ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցեղասպանության անպատժելիության պարագայում նոր ոճիրի իրագործման վտանգ է տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի շրջանակում տեղի ունեցած զրույցում։
«Անպատժելիությունը բերում է նրան, որ պոտենցիալ ցեղասպանը ենթադրում է, որ կարող է անպատիժ մնալ»,- ասաց Մնացականյանը։
Զոհրաբ Մնացականյանը զրույցի ընթացքում նշեց, որ ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է արդեն 22 տարի։
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։






