Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երևանի կրկեսին հարակից պուրակը կանվանակոչվի ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ։
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ որոշումը կայացվեց Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ։
Զեկուցողը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը նշեց, որ պուրակը Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ կոչելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Երևանի բյուջեի և եկամուտների ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։
Որոշումն ընդունվեց 44 «կողմ», 0 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով։
Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում: Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը փորձել է մի քանի այլ մասնագիտություններ: 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ, սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի, ինչից հետո տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Լեոնիդ Ենգիբարյանը մինչև 1950-ականների կեսերը լավ արդյունքների է հասել որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: 1952-1953 թվականների մրցաշրջանում Մոսկվայի բռնցքամարտի առաջնությունում նա տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ մենամարտում՝ իր քաշային կարգում գրավելով 3-րդ տեղը: 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր: 1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին, և Լեոնիդն ընդունվում է այդտեղ: 1959 թվականի հուլիսի 25-ին Նովոսիբիրսկի կրկեսում տեղի է ունենում արտիստի առաջնելույթը: 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ: 1956 թվականից Ենգիբարյանը նկարահանվում էր ֆիլմերում: 1962 թվականին Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը արտիստին առաջարկում են կինոյում խաղալ ինքն իրեն. կրկեսի ծաղրածուի մասին ֆիլմը նրանք անվանեցին «Ճանապարհ դեպի կրկես»: 1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի: Նա մեծ հաջողությամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Երևանից և Մոսկվայից բացի՝ Լեոնիդը սիրում էր նաև Պրահան, որտեղ չեխ կնոջից ծնվում է նրա դուստրը՝ Բարբրան: Կրկեսից բացի՝ Լեոնիդ Ենգիբարյանը հանդես է գալիս մնջախաղի երեկոներով, գրում արձակ ստեղծագործություններ, շարունակում նկարահանվել ֆիլմերում. Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները», Ռոլան Բիկովի՝ «Այբոլիտ-66», «Մանեժում պատանեկությունն է», Վասիլի Շուկշինի «Վառարան-նստարաններ», Թենգիզ Աբուլաձեի «Վզնոց իմ սերելիի համար» և այլն: Արտիստի մասին նկարահանվում են մի շարք այլ ֆիլմեր: Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»: Նրա լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրևը», «Ծաղրածուի տարօրինակությունները»: Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս ու ստվեր» և այլ մանրապատումներ: Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 37 տարեկան հասակում 1972 թվականի հուլիսի 25-ին Մոսկվայում՝ կրկեսային ասպարեզում իր առաջնելույթից 13 տարի հետո նույն օրը: Արտիստը հուղարկավորված է Մոսկվայի «Վագանկովսկոյե» գերեզմանատանը: 2020 թվականի մարտի 15-ին Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 85 տարեկան:






