Հայաստանի Հանրապետությունը Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ բանաձև է ներկայացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«1998թ. երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև` նվիրված Ցեղասպանության կոնվենցիայի 50-ամյակին, այդ շրջանից ի վեր ՀՀ-ն հետևողականորեն ստեղծել է բավական խորը միջազգային օրակարգ` նվիրված ցեղասպանությանն ու մարդկության դեմ ոճիրներին։ Այս տարի Հայաստանը, հանդիսանալով Մարդու իրավունքների խորհրդի անդամ, ներկայացրել է հերթական բանաձևը, որն ամփոփում է նախորդ աշխատանքները և ուրվագծում է միջազգային հանրության համար աշխատանքների հաջորդ փուլը` էլ ավելի ամրապնդելու միջազգային գործիքներ ու կարողությունները ցեղասպանությունների կանխարգելման հարցում»,- ասաց Մնացականյանը։
Նախարարը նշեց, որ աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով խորհրդի աշխատանքները առկախված են։ Դրանց վերականգնվելուց անմիջապես հետո, գործընթացը կհասցվի ավարտին։
Ապրիլի 24-ի միջոցառումներին կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը։ Քաղաքացիների մուտքը կարգելվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածք, սակայն կառավարությունը միջոցառումների շարք է ձեռնարկել, որոնց քաղաքացիները կկարողանան մասնակցել տանից։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:






