«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
«Կառավարությունը ընդունված որոշմամբ հանձնարարում է 10 օրը մեկ տեղեկատվություն ներկայացնել երաշտի նախապայմանների վերաբերյալ: Իսկ էկոնոմիկայի եւ շրջակա միջավայրի նախարարություններին հանձնարարում է միջոցներ ձեռնարկել տնտեսվարողների մոտ ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման համար: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հանձնարարվում է եռօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել կառավարություն՝ ջրօգտագործողներին նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում ապահովելու վերաբերյալ:
Վերոհիշյալ բոլոր միջոցառումներն ուղղված են գյուղատնտեսության ոլորտի համար անխափան ոռոգման ջրի ապահովման խնդրի լուծմանը: Այն առավել արդիական է այսօր, երբ համավարակով պայմանավորված պարենային անվտանգության խնդիր է դրված: Մյուս կողմից, որոշմամբ ջրի մատակարարումը կանոնակարգվում է մի տարածաշրջանում, որի համայնքների բնակիչները պարբերաբար բարձրաձայնում էին ոռոգման ջրի պակասի մասին՝ դրանում տեսնելով գործող ՓՀԷԿ-երի աշխատանքների հետեւանքները, որոնք հատկապես Սեւանի ջրահավաք ավազանում մեծ թիվ են կազմում: Կառավարության որոշումը ջրային ռեսուրսների կառավարման լիազոր մարմնին՝ շրջակա միջավայրի նախարարությանը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում օպերատիվ միջոցառումներով նվազեցնել ՓՀԷԿ-երի կամ այլ արդյունաբերական օբյեկտի ջրօգտագործման ծավալները եւ դրանք ուղղել բնակչության առաջնային պահանջների բավարարմանը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։






