Արցախի Հանրապետությունում ապրիլի 15-ին թեստավորված 16 քաղաքացու մոտ նոր տիպի կորոնավիրուսի հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
«Այսօրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Միաժամանակ տեղեկացնենք, որ այդ 16 քաղաքացու թվում են եղել նաև վարակի դեպքով Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացի, որոնց դեպքում ըստ էության, իրականացվել է կրկնակի թեստավորում (առաջին թեստավորումն իրականացվել էր մեկուսացնելուց հետո)»,- հայտնում են նախարարությունից:
Արցախում ապրիլի 15-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվելու 6 դեպք, 17 մեկուսացված, թեստավորվել է 75 մարդ։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 12-ին ստորագրել է երկրում մինչև մայիսի 12-ն արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիր։






