Կիրակի, 15. 06. 2025

spot_img

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 44 – «Քորոնավիրուսը Ցոյց Տուեց  Կառավարութեան Տնտեսական Գործիքների Անարդիւնաւետութիւնը»

Աշխարհին պատուհասած քորոնավիրուս տեսակի նոր վարակը՝ COVID-19ը բոլոր պետութիւնների տնտեսութիւնների վրայ ծանր հետեւանքներ է թողնելու։ Դրանից զերծ չի մնում  նաեւ Հայաստանը։ Վերջին շրջանում քորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղուած տնտեսական սահմանափակումների կիրառման հետեւանքով, ՀՀ տնտեսութիւնը սկսել է  մեծ վնասներ կրել։ Տնտեսագէտները տարատեսակ կանխատեսումներ են իրականացնում։ Պետութիւնը քայլեր է ձեռնարկում, իրավիճակից առանց խորը ճգնաժամի մէջ յայտնուելու, դուրս գալու համար։  Ինչքանո՞վ են այդ քայլերն արդիւնաւէտ, այս պահին դժուար է ասել։ Ժամանակ է հարկաւոր, որպէսզի հնարաւոր լինի թուերով, փաստացի խօսել իրավիճակի մասին։ Իսկ մինչ այդ «Զարթօնք» օրաթերթը թեմայի վերաբերեալ զրուցել է տնտեսագէտ, «Տնտեսական իրաւունքի կենդրոն» Հասարակական կազմակերպութեան հիմնադիր-նախագահ Մովսէս Արիստակեսեանի հետ։

 

– Պարոն Արիստակեսեան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս թեմայով խօսել։ Որպէս տնտեսագէտ, կը ներկայացնէ՞ք Հայաստանի տնտեսութեան վիճակը քորոնավիրուսային համավարակից առաջ։ ՀՀ տնտեսական կեանքում ի՞նչ պատկեր ունէինք։ Տնտեսական առաջընթացը, Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն էր։

– Մեր երկրում քորոնավիրուսից առաջ, թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ սկսուել էր զարգանալ տնտեսական զարգացման բարենպաստ միջավայր։ Մարդիկ կարողանում էին ազատ տնտեսվարել։ Այդ նպատակին էին ուղղուած յեղափոխութիւնից յետոյ տեղի ունեցած որոշ տնտեսական բարեփոխումները։ Դրանք յատկապէս վերաբերւում էին միքրոձեռնարկատիրութեան զարգացմանը, փոքր եւ միջին գործարարութեան զարգացմանը։ Կարեւորագոյն քայլեր էին կատարուած երկրում գործարարութեան զարգացման համար նպաստաւոր պայմաններ ստեղծելու նպատակով։ Ինչու չէ, նաեւ ներդրումների դաշտը աւելի գրաւիչ դարձնելու համար։ Քայլեր էին ձեռնարկուել նաեւ բարձր աշխատավարձի քաղաքականութեան ուղղութեամբ՝ յատկապէս տեղեկատուական տեխնոլոգիաների (արհեստավարժութեան -խմբ.» ոլորտում, որը համարուեց երկրի տնտեսական զարգացման առաջնահերթութիւն։ Բոլոր ընկերութիւնների համար եկամտային հարկը իջեցուեց 8-15 տոկոսով եւ եկամտահարկի համահարթեցուած դաշտ ապահովուեց։ քորոնավիրուսից առաջ կառավարութիւնը փորձում էր քայլեր կատարել տնտեսութեան տիւերսիֆիկացման (բազմակողմանիութեան -խմբ.) ուղղութեամբ։ Բայց մեր կարծիքով, ուղղութիւնը ճիշտ չէր ընտրուած, քանի որ գերակայութիւնը ընտրուել էր զբօսաշրջութիւնը, որի արդիւնքը քորոնավիրուսի պայմաններում տեսնում էք ինչքան աղիտալի է։ Այսինքն՝ քայլեր կատարւում էին տնտեսութեան զարգացման ուղղութեամբ։ Բայց․․․

– Բայց, քորոնավիրուսով պայմանաւորուած այս ընթացքում, փաստօրէն, մենք տնտեսապէս ետքայլ կատարեցինք։ Ձեր գնահատմամբ ի՞նչ ունենք այսօր։ Մէկ ամիս է ինչ, տնտեսական գործունութիւնը երկրում կանգ է առել։

– Քորոնավիրուսը ցոյց տուեց այն գործիքների անարդիւնաւէտութիւնը, որոնք փորձել էր Կառավարութիւնն իրագործել։ Պէտք է ասեմ, որ տնտեսութիւնը առաջնահերթ աճում է պայմանաւորուած մի շարք գործօններով, որոնցից ամենակարեւորը ֆինանսական փոխանցումներն են (financial transfers)։ Տնտեսութեան աճի զարգացման ճիշտ քայլեր չէին ընտրուել, ճիշտ շեշտադրումներ տեղի չէին ունեցել։ Տնտեսական քաղաքականութիւնը պէտք է կատարուեր այնպէս, որ երկրի տնտեսական կառուցուածքը փոփոխուեր յօգուտ արժեստեղծ, կարեւորագոյն փոփոխութիւնների զարգացմանը։ Որոնք են դրանք։ Դրանք արդիւնաբերութեան  կարեւորագոյն ճիւղերն են։ Ես չգիտեմ, թէ ինչո՞ւ Հայաստանում գիտութեանը կարեւոր տեղ չի յատկացւում։ Ոլորտին փոխանցուած գումարները փոշիացւում են։

— Ի՞նչ հեռանկար է սպասւում մեզ տնտեսական զարգացման առումով։ Ի՞նչ էք Դուք կանխատեսում։

– Ես կանխատեսում եմ, որ քորոնավիրուսային համաճարակով պայմանաւորուած տնտեսական ճգնաժամը միւս ճգնաժամերի համեմատ աւելի բարդ է։ Իրավիճակն աւելի բարդ է, քան եղել է, օրինակ 1929 թուականին կամ 2008-2009 թուականներին։ Սա առաջին հերթին առողջապահական խնդիր է ու հարուածում է տնտեսութեան զարգացման կարեւորագոյն գործօնի՝ մարդու վրայ՝ խաթարելով նրա առողջութիւնը։ Ստեղծագործ մարդը չի կարողանում աշխատել, որպէսզի արդիւնք ստեղծի։ Դրա արդիւնքում տնտեսութիւնն է տուժում։ Սրա լուծման համար կարծում եմ աւելի երկար ժամական կը պահանջուի։ Սա կը հանգեցնի աշխարհի բոլոր երկրների տնտեսութիւնների կառուցուածքի փոփոխոփութեանը, ուղղութիւնների փոփոխութեանը։ Ընդհանրապէս, կարծում եմ՝ տնտեսակարգերի որոշակի փոփոխութիւն պէտք է կատարուի։ Այս իրավիճակը խթան է տալիս զարգացնելու տնտեսութեան այնպիսի ճիւղեր, որոնք հիմնուած են գիտելիքի, ուղեղի աշխատանքի զարգացման վրայ։ Այս առումով ճգնաժամը կ՛ունենայ իր բարերար ազդեցութիւնը։ Մեր Հայաստանի համար շատ կարեւոր է, որ վերջապէսս վերաիմաստաւորեն երկրի տնտեսական կառուցուածքը ու փոխեն գերակայութիւնները։ Զբօսաշրջութիւնը շատ լաւ է, բայց դա չի կարող լինել երկրի զարգացման գերակայութիւն։ Դա կարող է լինել կողքից արդիւնք բերող ճիւղ; Բայց կայուն տնտեսական համակարգ ունենալու համար պէտք է կիրառել այն ճիւղերի արտօնութիւնները, որոնց մասին նախորդ հարցի ժամանակ խօսեցի։ Վարչապետը կառավարութեան բոլոր նիստերի ժամանակ նշում է, որ մենք պէտք է ունենանք տնտեսական ռազմավարութիւն, որը առաջիկայ 30-40 տարիների ընթացքում կը լինի գերակայ։ Դրա համար հարկաւոր է, որ կառավարութիւնը ուշադրութիւն դարձնի ու լսի մասնաւոր հատուածի առաջարկութիւնները։

– Շնորհակալ եմ հարցազրոյցի համար։

 

Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին