Կիրակի, 06. 10. 2024

spot_img

Մի Երգի Պատմութիւն – 42 – Էվրի Պրեթ Եու Թէյք-  Տը Փոլիս  ( Every Breath You Take -The Police )

Տը Փոլիս խմբում երգում եւ ստեղծագործում էր  Կորտըն Մաթյու Սամնըր անունով մի երաժիշտ, որը ժամանակ անց  դարձաւ յայտնի մենակատար երգիչ՝ Սթինկ բեմական կեղծանունով ։

1982-ի ամռանը Կորտըն Սամնըրը հանգստանում էր Ճամայքայում՝ մի վայրում, որ կոչւում էր Օրագապեսսա։ Նա իր հանգիստն անց էր կացնում մի առանձնատանը, որտեղ ժամանակին բնակուել էր Եան Ֆլեմինկը՝ Ճեյմս Պոնտի մասին պատմող գրքաշարի հեղինակը։ Այն հանգամանքը, որ ժամանակին Ֆլեմինկն իր գրքերը գրելիս կարող էր ներշնչուած լինել հենց այս միջավայրից, Սամնըրի համար դարձաւ ներշնչանքի եւ երաժշտական նախամտքի աղբիւր։ Մի գիշեր  նա քնից արթնացաւ պատրաստի   երաժշտական մեղեդու նախատիպով, նստեց դաշնամուրի եւ մօտ  30 րոպէ յետոյ ապագայ երգն իր նախնական տարբերակով պատրաստ էր։

Թէեւ 1982 թուականին Տը Փոլիս խումբը գտնւում էր իր գործունէութեան եւ յայտնիութեան բարձրակէտում, այնուամենայնիւ խմբի ներսում ամեն բան չէ , որ նոյնքան աստղային էր եւ հարթ ։ Խմբի երաժիշտներ Կորտըն Սամնըրն (Սթինկ) ու Սթիուըրտ Քոժաուփլենտը վիճում էին ամեն յարմար առիթով, նոյնիսկ պահը  բաց չէին թողնում  իրար քաշքշելու համար։ Խմբի երրորդ անդամը՝ Էնտի Սամմըրսը, ստիպուած էր նրանց միջեւ հաշտարար լինել եւ այնքան էլ գոհ չէր այդ հանգամանքից։ Նրանց ծայրայեղ  անհանդուրժողականութիւնը ստիպեց երգի արտադրիչ Հիու Փետկեմին երգի ձայնագրութեան ժամանակ  նրանց տարբեր սենեակներում տեղակայել, որտեղ նրանք նուագում եւ երգում էին միաժամանակ, բայց իրարից հեռու եւ իրար չտեսնելով։ Աշխատանքներն այնքան լի էին թշնամանքով , որ Սթինկն ու Քուփլենտը կտրում ու կրճատում էին միմեանց  ձայնաբաժինները։ Բանը հասաւ նրան, որ ՝ նրանց թշնամական տարաձայնութեան պատճառով  քիչ էր մնում երգի ձայնագրութիւնն ընդհանրապէս կասեցուեր արտադրողի կողմից ։ Այնուամենայնիւ , մեծ երիվարավարութիւնից յետոյ , աշխատանքներն աւարտուեցին։ Երգը նրանց «Synchronicity» ալպոմի մէջ մտաւ եւ վճռորոշ դեր ունեցաւ խմբի փառքի եւ յայտնիութեան գործում։

Սամնըրը (Սթինկ) համոզուած էր, որ նրանք ապագայ հիթի վրայ են աշխատում։ Նոյն համոզմունքն ունէին Սամմըրսը եւ  Փետկեմը։ Նրանք, ինչպէս նաեւ Քաուփլենտը,  մեծ  ներդրում ունեցան  երգի ստեղծագործական աշխատանքներում։ Այնուամենայնիւ, նրանք կարծում էին, որ դա Սթինկի երգն է, եւ նա պիտի երգի վերջնական տեսքի հեղինակն ու հաւանութիւն տուողը լինի։ Սամմնըրն ու Փետկեմը հաւանում էին երգը, իսկ այ Քաուփլենտը  այլ կարծիքի էր։ Նա համարում էր , որ երգը պարզունակ է , զուրկ որեւէ իւրայատուկ ռիթմիկ պատկերից եւ՝  որ նրա հնչողութիւնը անհամ է։

Սթինկը երգը գրել է իր կեանքի բեկումնային պահերից մէկի ժամանակ, երբ բաժանւում էր առաջին կնոջից։ Երգն ամբողջութեամբ ողողուած է վիրաւորած եւ խանդոտ մարդու հոգեվիճակով եւ  սեփականատիրոջ զգացողութեամբ։ Երգի տողերի մէջ արտացոլուած խանդի, չհաւատալու , բարկութեան,  նախկին սիրեցեալին  չվստահելու պատճառով հետեւելու մասին տողերը, որոշ երկրպագուների կողմից ընկալուեցին որպէս ծայրայեղ նուիրուածութեան եւ սիրոյ դրսեւորում։ Նրանք կարծում էին, որ երգը սիրային պալլատ է։ Այս հանգամանքը սկզբում բարկացնում էր Սթինկին, սակայն ժամանակի ընթացքում նա հասկացաւ, որ երաժշտութիւնը բազմաշերտ է, եւ եթէ հնարաւորութիւն կայ երգը մեկնաբանելու տարբեր տեսանկիւններից եւ ընկալել այն տարբեր կերպ, ուրեմն դա խօսում է երգի ստացուած լինելու մասին։

 «Ես կարծում եմ, որ իմ առջեւ դրուած խնդիրն էր ստեղծել մի երգ, որն անկախ հեղինակից կամ կատարողից, կ՛ունենար իր առանձին կեանքը։ Ոչ բոլոր հեղինակները կարող են հպարտանալ նրանով, որ դա նրանց յաջողուել է, եւ առաւել եւս, ոչ բոլորը կարող են պարծենալ նրանով, որ դրա մասին նրանք գիտէին դեռ երգի վրայ աշխատելիս»,- Սթինկ։  

https://www.youtube.com/watch?v=OMOGaugKpzs

 

 ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Աշխատակից

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին