Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանրահայտ ռոք երգիչ Սերժ Թանկյանին՝ իր բանաստեղծության հիման վրա «Հայաստան» երգը գրելու համար:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Նա շեշտել է, որ հանրությանը ծանոթ բառերին ավելացել է հետևալ կրկներգը.
Արագած, Գրիգոր, Արարատ ու Սևան,
Անահիտ, Նաիրի, Զարուհի ու Շուշան,
Հայասա, Ուրարտու, Շուպրիա, Արմենիա,
Արատա, Նաիրի, Մեծ Հայք ու Կիլիկիա։
«Հույս ունեմ՝ Ձեզ դուր կգա։ Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան։ Շնորհավոր Քաղաքացու օրը»,-եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:
Սերժ Թանկյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հայաստան» երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամի՝ հանրային առողջության, կրթության ու մշակույթի, սոցիալական բարեկեցության, բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերին: Երգը նվիրված է հայոց հաղթական ոգուն և ներկայացնում է հայ ժողովրդի անցյալը, ներկան և ապագան:
«Մեր ցանկությունն է համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի նա էլ իր հերթին այն փոխանցի աշխարհին»,- նշել է Սերժ Թանկյանը:






