Նոր քորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում ազդել է աշխարհատնտեսական կապերի վրայ. խաթարուել են տարիների ընթացքում ձեւաւորուած առաքման համընդհանուր շղթաները, տեղի են ունենում դրանց լայնածաւալ վերադասավորումներ։ Գնալով էլ աւելի է մեծանում տնտեսական անորոշութիւնը: Համավարակի յաղթահարումից յետոյ, ինչպէս համաշխարհային, այնպէս էլ ազգային տնտեսութիւններն առերեսուելու են միանգամայն նոր իրողութիւնների հետ: Ինչպէ՞ս կարող է ՀՀ տնտեսութիւնը յարմարուել հսկայածաւալ փոփոխութիւններին, ինչպէ՞ս կարող է երկրի տնտեսութիւնը պատասխանել առաջացած մարտահրաւէրներին եւ իրացնել առաջացող հնարաւորութիւնները: «Զարթօնք» օրաթերթի հետ զրոյցում տնտեսական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր Գագիկ Վարդանեանը նշեց՝ վերջին ժամանակաշրջանի արտասահմանեան աղբիւրների վերլուծութիւնը վկայում է, որ քորոնավիրուսի համավարակը հանգեցրել է աշխարհատնտեսական կապերի արմատական փոփոխութիւնների մեկնարկին:
«Նախ, ամբողջ աշխարհում խաթարուել են առաքման շղթաները (արժէքի ստեղծման շղթաները): Այն բանից յետոյ, երբ Ուհան քաղաքում սկիզբ առած նոր քորոնավիրուսի համաճարակն առաջացրեց Չինաստանի բազմաթիւ քաղաքների փակման ալիքի, դադարեցին գործել աշխարհի երկրորդ տնտեսութեան բազմաթիւ ձեռնարկութիւններ՝ խաթարելով առաքման շղթաներն ամբողջ աշխարհում»,- նշեց մեր զրուցակիցը։
Ըստ գերմանական խորհրդատուական Kloepfel Consulting ընկերության հարցումների՝ իւրաքանչիւր երրորդ ընկերութիւն ունի չինական խոշոր հաճախորդներ, իսկ ընկերութիւնների 81%- ն ապաւինում են չինական մատակարարներին: «Ամերիկեան «Apple»-ը զրկուել է IPhone-ի հիմնական մատակարարներից, որոնք ներառում են չինական Foxconn-ը եւ Pegatron-ը: iPhone-ի եւ AirPod-ի վերջնական հաւաքումն իրականացնող չինական գործարանների դադարից յետոյ, «Apple»-ը, իր հերթին, ազդել է Իտալիայում, Գերմանիայում, Մալայզիայում եւ Հարաւային Քորէայում բաղադրիչներ արտադրողների վրայ: Այսպիսով, Չինաստանի գործարաններից տարեսկզբին սկսուած առաքման շղթայի ճգնաժամը տարածուել է միւս երկրների հիմնական ճիւղերի վրայ, որոնք այդ ազդեցութեանը դիմանում էին մինչեւ մարտ ամսուայ վերջը»,- մանրամասնեց տնտեսագէտը, ապա յաւելեց՝ առաքումների շղթայի խաթարումների առումով յատկապէս խոցելի է աւտոարդիւնաբերութեան ճիւղը։
Bank of America-ի կլոպալ տնտեսական հետազօտութիւնների բաժնի ղեկավար Իտան Հարրիսն ասել է. «Սա իւրօրինակ տարերային աղէտ է: Կլոպալ արտադրութեան տեսանկիւնից՝ Չինաստանից դուրս դադարը, հաւանաբար, կը լինի աւելի մեծ, քան ազդեցութիւնը Չինաստանից»,- մէջբերեց Գագիկ Վարդանեանը։ Նրա կարծիքով՝ առաքման շղթաների ցնցումը աւելի խորն է ու ընդարձակ, քան վերջին տարիների առեւտրային պատերազմները եւ, հաւանաբար, կը լինի աւելի տեւական:
Տնտեսագէտի տեղեկացմամբ՝ առաջացել է առաջարկի ցնցումը: «Առաքման կլոպալ շղթաների խաթարումը, պայմանաւորուած առաջատար տնտեսութիւնների մեծաթիւ ձեռնարկությունների գործունէութեան դադարեցմամբ, առաջացրել է առաջարկի ցնցումը: Նաեւ նշեմ, որ առաջացել է պահանջարկի ցնցում: Առաջարկի սկզբնական ցնցումը, ուժեղացնելով հարուածն ընկերութիւնների վրայ, միահիւսուել է Եւրոպայում, ԱՄՆ-ում եւ բազմաթիւ այլ երկրներում պահանջարկի ցնցումի հետ. միլիոնաւոր աշխատողներ ու սպառողներ ինքնամեկուսացուել են, 1.8 միլիոն (ապրիլի 12-ի դրութեամբ) ախտահարուածներ մեկուսացուել են, միլիոնաւոր մարդիկ դարձել են գործազուրկ»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։
Տնտեսագէտի խօսքով՝ պահանջարկի ցնցում առաջացնող գործօններից է նաեւ սոցիալական սպառման նուազումը. մարդիկ, երբ վախենում են վարակուելուց, կրճատում կամ ընդհանրապէս հրաժարւում են այցելել հանրային սննդի կեդրոններ, օգտուել որոշ ծառայութիւններից:
«Սինկափուրի ազգային համալսարանի պիզնեսի դպրոցի հրաւիրուած աւագ գիտաշխատող Ալեքս Գափրիի կարծիքով՝ մենք ականատես կը լինենք առաքումների շղթաների աննախադէպ վերադասաւորումների»,- տեսակէտ յայտնեց Գագիկ Վարդանեանը։
Տնտեսական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր Գագիկ Վարդանեանի խօսքով՝ նշանակալի մեծացել է տնտեսական անորոշութիւնը: «ՄԱԿ-ի առեւտուրի եւ զարգացման գոնֆերանսի (UNCTAD) գնհատմամբ` համաշխարհային տնտեսությանը տնտեսական անորոշության հասցրած վնասը կը կազմի մինչեւ 2 թրիլիոն տոլար: Գրեթէ վստահաբար՝ Եւրոպան կը յայտնուի անյայտ չափման աստիճանական ետաճի (recession) մէջ. տնտեսական հետեւանքները ներկայում ազդում են հիմնական եւրոպական արտահանողների վրայ, իսկ ՓՄՁ-ները հանդիպում են հսկայական հիմնախնդիրների՝ արձագանգելու սահմանափակ կարողութեան պատճառով»,-բացատրեց տնտեսագէտը։
Տնտեսագէտի համոզմամբ՝ սրանք են այն հիմնական, բայց ոչ ամբողջական տեղաշարժերը, որոնք յառաջիկայ տարիներին կը պայմանաւորեն համաշխարհային տնտեսութեան միջավայրը, նրա զարգացման ուղղութիւնը: Անշուշտ, այդ ամենը կ՛ազդի նաեւ Հայաստանի տնտեսութեան վրայ: Ինչպիսի՞ն պէտք է լինի Հայաստանի տնտեսութեան հնարաւոր արձագանքը համաշխարհային փոփոխութիւններին: Այս հարցի պատասխանը հակիրճ ձեւով կը լինի հետեւեալը՝ Հայաստանի տնտեսավարող կեդրոնների աշխոյժ ներգրաւուելը առաքման համաշխարհային շղթաների վերադասաւորման գործընթացներում:
«Այս պատասխանին, տրամաբանօրէն, պէտք է հետեւի հետեւեալ հարցադրումը. «Հայաստանն ունի՞ արդեօք համապատասխան ներուժ»: Դատելով ՀՀ Կառավարութեան քայլերից, որոնք տեղաւորւում են պետական աղբիւրներու սահմանափակ լինելու տրամաբանութեան մէջ, ինչպէս նաեւ քորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքների մեղմման համար նախատեսուած միջոցների ծաւալից, կարելի է ենթադրել, որ դժուար կը լինի դուրս գալ ստեղծուած իրավիճակից եւ աւելի դժուար՝ ըստ պատշաճի արձագանքել համաշխարհային տնտեսական փոփոխություններին: Նախատեսուածը, իմ կարծիքով, կը բաւարարի ընթացիկ, այլ ոչ ռազմավարական խնդիրներ լուծելու համար: Իսկ դրա համար կը պահանջուի աւելին: Այդ «աւելին» կարող էր ստեղծուած լինել անցած երեք տասնամեակում, եթէ, նոյնիսկ, հաշուի առնուի, որ սկզբնական ժամանակահատուածում ինչ բարդ հիմնախնդիրներ են լուծուել. երկրաշարժի հետեւանքների վերացում, տնտեսական շրջափակման պայմաններում նոր տնտեսակարգի կառուցման հիմքերի ստեղծում, պատերազմ…»,- ընդգծեց տնտեսագէտը։
Գագիկ Վարդանեանը հարկ համարեց նկատել, որ կարեւորը միայն ֆինանսական միջոցները չեն, աւելի կարեւոր է ազգային նորարարական կարողութիւնը (87-րդ տեղը 139 երկրների շարքում), երկրի արհեստագիտական պատրաստուածութիւնը (77-րդ տեղը 137 երկրների շարքում):
Դեռեւս չի կայացել ազգային նորարարական համակարգը, կարծում է մեր զրուցակիցը։ Ցածր է արհեստագիտութեան կլանման ընկերութիւնների կարողութիւնների մակարդակը (113-րդ տեղը 139 երկրների շարքում), ընդհանուր առմամբ՝ երկրի տնտեսութիւնը մրցունակ չէ (73-րդ տեղը 137 երկրների շարքում): Հետեւաբար, նշուած փոփոխութիւններին համարժէք արձագանքման համար առկայ կարողութիւնները բաւարար չեն:
Խնդիրները լուծելու տարբերակներից առաջնահերթը մարդկային, ֆինանսական եւ նիւթական ներուժի համախմբումն է, ռազմավարական նպատակների սահմանումը եւ դրանց հասնելու մեխանիզմների գործադրումը: «Ակնյայտ է, որ ՀՀ-ում կուտակուած ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին բազմաթիւ խնդիրները արհեստագիտական հարթութեան վրայ են: Արհեստագիտական առաջընթացն ապահովում է ոչ միայն տնտեսական զարգացում, այլեւ լուծում է մի շարք անվտանգային խնդիրներ, բարձրացնում է երկրի վարկանիշը: Կարծում եմ, որ աշխարհասփյուռ հայ գիտնականների, մշակողների ու հետազոտողների վերաբերեալ համապարփակ տեղեկատուութիւն ունենալը հնարավորություն կընձեռնի տեղեկանալ արհեստագիտական նոր լուծումների մասին՝ դրանց սկզբնական փուլերում, ինչն օգտակար կը լինի հետագայում այդ արհեստագիտութիւնները երկրում յարմարեցնելու եւ ներդնելու տեսանկիւնից: Միւս ուղին կարող է լինել նաեւ մեր երիտասարդ գիտնականներին արտասահմանեան համապատասխան «տարրալուծարաններ» գործուղելը»,- իր խօսքը եզրափակեց տնտեսական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր Գագիկ Վարդանեանը։
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից