Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված 5 անձանցից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսների առողջական վիճակը բավարար է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Նոր կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի (Քարվաճառի քաղաքացու) առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, քանի որ ունի ուղեկցող հիվանդություններ, մյուսների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացման մեջ գտնվող 9 քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չկան»,- հայտնում է նախարարությունը։
Արցախում կորոնավիրուսի թեստ է հանձնել ևս 9 քաղաքացի։
«Քարվաճառի վարակված քաղաքացու շփման շրջանակը ճշտված է. թեստավորման համար նմուշառում է իրականացվել նրա հետ շփման մեջ գտնվող առաջին խմբի 9 քաղաքացիներից, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ»,-նշված է նախարարության հայտարարությունում։
Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում․ դեպքերի թիվը հասել է 5-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։






