Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հայաստանում ապրիլի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1159 է, արձանագրվել է մահվան 18 (ավելացել է ևս մեկը) դեպք: Թեստերից 9632-ը բացասական արդյունք է տվել:
Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 61-ով և բուժվածների գումարային թիվը դարձել է 358։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 783 պացիենտ:
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:






