ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարության կոչ է անում հրատապ կերպով ռուսական կողմի հետ շարունակել սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանն այս մասին ասաց ԱԺ-ում հայտարարությունների ժամին:
«Ուղիղ 21 օր առաջ այս ամբիոնից կոչ արեցի կառավարությանը, որ հրատապ պետք է դիմել ՌԴ կառավարությանը և ռուսական Գազպրոմին, որպեսզի սահմանին գազի գնի վերաբերյալ բանակցություններ իրականացվեն: Դրանից ուղիղ մեկ շաբաթ հետո փոխվարչապետը նամակ հղեց Ռուսաստանի «Գազպրոմ» նախագահին՝ առ այն, որ բանակցություններ պետք է լինեն: Սակայն մինչ օրս տեղեկություններ չունենք, թե գազի գնի շուրջ բանացությունները ընթանում են, չեն ընթանում և ինչ արձագանք կամ մեսիջ կա: Ես կարծում եմ, որ հրատապ պետք է շարունակել այս բանակցային գործընթացը կազմակերպել, որպեսզի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը մերժի»,-ասաց Մելքումյանը:
Նրա կարծիքով՝ այդ ժամանակում բնակչության համար գազի սակագինը բարձրացնել պետք չէ, հայտը պետք է հրատապ մերժել: «Բայց զուգահեռ պետք է գնան բանակցություններ, որ սահմանին գազի գինը իջեցնենք: Ամբողջ աշխարհում գազի գինը՝ նավթի գնի հետ միասին իջել է»,-ասաց Մելքումյանը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է տեղադրել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։






