Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում տնտեսավարողների չկատարած հարկային պարտավորությունների պատճառով երկրորդ, երրորդ եռամսյակների համար տույժ չհաշվարկել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թանդիլյանն այս մասին ասաց ԱԺ ապրիլի 22-ի նիստում Միքայել Մելքումյանի՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը, որով առաջարկվում է չկատարած հարկային պարտավորության համար հաշվարկվող տույժի չափը նվազեցնել:
Թանդիլյանը նկատեց, որ տույժերի թեման անհանգստացնում է շատ տնտեսավարողների:
«Իմ առաջարկն է՝ հաշվի առնելով, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը կա ու դեռ տևելու է, երկրորդ, երրորդ եռամսյակների համար տույժը ընդհանրապես չհաշվարկվի: Դա բոլորին պետք է այս ժամանակում: Հաշվի առնելով, որ շրջանառու դրամական միջոցների կտրուկ անկում է տեղի ունենում, պետք է ուղղակի ազատել երկրորդ, երրորդ եռամսյակների տույժերից: Պատգամավորի առաջարկով միայն դրանից հետո պետք է շարունակել 0,04 տոկոսով հաշվարկումը»,-ասաց Թանդիլյանը:
Նա նաև առաջարկեց, որ շահութահարկի կանխավճարները կամ տոկոսները փոխվեն կամ վճարման ժամանակահատվածը հետաձգվի:
Գործող կարգավորմամբ՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Միքայել Մելքումյանն առաջարկում է դա իջեցնել՝ դարձնելով 0.04 տոկոս:






