Երկուշաբթի, 16. 06. 2025

spot_img

Քորոնավիրուսն Ո՞ւմ Շունն է․․․

Վիրուսի շրջանառութիւնը, որպէս այդպիսին, դուրս է եկել վերահսկողութիւնից: Բայց մեր խնդիրն է ամեն բան անել հնարաւոր վարակակիրը գտնելու, եւ անել նոյն գործողութիւնները՝ քննութիւն կատարել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել, արդէն առողջացած դուրս գրել: Դա պէտք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ որ երկրով մէկ, ազգովի ուժասպառ կը լինենք, այդ ժամանակ որոշ գործողութիւններ արանքից կը հանենք, մենակ քննութիւն  ու բուժումը կը թողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ անիմաստ կը լինի, տարածումը շատ, շատ մեծ կը լինի։ Դեռ երկար ժամանակ նախկին կեանքին վերադարձ չպէտք է լինի, անգամ եթէ արտակարգ դրութիւնը հանուի։ Կոչ եմ անում անյստակ թուերով չպայմանաւորել վիճակը։

Մենք չպէտք է թոյլ տանք, որ գայ մի օր, երբ մեր առանձնացրած հիւանդանոցները տեղ չունենան ծանր հիւանդներին ընդունելու ու ստիպուած այլ՝ ոչ հիւանդանոցային պայմաններում, մենք նրանց բուժենք, ինչը յղի է անցանկալի հետեւանքներով։ Դեռ երկար ժամանակ նախկին կեանքին վերադարձ չի լինի ասելով՝ նկատի ունեմ 1-2 տարի՝ առնուազն։ Վերջերս կայացած մամուլի ասուլիսի եւ ԱԺ-ում խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ նման անկեղծ յայտարարութիւն է արել ՀՀ առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանը։

Պաշտօնական տուեալներով, մինչեւ այս պահը՝ ՀՀ-ում նոր տեսակի քորոնավիրուսով վարակուածութեան հաստատուած 1067 դէպք կայ։ Առողջացել է 265 հոգի: Մահուան դէպքերը` 16: Փաստացի բուժւում են 786 հոգի: Նախարար Թորոսեանը կոչ է անում թուերով չպայմանաւորել իրավիճակը։

Այնուամենայնիւ, յայտարարուած թուերը ճշգրիտ իրավիճակը չեն պատկերում, քանի որ միջազգայնօրէն հաստատուած օրական 1000 քննութիւն չի իրականացւում, այլ 200 կամ 300։ Սա թուային առումով մեզ անորոշ վիճակի մէջ է գցում, քանի որ բոլոր վարակակիրներին հնարաւոր չի լինում յայտնաբերել ու նրանք շարունակում են շփուել ու վարակի տարածման աղբիւր դառնալ։

Առողջապահական գերատեսչութեան ղեկավարի նման յայտարարութիւնը կարելի է համարել իրավիճակի սթափութեան կոչ։ Չի բացառւում, որ Արսէն Թորոսեանը ինքն իրեն ապահովագրում է իրավիճակի հետագայ վատթարացումից։

Յիշեցնենք՝ նոյն նախարարը COVID-19 վիրուսը համարում էր սովորական կրիփ, մարդկանց խուճապի մատնուելը՝ անտեղի։ Երկրի ղեկավարը՝ վարչապետը, յայտարարում էր՝ քորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ մի հատ էլ մեր կեանքում խնդիրներ առաջացնի։ Հիմա փաստացի մեր կանքում խնդիրներ են առաջացել։ Խաթարուել է մարդկանց բնականոն կեանքը, երկրի տնտեսական գործունութիւնը։

Քորոնավիրուսն ո՞ւմ շունն է։ Փակ են բոլոր խանութները, տնտեսական գործունէութեամբ զբաղուող ընկերութիւնները։ Քորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ կարողանայ մեր կեանքում խնդիրներ առաջացնել։ Եւ վերջապէս, եթէ պետական բարձր մակարդակով յայտարարւում է, թէ քորոնան ո՞ւմ շունն է, ապա մենք ինչ իրաւունքով ենք մեղադրում հասարակութեան այն հատուածին, որոնք հաւատում են, որ մեր ազգին կամ մեզի վիրուս չի կպնի…։

Նախ եւ առաջ դաստիարակութեան վրայ պէտք է աշխատել ու չէզոքացնել հայ ազգի «մաչո» լինելու մշակոյթը, որը բերում է հայ ազգի հզօրութեան սխալ ընկալման։

Աւարտին ընդգծենք, որ ամբողջ աշխարհում առ այսօր վարակուածների միջին թիւը մէկ միլիոն բնակչութեան հաշուով կազմում է 248 .2 հոգի (այդ թւում ԱՄՆ, Իտալիա, Չինաստան` ընդհանուր 210 երկիր և տարածք): Հայաստանում առ այսօր մէկ միլիոն բնակչութեան հաշուով վարակուածների միջին թիւն արդէն 360 է…

Քորոնավիրուսն ո՞ւմ շունն է․․․:

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին