Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Ցեղասպանությունները պետք է անվերապահորեն ճանաչվեն ու դատապարտվեն․ Բակո Սահակյանն ուղերձ է հղել

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Եվ այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր անմեղ զոհերի հիշատակին յուրահատուկ պայմաններում: Աշխարհում տարածված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով այս անգամ ամեն տարվա պես մարդաշատ չեն լինի Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրները:

Սակայն, ավելի քան վստահ եմ, որ ամեն մի հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, մտքով վերապրում է մեկ դար առաջ տեղի ունեցած այս սարսափելի ողբերգությունը, սգում է անասելի բռնությունների ու խոշտանգումների ենթարկված, սովի ու կոտորածի մատնված, անհայրենիք ու անօթեւան մնացած մեր քույրերի ու եղբայրների, միլիոնավոր խեղված ճակատագրերի համար:

Վերապրում ենք խոր ցավով ու կսկիծով, բայց նաեւ հավատով լեցուն, որ այլեւս երբեք չեն կրկնվի նման դաժան ու անմարդկային ոճրագործություններ, եւ ոչ միայն մեր ժողովրդի հետ, այլեւ ամբողջ աշխարհում:

Իսկ դրան հասնելու ճանապարհը մեկն է. ցեղասպանությունները պետք է անվերապահորեն ճանաչվեն ու դատապարտվեն: Մենք շնորհակալ ենք այն երկրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հետ են այդ պայքարում:

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք բոլորս պետք է դասեր քաղենք պատմությունից, պետք է դասեր քաղենք այսօրվա իրականությունից եւ անենք մեզնից կախված ամեն ինչ՝ օր-օրի ավելի հզոր ու ամուր դարձնելու հայոց պետականությունն ու մայր Հայրենիքը, կուռ ու անսասան պահելու մեր միասնակությունը, անխախտ ու անկասելի՝ հայ ժողովրդի հավերժության ուղին»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին