնադիր ակադեմիկոսների թւում էին Մ.Աբեղեանը, Ալիխանեան եղբայրները, Հ.Աճառեանը, Աւ. Իսահակեանը, Վ. Համբարձումեանը, Օրբելի եղբայրները եւ այլք: Հայաստանի ԳԱ առաջին նախագահ է ընտրւում հանրայայտ պատմաբան, արեւելագէտ ակադեմիկոս Յովսէփ Օրբելին։  1947թ. Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի նախագահ է ընտրւում աշխարհահռչակ գիտնական, տեսական աստղաբնագիտութեան հիմնադիր ակադեմիկոս Վիքթոր Համազասպի Համբարձումեանը։ Վիքթոր Համբարձումեանի անուան Բիւրականի աստղադիտարանը ստեղծուել է 1946 թուականին։ Ու տեսէք, թէ ինչպիսի յաջողութիւններ ունեցաւ Հայաստանը գիտութեան շնորհիւ։ Հայաստանի վարկանիշը շատ բարձր է եղել հենց գիտութեան շնորհիւ։ Ոչ մի այլ ոլորտով Հայաստանն այդքան հպարտանալու բան չունի, որքան գիտութեամբ։ Բայց, անկախութեան տարիները իրականում հիասթափութիւն բերեցին գիտնականների ու գիտութեան ոլորտին։ Միայն այս վերջին ժամանակաշրջանում են փորձում հասկանալ գիտութեան կարեւորութիւնը։ Երբ Հայաստանը 2012 թուականին միացաւ ՄԱԿ-ի տիեզերքի խաղաղ օգտագործման յանձնաժողովին (United Nations Committee on the Peaceful Uses of Outer Space, COPUOS), նոր սկսեցին որոշ չափով աւելի լուրջ մօտեցում ցուցաբերել ոլորտին։ Նշեմ, որ  Ադրբեջանը, որն արդեն COPUOS-ի անդամ էր, լուրջ ջանքեր էր գործադրել Հայաստանին խանգարելու համար: Հայաստանը կմասնակցի COPUOS-ի եւ դրա մատենագիտականն ու իրաւաբանական ենթայանձնաժողովների տարեկան նիստերին: Հայ երիտասարդ գիտնականները հնարաւորութիւնն կունենան մասնակցելու նախագծերին եւ դրանց շրջանակներում այցելելու ԱՄՆի (NASA), Եւրոպական (ESA) եւ Ռուսաստանի տիեզերական գործակալութիւնների գիտական կենտրոնները: Պէտք է նշեմ, որ փոքր երկրների գործ չէ Տիեզերքը։ Աշխարհում ոչ մի փոքր երկիր տիեզերական պետութիւն չի հանդիսանում։ Բայց մասնակցել, համագործակցել խոշոր պետութիւնների հետ, ունենալ սեփական փոքր լուման, ոչ ոք չի խանգարում։ Մենք՝ աստղագէտներս, ամերիկեան, եւրոպական, ռուսական տիեզերական նախագծերի մէջ ունենք մեր բաժինը։ Մասնակցում ենք, դիտումներ, հետազօտութիւններ ենք իրականացնում։ Առանց մեծ գումարներ ծախսելու, ստանում ենք գիտական արդիւնքներ ու մասնակցում ենք միջազգային խոշոր նախագծերի։

– Շնորհակալ եմ հետաքրքիր զրոյցի համար։

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին