Ի լրումն համաւարակի առնչութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական յորդորի՝ այսու տեղեկացնում ենք մեր բարեպաշտ ժողովրդին, որ, առկայ իրավիճակով պայմանաւորուած, որոշում է կայացուել շարունակել Աւագ շաբաթուայ արարողութիւնները եւ Սուրբ Պատարագներն անցկացնել դռնփակ, առանց հաւատացեալների ներկայութեան։
Յայտարարուած արտակարգ դրութեան պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը յորդորում է հաւատացեալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալոյցի Ս․ Պատարագից յետոյ, եւ, առաւելագոյն պատասխանատուութեամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանուած կանոնները, յաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ եւ հոգեւոր հովիւներից ստանալ Սուրբ Հաղորդութիւն։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից թելադրութիւն է արուել սփիւռքի թեմերի առաջնորդներին գործել ըստ իրենց երկրներում տիրող իրավիճակի։ Հոգեւոր հովիւներն առողջապահական բոլոր կանոնների գործադրութեամբ կը շարունակեն հասանելի միջոցներով իրենց հոգեխնամ առաքելութիւնն իրականացնել՝ ի մխիթարութիւն մեր հաւատաւոր ժողովրդի։