Պաշտպանության նախարարության տրամադրության տակ գտնվող COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայում նմուշառում է վերցվել 165 զինծառայողից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։
«Վերցվել է շուրջ 165 նմուշ։ Ունենք, և՛ դրական, և՛ բացասական պատասխաններ։ Բացասականները շատ ավելի շատ են»- ասաց Օհանյանը։
Սահակ Օհանյանը նշեց, որ ստեղծված է համատեղ հայ-ռուսական աշխատանքային խումբ, որի կազմում ներգրավված են նաև ՀՀ Զինված ուժերի համապատասխան մասնագետները, որոնք ռուս գործընկերների հետ զուգահեռ կատարում են անհրաժեշտ աշխատանքները։
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը: Այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և նմուշառման համակարգով։ Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները:
Ապրիլի 13-ի, ժամը 11։00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող ավարտել է բուժումն ու դուրս գրվել` հետագա ծառայությանը մասնակցելու համար։
Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Վիրուսից ապաքինվել է 211 անձ, մահացել` 14-ը։ Փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:






