ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 30-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Քրեադատավարական գործընթացը սկսվել է արդեն: Անձինք հաղորդումներ են տվել ոստիկանության բաժնում: Իմ կողմից հանձնարարվել է, որպեսզի այդ նյութերը փոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն, և դատավարական հետագա ընթացքն այդ դեպքի հետ կապված կտրվի ՀՔԾ-ի կողմից»,- ասաց Դավթյանը:
«Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում իր հերթին տեղադրել էր «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի լուսանկարը, որտեղ երևում է Դանիելյանի վնասված և արյունոտված քիթը և նշել, որ Ալեն Սիմոնյանը հարձակվել է զբոսնող Դանիելյանի վրա։
Ավելի ուշ, Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ զբոսնելիս տեսել է «Ադեկվադ» շարժման մի քանի ակտիվիստի, որոնցից Արթուր Դանիելյան հայհոյանք է հնչեցրել, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։ Սիմոնյանը վնասվածք ունի քիմքի մասում։






