ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի ախտորոշման երրորդ թեստն է հանձնել, դրա պատասխանը ևս բացասական է եղել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում՝ անդրադառնալով այն տեսանյութին, որում հեռուստաուղերձից առաջ նկարված տեխնիկական կադրերը մոնտաժվել և տարածվել էին համացանցում:
Նախ վարչապետը նշեց, որ այդ տեսանյութի վերաբերյալ որոշ ռեակցիաներ իրեն զարմացրել են: «Սովետական միության ժամանակ ընկալում կար չէ՞, որ երեխաները մտածում էին, թե դասատուները հաց չեն ուտում, զուգարան չեն գնում և այդպես շարունակ: Եվ որոշ ռեակցիաներ այդպիսի տպավորություն են թողնում: Շատ վատ երևույթ է տեղի ունեցել: Բայց այդ վատ երևույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե այն ամենի մասին, ինչ երևում է կադրում: Կադրում ի՞նչ է երևում, կադրում երևում է սովորական աշխատանքային մի իրավիճակ, երբ խնդիր կա կարգաբերել սուֆլյորի արագությունը, որպեսզի իմ գրած տեքստը կարողանամ ճիշտ կարդալ»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց՝ շատերին հուզել է այդ տեսանյութում իր հազը ևս: «Նախորդ օրերին իմ գործընկերները խորհուրդ էին տալիս: Արդեն կորոնավիրուսի 3-րդ թեստն եմ արել այսօր՝ ապրիլի 19-ին: Երկու անգամ սկզբում էի արել, և կրկին պատասխանն ի դժբախտություն ոմանց՝ բացասական է, և ի ուրախություն ինձ»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով իշխանության թավշյա գործելաոճին՝ նա դիմեց ժողովրդին. «Թավիշ է, քանի որ մենք իրար հետ ենք որոշել, որ թավշյա հեղափոխություն է լինելու»:
Վարչապետի տեսաուղերձից առաջ նախապատրաստական աշխատանքների եթեր հեռարձակվելու առիթով արձագանք էր եղել վարչապետի աշխատակազմից, մեկնաբանություններ էին տվել նաև Հանրային հեռուստաընկերությունից: Դեռ հայտնի չէ, թե ով է վարչապետի հիշատակած՝ տարածված տեսանյութի հեղինակը: