Արդէն չորս ամիս է աշխարհը պայքարում է նոր տեսակի COVID-19 քորոնա ժահրի դէմ։ Այն սկիզբ առաւ Չինաստանից։ 2019 թուականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանութիւնները պաշտօնապէս յայտարարեցին նոր տեսակի քորոնա ժահրի բռնկման մասին։
Այժմ աշխարհի գրեթէ բոլոր երկրներում քորոնա ժահրը շարունակում է մարդկանց կեանքեր խլել։ Հայաստանը եւս բացառութիւն չէ։ Սակայն, այժմ չխօսենք Հայաստանի մասին։ Քորոնա ժահրով վարակակիր երկրների առաջին վեց պետութիւնները, որտեղ ժահրի տարածումը ահռելի չափերի է հասել, կազմում են աշխարհի ամենազարգացած պետութիւնները՝ ԱՄՆ-ը, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան եւ Ֆրանսիան:
Նրանց յաջորդում է Չինաստանը, որտեղ, ըստ մինչեւ այս պահուս վիճակագրական տուեալների, վարակուել է ընդամէնը 81669 մարդ եւ մահացել 3329 մարդ, այն դէպքում, որ այդ պետութեան բնակչութեան թիւը կազմում է 1.4 միլիար մարդ:
Վերը նշուած 6 պետութիւններում վարակուածների ընդհանուր թիւը կազմում է 781,188 մարդ, իսկ մահացածների թիւը՝ 46,924 մարդ: Իհարկէ, դաւադրութիւնների տեսութեան դաշտում կարելի է հազար ու մի պատճառներ գտնել՝ արդարացնելու Չինաստանում մահացութեան թուի ցածր լինելը կամ չհաւատալ հրապարակուած պաշտօնական թուերին։ Փորձենք դուրս գալ դաւադրութիւնների տեսութիւնից ու հասկանալ ինչո՞վ է դա պայմանաւորուած, որ զարգացած եւրոպական երկրներում վարակուածների ու մահացածների թիւն այդքան մեծ է, իսկ ժահրի «հայրենիք» համարուող Չինաստանում՝ ոչ։
Եւ այսպէս․ Չինաստանը պետութիւն է արեւելեան Ասիայում։ Տարածքով ամենամեծ երկիրն է արեւելեան Ասիայում եւ չորրորդը աշխարհում՝ Ռուսաստանից, Գանատայից եւ ԱՄՆ-ից յետոյ։
Քորոնա ժահրի դէմ պայքարում եւս Չինաստանը յաջողեց։ Յուպեյ նահանգի Ուհան քաղաքը, որտեղից սկիզբ էր առել ժահրը, այժմ վերադարձել է բնականոն կեանքի, մինչդեռ եւրոպական մայրաքաղաքները շարունակում են պայքարել ժահրի ահագնացող չափերի դէմ։
Շատերը կարող են հարց տալ՝ ինչպէ՞ս յաջողուեց Չինաստանին այդքան արագ ու արդիւնաւէտ դուրս գալ ժահրի ճիրաններից։ Պատասխանը մէկն ․ չինական քաղաքակրթութիւնը՝ մշակոյթը, չինական անփոփոխականութիւնը, որը հոմանիշ է արդիւնաւէտութեանը։ Չինաստանում ժահրի յայտարարման պահից սկսած Յուպեյ նահանգում բոլորը մէկ մարդու նման ենթարկուեցին իշխանութիւնների յորդորին՝ մնալ տանը։ Ապացուցուած է, որ նման դէպքերում ժահրի դէմ պայքարում տանը մնալն ամենարդիւնաւէտ միջոցն է։
Չինացիները 3000 տարուայ ընթացքում չեն փոխել քաղաքական համակարգը, ընդհուպ ցայսօր: Երկիրն անփոփոխ ղեկավարում է մէկ կուսակցութիւն, ներկայումս դա կոմունիստներն են, մինչդեռ աւելի վաղ երկիրը ղեկավարել են նրանք, ովքեր անցել են կայսերական քննութիւնները։ Եւրասիական մայրցամաքում առաջացած բոլոր քաղաքակրթութիւնների թւում միայն չինականն է մշտապէս գտնուել նոյն տարածքում: Այդ ամէնը չափազանց կարեւոր տարր է` չինացիներին ըմբռնելու համար: Երբ ժողովուրդը գաղթում է կամ երկիրը ենթարկւում է գաղութարարութեան, ապա դա ստեղծում է հզօր ժամանակաւոր բարքեր։ Չինացիների դէպքում դա բացակայում է։ Չինաստանի մշակոյթի ու չինական քաղաքակրթութեան մասին շատ լաւ յօդուածներ է հրապարակել Չինաստանի գծով մասնագէտ եւ չինական մշակոյթի մասին բազմաթիւ գրքերի հեղինակ Սիրիլ Ժավարիին։ Նրա գնահատմամբ՝ Չինաստանը վերջին 5000 տարիներին Չինաստանն իրենում ներառել է Արեւելեան Ասիայի ողջ մշակոյթը, թէ՛ կրօնական եւ թէ՛ լեզուաբանական մակարդակում: Այս երկիրը յաւակնում է դառնալ ուժեղագոյն համաշխարհային երկիրը: Նոր տեսակի քորոնա ժահրի դէմ պայքարում Չինաստանի յաջողութիւնը բացատրւում է միմիայն դրանով։ Չինացիները չեն կարծում թէ, պարտադրուած քարանթինը իրենց իրաւունքների խախտում է, ազատութեան սահմանափակում։ Այդ իսկ պատճառով նրանք կարողացան այս ժահրի ճիրաններից դուրս գալ առաւելագոյնս քիչ զոհերով։ Իսկ ահա եւրոպական երկրները, որտեղ խօսքի, տեղաշարժման ազատութիւնները, քաղաքական համակարգերի փոփոխութիւնները, անընդհատ ինչ-որ նոր իրավիճակները մարդկանց ստիպում է այսպիսի իրավիճակներում աւելի անհնազանդ պահուածք դրսեւորել։ Իհարկէ, հիմա չենք խօսի քաղաքական համակարգերի արդիւնաւէտութեան մասին, քանզի դա շատ ծաւալուն թէմա է։
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ