Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում դիտորդական առաքելություն իրականացրած, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովն Արցախի ընտրությունները աշխարհի համար ժողովրդավարական ընտրությունների անցկացման օրինակ է համարում։
«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Զախարովն ասել է ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսում։
«Ինչպես մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները, այնպես էլ նախօրեին անցկացված նախագահական ընտրությունների երկրոդ փուլն անցել են ժողովրդավար պայմաններում: Դեռ ավելին, շփվելով մարդկանց հետ, ես տեսա, որ, մարդիկ ավելի շատ խոսում են Արցախի զարգացման մասին: Կարծում եմ՝ արցախյան ընտրություններն աշխարհի համար օրինակ են, թե ինչպիսին պետք է լինեն ժողովրդավարական ընտրությունները»,- ասել է Զախարովը։
Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնախակ արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։






