Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Imagine, There’s No Newsroom… Լրատուամիջոցները Համավարակից Յետոյ

Save

Համօգտագործել

Եթէ չլինէին լրատուամիջոցները, համացանցը եւ հեռահաղորդակցութիւնը, կարող էր թուալ, թէ յետինտուսդրիալ (post industrial) մարդկութiւնը վերադարձել է խորը միջնադար։ Աւելի ճիշտ՝ միջնադարի այն հանգրուանը, երբ մարդու տեղաշարժը սահմանափակուած է իր բնակավայրի (շատ երկրների դէպքում՝ իր բնակարանի) տարածքով։ Մի քանի ամիս առաջ ոչ ոք անգամ ամենասարսափելի մղձաւանջում չէր կարող պատկերացնել, որ «սոցիալական հեռաւորութիւն» (social distancing) առօրեական բառակապակցութիւնն իրական կեանքում նկարագրելու է մարդկային շփումների ասոցիալացումը (asocialization)։

Նոր կորոնավիրուսի համաճարակը իւրատեսակ սթրես-թեսթ (stress-test) էր ոչ միայն պետութիւնների, առողջապահութեան, տնտեսութեան, այլեւ մամուլի համար։ Մենք յայտնուել ենք նոր անորոշութիւնների ժամանակաշրջանում, եւ բազմաթիւ անյայտներով այս հաւասարումի լուծման փնտռտուքն օրեցօր աւելի բարդ է դառնում։ Աշխարհի անգամ ամենագովազդուած ապագայապաշտների վերլուծութիւններն ու ուսումնասիրութիւնները, թերեւս, վերանայման կարիք ունեն։ Կորոնավիրուսի համաճարակը ցրեց այն իւրատեսակ մտաւոր թմբիրը, թէ անգամ գոյութիւն ունեցող մարտահրաւէրների պարագայում, հնարաւոր է որոշակի մօտաւորութեամբ կանխատեսել ապագան։

Իհարկէ, բժշկական գիտութիւնը վաղ թէ ուշ յայտնաբերելու է COVID-19-ի դէմ պայքարի արդիւնաւէտ միջոցներ։ Պատկերաւոր ասած՝ նոր կորոնավիրուսի դէմ պայքարի դեղամիջոցը կը գտնուի աւելի շուտ, քան մենք կարծում ենք, բայց աւելի ուշ, քան մենք բոլորս ցանկանում ենք։

Այժմ ոչ թէ ամփոփումների ու դասեր տալու, այլ դասեր քաղելու ժամանակն է։ Լրատւութեան ապագայի տեսանկիւնից, սակայն, հնարաւոր է որոշ նախնական դիտարկումներ անել յետհամավարակային շրջանի համար։ Որոշ ժամանակ անց «կորոնահամաճարակի» հետեւանքներն ազդելու են լրատուամիջոցների ամենօրեայ գործունէութեան վրայ, եւ ազդեցութեան շրջանակը ներառելու է թէ՛ բովանդակութեան արտադրութեան եւ սպառման ձեւերը, թէ՛ տնտեսավարման մոտելները, թէ՛ մարդկային ռեսուրսների (resource) կառավարումը։ Լրատուական aարտադրութեան մի շարք ճիւղերի համար կարող են առաջանալ լրջագոյն մարտահրաւէրներ, միւսների համար (օր.՝ ռատիոյի ու հեռուստատեսութեան)՝ սկսուի երկրորդ «ոսկէ դարը»։ Այսօր ոչ ոք չունի պատրաստի բանաձեւեր, եւ ներկայացուող թէզերն էլ ապագայի վերաբերեալ քննարկում սկսելու հրաւէր են։

 No News Is Good News

Այսօր լրատուամիջոցները հեղեղուած են կորոնավիրուսի համաճարակի մասին տեղեկութիւններով։ Այս թեմայով լուրերի անվերահսկելի սպառումը հասնում է այնպիսի ծաւալների, որ սպառնում է թուլացնել մարդու հոգեբանական դիմադրողականութիւնը։ Այդ մտահոգութիւնից ելնելով՝ ԱՀԿ գլխաւոր տնօրէն Թետրոս Ատհանոմ Կեպրեյեսուսը կոչ արեց տեղեկատւութեան հետ առնչուել օրուայ ընթացքում առաւելագոյնը երկու անգամ։ Փաստօրէն, կորոնավիրուսի համաճարակի համար առաւել կիրառական է այն թեւաւոր խօսքը, երբ լուրերի բացակայութիւնն արդէն իսկ լաւ նորութիւն է։

Սակայն լրատուամիջոցների համար սա միակ լաւ նորութիւնը չէ։ Լրատուամիջոցները լուրեր են արտադրել թէ՛ համաշխարհային պատերազմների, թէ՛ այլ ոչ պակաս լուրջ ցնցումների ժամանակաշրջանում։ Լրագրողները կրկին ապացուցեցին, որ պատրաստուած են փոփոխութիւններին, որ արտակարգ իրավիճակում աշխատելու ռիթմն իրենց համար սովորական է։ Հիմա էլ բազմաթիւ արհեստավարժներ զբաղուած են աշխարհը պատուհասած համաճարակի մասին պատմութիւններ պատմելով՝ հիւանդութեան դէմ պայքարի առաջնագծից մինչեւ տնային աշխատասենեակները։

Աշխարհի բազմաթիւ պետութիւններում հեռավար աշխատանքին անցնելուն ամենապատրաստուած ճիւղերից մէկը եղան լրատուամիջոցները։ Մեր գործընկերներից շատերն այս բարդ իրավիճակում ցոյց տուեցին արագ կողմնորոշուելու հանճարեղութեան հասնող պարզ լուծումներ։ Եթէ նախկինում հեռավար աշխատանքը համարւում էր ֆրիլանսերների (freelancers)  մենաշնորհը, ապա համավարակի պայմաններում այն դառնում է կեանքի սովորական նորմ։ Ասուածն այլեւս վերաբերում է ոչ միայն արդէն իսկ հեռավարութեան որոշակի փորձ ունեցող համացանցային լրատուամիջոցներին, այլեւ աւանդական լրատւութեան միւս ոլորտներին՝ տպագրից մինչեւ հեռարձակող։

Այս վերափոխումը, մի կողմից, արհեստագիտութեան արագ առաջընթացի, միւս կողմից՝ ազատ տեղաշարժի եւ սոցիալական շփումների սահմանափակման հետեւանք է։ Լրատուական բովանդակութեան ստեղծման համար այսօր բացակայում են մենաշնորհները, նոր խելացի հեռախօսների օգնութեամբ էլ հնարաւոր է ստեղծել այնպիսի որակի աուտիո—վիզուալ (audio-visual) բովանդակութիւն, որ համադրելի է անգամ մի քանի տարի առաջուայ պրոֆեսիոնալ տեխնիկայի արտադրանքի հետ։ Ճգնաժամային պայմանները թապուներ են կոտրում։ Աւանդական լրատուամիջոցներն էլ այլեւս կաշկանդուած չեն չօգտագործել այն ձեւաչափերով ստեղծուած բովանդակութիւնը, որին նախկինում դիմում էին միայն ծայրայեղ անհրաժեշտութեան դէպքում (օրինակ՝ հեռավար գոնֆերանսներ, հեռազանգերի տեսագրութիւններ եւ այլն), այնպէս ինչպէս G20-ի երկրների առաջնորդները այլեւս պարտադրուած չեն հաւաքուել գագաթնաժողովի, եթէ այն կարելի է անցկացնել տեսագոնֆերանսի ռեժիմով։

Համավարակը դարձաւ նախկինում կանխատեսուած միտումների զարգացման գադալիզատոր (catalyst)։ Սակայն արդեօ՞ք այդ կանխագուշակուած իներցիան չի դանդաղելու տնտեսական վերահաս անորոշութիւնից։

Իտալացի Բժշկի Ընտրութիւնը, Տնտեսական Մարտահրաւէրները, Մարդկային Գափիթալն Ու Տեխնոլոգիաները

Համաշխարհային տնտեսութեան ապագայի մասին հնչող կանխատեսումները եւ տնտեսական աշխուժութեան հաւանական դանդաղեցումը կարող են ցաւոտ հարուած հասցնել լրատուամիջոցների տնտեսական հնարաւորութիւններին ու ֆինանսական կայունութեանը։ Կարճաժամկէտ հեռանկարում այս ամենը կարող է լուրջ մարտահրաւէր չդառնալ, սակայն պարզից էլ պարզ է, որ խորացող հանրային ու տնտեսական տագնապի պայմաններում լրատուամիջոցները նոյնպէս տնտեսական լուրջ կորուստներ են կրելու։

Դեռեւս անհասկանալի է, ինչ կը լինի լրատուամիջոցների եկամուտների աւանդական աղբիւրների հետ, անորոշ է, թէ ինչպէս կը փոփոխուի գովազդային շուկաների կոնյունկտուրան։ Այս ձեւափոխումները ցաւոտ հարուած կը հասցնեն լրատուական «ոսկէ միջինին», քանի որ համաշխարհային խոշոր խաղացողներն աւելի շատ ռեսուրսներ ունէն հնարաւոր շոքերին դիմակայելու համար, իսկ փոքր դերակատարները՝ պլոկերները, վլոկերներն ու պրոտքասթերներն առանց այն էլ գործում են սահմանափակ միջոցների առկայութեամբ։ Լրատուամիջոցների մի մասն ստիպուած է լինելու եկամուտի նոր աղբիւրներ գտնել՝ սեղմուող հնարաւորութիւնների պայմաններում։

Միեւնոյն ժամանակ, հեռավար աշխատանքի երկարող փորձառութիւնը կարող է հարցականի տակ դնել գրասենեակներ պահելու, դրա հետ կապուած ծախսեր կատարելու անհրաժեշտութիւնը։ Արդեօ՞ք վերանում է մեծ նիւզռումը՝ տեղը զիջելով անհրաժեշտ նուազագոյն ծանրաբեռնուածութիւն ունեցող գրասենեակին, որը հնարաւոր է սպասարկել սահմանափակ ծախսերով։ Եւ արդեօ՞ք մետիամենեջերների (mediamanager) համար չի մօտենում այն օրը, երբ լրատուամիջոցներ փրկելու համար պէտք է ստիպուած ծանր ընտրութիւն կատարել մարդկային ռեսուրսների կառավարման հարցում, ճիշտ այն մեթոդով, ինչն, ըստ լրատուամիջոցների, կատարում են գերբեռնուած հիւանդանոցի բժիշկները՝ մարդկային կեանք փրկելու համար։

Ամեն դէպքում, բովանդակութեան նկատմամբ տեխնիկական պահանջների ազատականացումը հանգեցնելու է մի իրավիճակի, երբ մետիայի առաջնային օղակում անհրաժեշտ են լինելու բազմազան բովանդակութիւն ստեղծելու ունակութիւն ունեցող մասնագէտներ՝ իւրատեսակ «Իւնիվերսալ զինուորները»։ Եւ եթէ այս կանխատեսումն իրականութիւն դառնայ, աւելի մեծ կիրառութիւն են ստանալու արհեստական բանականութեան գործիքներն ու շարժական տեխնոլոգիաները ոչ միայն մետիասպառման, այլեւ՝ մետիա բովանդակութեան արտադրութեան ոլորտում։

Մէջբերելով Մարկեսին. «Մի Յայտարարուած Մահուան Պատմութիւն», Թէ՞ «Սէրը Ժանտախտի Ժամանակ»

Ես մարդկանց այն փոքրացող խմբից եմ, ում համար տպագիր թերթը լրագրողական, իսկ Գաբրիէլ Կարսիա Մարկեսի ստեղծագործութիւնները գրական «առաջին սերերն» են։ Հաւանաբար, ենթագիտակցութեան հեգնանքով էր, Մարկեսի այս երկու գործերի վերնագրերը դարձան այս ենթաբաժնի բնաբանը։

Տպագիր մամուլի մահուան մասին կանխատեսումները հնչում են վաղուց։ Հնչում են չարագուշակ։ Բոլոր երկրներում էլ տպագիր մամուլի տպաքանակները նուազում են, եւ թերթերի ու հանդէսների փակման կամ միայն էլեկտրոնային ձեւաչափի անցնելու մասին նորութիւններն այնքան յաճախ են հանդիպում լրահոսում, որ թղթային կրիչի վրայ ցանկացած նոր լրատուամիջոցի ծնունդ համարեայ սենսացիա (sensational) է։ Տպագիր մամուլի «նաւապետները» կատաղի դիմադրում են, անցնում են էլեկտրոնային ու առցանց վաճառքներին, սակայն բացասական կանխատեսման ողնաշարը կոտրել որեւէ մէկին չի յաջողւում։

Ու չնայած թերթերն առ այսօր էլ կարողանում են պահել լրատւութեան ամենահեղինակաւոր ճիւղը լինելու առաջնութիւնը, նոր կորոնավիրուսի համավարակն ամենացաւոտը հարուածում է տպագիր մամուլին, որի արտադրութեան մէջ ներգրաւուած են հարակից օղակներ (պոլիգրաֆիայի, ցրման ու բաժանորդագրութեան ծառայութիւններ)։ Քարանթինային միջոցառումները, ամենայն հաւանականութեամբ, նուազեցնելու են տպագիր մամուլի առանց այն էլ իջած վաճառքները։ Այդ միտումների վրայ ազդեցութիւն է ունենալու նաեւ այն մտավախութիւնը, որ թղթային կրիչը կարող է լինել վիրուսի տարածման աղբիւր։

Յայտնի չէ, թէ համավարակից յետոյ ի՞նչ փոփոխութիւնների կարող է ենթարկուել մարդկանց սպառողական վարքագիծն ու, ամենայն հաւանականութեամբ, հենց տպագիր մամուլին է վիճակուած դիմանալ այս «կորոնաճգնաժամի» ամենածանր հարուածին։

Novus Ordo։ Կրթական, Առողջապահական ու Զուարճանքի Ծառայութիւններ

Ցանկացած մարտահրաւէր նախ եւ առաջ հնարաւորութիւն է։ Յետհամաճարակային «Նոր աշխարհում» տնտեսական կարողութիւնների ամրապնդման մարտահրաւէրն ամենածանրն է լինելու։ Ամենայն հաւանականութեամբ, այդ հանգամանքը լրատուամիջոցներին ստիպելու է աւելի մեծ ուշադրութիւն դարձնել գործունէութեան այնպիսի ոլորտներին, ուր տեղափոխուելու է վճարունակ պահանջարկը։ Ու խօսքը բնաւ զուգարանի թղթի արտադրութեան մասին չէ…

Համաշխարհային տնտեսական ֆորումի տարիներ առաջ հրապարակած կանխատեսումներից մէկի համաձայն, միջին դասի աճին զուգահեռ (2030 թ. այն ողջ աշխարհում պէտք է կազմէր 4,9 միլիարդ մարդ), պէտք է աւելանալ նաեւ նոր մետիա- ծառայութիւնների պահանջարկը՝ կրթական, բրիմիում (premium) բովանդակութեան, on-demand տեսաբովանդակութyան, առողջապահական ու բարեկեցութեան ծառայութիւնների սպառման ասպարէզում։

Կորոնավիրուսի տարածման համաճարակն ու քարանթինային միջոցների կիրառումն աշխարհի շատ երկրներում ինքնաբերաբար նպաստեցին այդ կանխատեսումների արդարացմանը։ Ենթադրում ենք, որ լրատուամիջոցները նոյնպէս մեծացնելու են ներդրումներն այս ոլորտներում։ Սա որոշակիօրէն կարող է փոփոխել լրատուամիջոցների աշխատանքի բնոյթն ու բովանդակութիւնը։

Հեղինակութիւն. Լրատուամիջոցի «Աննիւթական» Գափիթալը

Ժամանակակից իւրաքանչիւր լրատուամիջոցի համար հեղինակութիւնը ոչ միայն ու ոչ այնքան աննիւթական արժէք է, որքան գափիթալիզացուող (capitalization), ինչու չէ, նաեւ գոմերցիալիզացուող (commercialization) աքթիւ։ Եւ չնայած անորոշութիւններին, մէկ բան շատ որոշակի է. ապագան զերծ չի լինելու համամարդկային նոր մարտահրաւէրներից, որոնք վերաբերելու են իւրաքանչիւրին, այնպէս, ինչպէս համաճարակային վտանգը։ Հաշուի առնելով աշխարհի փոխկապակցուածութեան ու կլոպալացման (global) ծաւալը՝ նոր մարտահրաւէրները կարող են պակաս ծանր չլինել։

Որքան էլ ներկայ կարճաժամկէտ փուլում հնչեն հակակլոպալիստական (antiglobalistical) կոչեր, աշխարհն ինքնին, աւելի քիչ կլոպալ չի դառնալու ո՛չ տնտեսական կապերի, ո՛չ մարդկային շփումների, ո՛չ էլ տեղեկատուական հոսքերի առումներով, եւ արհեստագիտական զարգացումները միայն խորացնելու են այս միտումները։

Ինչպէս ներկայում, այնպէս էլ ապագայում ճգնաժամերի յաղթահարման մէջ կարեւորուելու է տեղեկատուութիւն սփռողների հեղինակութիւնը։ Այդ «աննիւթական գափիթալն» ամրապնդելու գործում անելիք ունեն հասարակական կեանքի բոլոր դերակատարները, առաջին հերթին լրատուամիջոցներն իրենք, մանաւանդ այս ժամանակաշրջանում, երբ նախկին խնդիրներին (Fake news, սոցիալական ցանցերի յաղթարշաւ, թուային դարաշրջանի լրատուական էթիկական (բարոյեական) հարցեր եւ այլն) աւելանում են նորերը, որոնք աւելի բարդ են, առօրեական եւ շօշափելի։

Համաճարակից յետոյ աշխարհում կարող է շատ բան փոխուել, սակայն լրատուութիւնը, համացանցն ու հաղորդակցութիւնը մնալու են նոյնքան կարեւոր։ Չէ որ, եթէ նրանք չլինէին, մենք յայտնուելու էինք խորը միջնադարում։

ԱՐԱՄ ԱՆԱՆԵԱՆ

«Արմէնփրես» Լրատուական Գործակալութեան Տնօրէն

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին