Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Մշակութային Արձագանգ. «Ալպիական Մանուշակ» եւ․․․

 Այսօրուայ Մշակութային Արձագանգ էջով ձեզի կը ներկայացնեմ՝

   –  Ակսել Բակունցի ‹‹Ալպիական մանուշակ›› պատմուածքը

    – Իմ մեկնաբանութիւնը պատմուածքին մասին

    – Կաքաւաբերդի մասին համառօտ տեղեկութիւն մը

 

Ընթերցողը կը նկատի, որ Բակունցի այս գլուխգործոց պատմուածքի մէջ, գործող անձինք չունեն անուն/ անձնանուն։ Ուրեմն՝ կարող ենք արագ եզրակացնել, որ Բակունցը չի ուզել մեզ ներկայացնել սովորական վիպական պատում։ Գրութիւնը ունի ուրիշ նպատակ, որի մասին ես իմ կարծիքս եմ գրել։ 

Անպայման կը նկատէք, որ այս կարճ պատմուածքի գրուել է երեք տարուայ ընթացքին սկսել է 1925 թուականից, աւարտուել 1927 թուականին։ Ես արդէն գրել եմ, որ Բակունցը ամեն մի բառ, ամեն մի պատկեր եւ ամեն մի միտք ընտրել է զգուշօրէն, դիպուկ եւ ճիշտ։ Իսկ այդ պատմուածը չունի վիպական պատումի ընկալեալ ընթացք չի սկսում մի դրուագով, պատմուածքներին բնորոշ հոլովոյթ չկայ այդտեղ։ Եւ ուրիշ հարցեր, որ նկատել եմ ես՝ այդ հրաշք պատմուածքում, որ կ՛ուզեմ մեր ընթերցողներուն հետ կիսուիլ:

 

Ռ.Օ.

 

Ալպիական Մանուշակ

 

 

Կաքաւաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձեւ պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մէջ, միայն սեւին են անում բարձր բուրգերը։ Հեռուից աւերակներ չեն երեւում եւ այնպէս է թւում, թէ բուրգերի գլխին հսկում կայ, գոց են ապարանքի երկաթէ դռները, աշտարակի գլխից մէկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալւում են ամպի ծուէնները, պարսպի վրայ երեւում են մացառներ, աշտարակի խոնարհուած գլուխը եւ կիսով չափ հողի մէջ խրուած պարիսպները։ Ո՛չ մի երկաթեայ դուռ եւ ո՛չ մի պահակ աշտարակի գլխին։

Լռութիւն կայ Կաքաւաբերդի աւերակներում։ Միայն ձորի մէջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը եւ յղկում հունի կապոյտ որձաքարը։ Իր նեղ հունի մէջ գալարւում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ եւ կրծում քարէ շղթաները։

Պարիսպների գլխին բոյն են դրել ցինը եւ անգղը։ Հէնց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսւում, նրանք կռնչիւնով աղմկում են, թռչում են բներից եւ ահարկու պտոյտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարէ արծիւը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպէս պողպատէ զրահ։

Կաքաւաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցօղունը կաքաւի ոտքի պէս կարմիր, ծաղիկը ծիրանի գոյն։ Քարի մօտ է բուսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արեւից քարերը տաքանում են, եւ երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքւում է, գլուխը յենում քարին։ Ծաղկափոշու մէջ թաթախուած գունաւոր բզեզին մանուշակը ճօճք է թւում, աշխարհը՝ ծիրանագոյն բուրաստան։

Ներքեւը, ձորում, Բասուտա գետի միւս ափին, քարաժայռերի վրայ, թառել են մի քանի տներ։ Առաւօտեան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգւում է կապոյտ երիզի նման եւ հալւում ամպերի մէջ։ Շոգ կէսօրին գիւղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառաւ մի շինական յօրանջում է տան ստուերում, ձեռնափայտով աւազի վրայ նշաններ գծում, նշանների հետ փորփրում գլխով անցածը։

Ե՛ւ գիւղում, ե՛ւ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նոյն ծառի միանման տերեւներն են։ Դրա համար էլ խառնւում է ծերունու յիշողութիւնը։ Գետն աղմկում է առաջուայ յանգով, նոյն քարերն են եւ նոյն քարէ արծիւը։

Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մօտ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրայ, եղէգնով պատել վրանները, եւ ամեն գարնան, երբ Կաքաւաբերդի լանջին բացուել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց եւ այծի պանիր։

* * *

Արեւ մի կէսօր Կաքաւաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիաւոր։ Ոչ միայն զգեստից, այլեւ ձի նստելուց երեւում էր, որ առաջին երկու ձիաւորը քաղաքի մարդիկ են եւ չեն տեսել ո՛չ Կաքաւաբերդը, ո՛չ նրա քարափը։

Երրորդ ձիաւորը նրանց ուղեկցում էր, եւ մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից, համարեա թէ կռացել՝ հաւասարակշիռ մնալու,- վերջին ձիաւորը քթի տակ մռմռում էր մի երգ, մելամաղձոտ ու յուսահատ, ինչպէս ամայի ձորը, տխուր քարափը եւ հեռաւոր գիւղը։

Բերդի գլխին նստած ամպը վարագոյրի պէս մէկ ետ էր քաշւում, երեւում էին պարիսպները, մէկ ծածկում էր կատարը։ Առաջին ձիաւորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմութիւնն էր, մագաղաթեայ մատեաններում գրած խօսքերը իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթեայ մուտքի առաջ եւ աւերից դարձող նրա համհարզները ճօճում էին նիզակները։ Ակնոցի արանքից նրա ուսեալ աչքերը տեսնում էին զրահաւորներին, մագաղաթեայ մատենագրին՝ եղեգնեայ գրչով նրանց գովքը յօրինելիս եւ նա լսում է հնօրեայ ձիերի դոփիւնը։ Ինչ դժուար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տէրերը։

Երբ հասան վրաններին, առաջին ձիաւորը շարունակեց ճանապարհը։ Նա փնտրում էր հին ճանապարհը եւ չէր տեսնում վրանների առաջ, մոխրի մէջ խաղացող կիսամերկ երեխաներին, այծերին, որոնք զարմանքից վեր ու վար էին անում գլուխները։

Ֆետրէ գլխարկով երկրորդ ձիաւորը Կաքաւաբերդի գլխին հնութիւններ չէր որոնում։ Նրա ամբողջ հարստութիւնը ծոցի հաստ տետրն էր եւ սրածայր մատիտը։ Հերիք էր աչքն ընկնէր մի դէմքի, տեսնէր գեղեցիկ մի անկիւն, մամռապատ մի քար, որպէսզի թղթի վրայ մատիտով նկարէր այն, ինչ տեսել էին նրա աչքերը։

Առաջին ձիաւորը հնագէտ էր, երկրորդը՝ նկարիչ։

Երբ նրանք հասան վրաններին, շները յարձակուեցին ձիաւորների վրայ։ Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից, նայեցին նրանց կողմը։ Մոխրի մէջ խաղացող երեխաները տեսան, թէ ինչպէս շները հաչելով վազեցին ձիերի վրայ։ Երրորդ ձիաւորն իզուր էր մտրակով փորձում շներին հեռացնել։ Շները հաչելով մինչեւ բերդի պարիսպները ուղեկից եղան ձիաւորներին, յետոյ իրար հետ խաղալով վերադարձան։

Կաքաւաբերդի քարերն ասես կենդանացել ու խօսում էին հնագէտի հետ։ Նա մօտենում էր այս ու այն քարին, կռանում, նայում, չափում, ինչ-որ գրում, ոտքով փորում հողի փլուածքը, բաց անում հողի տակ թաղուած տաշած քարի ծայրը։ Նա բարձրացաւ պարսպի վրայ, գլուխը դուրս հանեց բուրգի դիտարանից եւ բարձր կանչեց, երբ բուրգի անկիւնում, քարի վրայ, տեսաւ փորագիր խօսքեր։

Երրորդ ձիաւորը, որ ձիերի սանձերն արձակել ու պարսպի մօտ նստած ծխում է, հնագէտի կանչից վեր թռաւ։ Նրան թուաց, թէ օձը խայթեց ակնոցաւոր մարդուն։

Ֆետրէ գլխարկով մարդը նկարեց պարիսպների փլուածքը, սրածայր բուրգը եւ պատերի հետքերը։ Բերդի մուտքը նկարելիս, մատիտը մի պահ ձեռքին մնաց, որովհետեւ նրա ոտնաձայնից մի անգղ կռնչիւնով թռաւ բնից, պտոյտներ արեց բերդի գլխին։ Նրա ձայնին միւսներն էլ հաւաքուեցին։

Ձիերը, անգղների կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները, իրար մօտեցան։ Եւ երբ հնագէտը բուրգի ծայրից կանչեց, թէ ինքը գտել է Բակուր իշխանի դամբանը, նկարիչը չհասկացաւ նրա խօսքը։ Աչքն անգղների պտոյտի հետ էին, նրանց թեւերի հզօր շարժումի, կեռ ու արնագոյն կտուցների հետ։ Ի՜նչ ահեղ թափ կար նրանց պտոյտում։ Մի պահ մատիտը ձեռքին մնաց եւ չնկատեց, թէ ինչպէս գլխարկը սահեց եւ ընկաւ քարի վրայ։

Վրաններից մի մարդ, մանգաղը գօտու մէջ խրած, գլուխը փաթաթած կեղտոտ թաշկինակով, մահակին յենուելով բարձրացաւ բերդի քարափով եւ մօտեցաւ ձիերի մօտ նստած պահակին։ Մարդը տեսաւ ակնոցաւորին մի քար տեղահան անելիս։ Եւ երբ պահակին հարցրեց, թէ ովքե՞ր են եկուորները, ի՞նչ են փնտրում բերդի աւերակներում, պահակը նախ յանկարծակիի եկաւ եւ պատասխանեց, որ գրքերում գրած է, թէ Կաքաւաբերդի գլխին կարասի մէջ թաղուած են ոսկէ գանձեր։

Հնձուորը միտք արեց, ուսը քորեց եւ դարձաւ դէպի ձորը՝ հնձելու կորեկի արտը։ Ու գնում էր ինքն իրեն խօսելով։ Ի՜նչ կը լինէր, եթէ ինքը գտնէր գանձը։ Քանի անգամ է նա նստել հէնց այն քարի վրայ, որ տեղահան արեց ակնոցաւորը։ Եթէ իմանար, ապա գանձերը կը լինէին նրա արխալուղի գրպանում։ Քանի՜ կով կառնէր…

Միտք էր անում հնձուորը, երբ նկատեց, որ կորեկի արտի կողքին է։ Նա չուխան շպրտեց, չուխայի հետ էլ աւելորդ մտքերը, մանգաղով զարկեց մի կապ կորեկ ու կտրեց։

Բերդի քարերի մօտ բուսել էր ալպիական մանուշակ, ծաղիկը՝ ծիրանի գոյն։ Հնագէտը չէր տեսնում ո՛չ մանուշակ, ո՛չ խոտ։ Նրա կօշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ։

Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էր, ուր չկար ոչինչ կենդանի եւ ոչ մի բզեզ։ Նա պոկոտում էր քարերին փաթաթուած բաղեղը, փայտի ծայրով արմատախիլ անում քարի ճեղքում բուսած մանուշակը, ձեռքով քարը շոյում եւ սրբում գրերի հողը։

Ֆետրէ գլխարկով մարդը երբ նկարեց այն ամենը, ինչ հարկաւոր էր հնագէտին, տետրի նոր էջի վրայ նկարեց եւ պարսպի մի մասը, ատամնաձեւ քարերի արանքում, քարէ արծուի բոյնը, պարսպի ոտների տակ՝ ալպիական մանուշակներ։

 

* * *

Կէսօրից անց նրանք բերդից իջան։ Հնագէտը մի անգամ էլ պտոյտ արեց բերդի չորս կողմը, տետրում մի բան նշանակեց եւ ապա արագ քայլերով հասաւ ձիերին։

Այս անգամ ամենից առաջ գնում էր երրորդ ձիաւորը։ Եթէ հնագէտի գլխում Բակուր իշխանն էր եւ մատենագրի մագաղաթը, նկարիչը յիշում էր մանուշակները, եւ լսում Բասուտա գետի խուլ աղմուկը,— երրորդ ձիաւորի աչքի առաջ թարմ լաւաշներ էին, պանիր ու մածուն։

Նա հէնց առաջին վրանի մօտ ձիերն արձակեց, սանձով կապեց ձիերի ոտքը ու ներս մտաւ վրանի նեղլիկ դռնից։ Քաղցած ձիերն ագահութեամբ մռութները կախեցին թարմ կանաչի վրայ։

Վրանի մուտքի առաջ, օջախի կողքին, մի փոքրիկ տղայ մոխրի մէջ սունկ էր խորովում։ Անծանօթ մարդկանց ներս գալը նրան զարմացրեց, չիմացաւ սունկը թողնի կրակի վրա՞յ, վազի մօր հետեւի՞ց, թէ՞ սունկն էլ հետը տանի։ Երբ վրանի մօտ նա լսեց մօր բոպիկ ոտքերի ձայնը, զգեստի խշշոցը, տղան սիրտ առաւ, խորովուած մի սունկ հանեց մոխրից եւ դրեց օջախի քարին։

Մայրը ներս մտաւ, գլխի շորը մի քիչ իջեցրեց աչքերի վրայ, մօտեցաւ եւ վրանի անկիւնում դարսած ծալքից երկու բարձ մեկնեց հիւրերին։

Երրորդ ձիաւորը հնագէտի պայուսակից կոնսերվ հանեց։

-Մենք սոված ենք, քոյրիկ։ Թէ մածուն ունես, տո՛ւր, համ էլ թէյ գցիր։ Շաքար ունենք…- ասաւ նա։

Կինը մօտեցաւ օջախին, տղայի սունկերը դէն դրեց, կռացաւ ու փչեց մխացող աթարներին։ Նրա գլխի շորը ետ ընկաւ, ֆետրէ գլխարկով մարդը տեսաւ կնոջ սպիտակ ճակատը, սեւ մազերը եւ նոյնքան սեւ աչքերը։

Նրա հայեացքը սեւեռած մնաց մխացող օջախին, մոխրի մօտ չոքած կնոջը։ Ո՞րտեղ էր տեսել նա նման մի դէմք, բարձր, սպիտակ ճակատ եւ մուգ մանիշակագոյն աչքեր։ Երբ կինը վեր կացաւ, եռոտանի կասկարան բերեց օջախի վրայ դնելու, հանեց ծխից սեւացած թէյամանը, նկարիչը շատ մօտ տեսաւ նրա աչքերը եւ մոխրի փոշին ունքերի վրայ, մազերի վրայ։

Ինչքա՜ն շատ ժամանակ էր անցել այն օրից։ Եւ մի՞թէ հնարաւոր է այդքան նման երկու դէմք, նոյնիսկ նոյն շրթունքները։ Կաքաւաբերդի կնոջ դէմքն արեւը մի քիչ այրել էր։ Բայց աչքերի ձեւը նոյնն էր, ինչ որ միւս կնոջ, որ դարձեալ բարակ մէջքով էր եւ բարձրահասակ։

Կինը թէյի պատրաստութիւն էր տեսնում, անխօս եւ արագ շարժումներով։ Ամեն անգամ, երբ նա կռանում էր, բարձրանում կամ բոպիկ ոտքերով քայլում էր խսիրի վրայ, զրնգում էին նրա թեւերի արծաթագոյն սուրմաները, փոքրիկ զանգակների ձայն հանում։ Խշշում էր նրա զգեստը, որի փէշերը իջնում էին մինչեւ մերկ ներբանները։

Այն կինն էլ ունէր խշխշան շորեր, հագնում էր գորշ գոյնի վերարկու, սեւ թաւիշէ գլխարկ, որի երկար քորոցը նարնջագոյն գլուխ ունէր։ Հեռու էր, շատ հեռու։ Գուցէ Բասուտա գետը ուրիշ գետի հետ խառնուելով հասնում է այն ծովին, որի ափին, աւազի վրայ, մի օր նստել էին՝ կինը եւ նկարիչը։

Պահակը բաց արեց կոնսերվի երկրորդ տուփը։ Հնագէտը սփռոցից ու պղնձէ ամաններից գլուխը չէր բարձրացնում։ Տղան սունկը կերաւ եւ աչքերը սեւեռեց կոնսերվի փայլուն տուփին, սպասելով, որ դատարկեն։ Մարդը տեսաւ նրա հայեացքը եւ կոնսերվի տուփը մեկնեց տղային։

Տղան տուփը թափահարեց, վրանի առաջ պառկած շունը կուլ տուաւ մսի կտորները եւ լիզեց քիմքերը։ Ապա դատարկ տուփը ձեռքին նա վազեց երեխաների մօտ, նրանց ցոյց տալու սպիտակ թիթեղեայ տուփը, որ չտեսած նորութիւն էր այդ քարափների վրայ։

Կինը նստել էր օջախի առաջ, յաճախ բարձրացնում էր թէյամանի կափարիչը եւ նայում տաքացող ջրին։ Նա խառնում էր կրակը, աթարներն իրար մօտ քաշում եւ երբ ծուխն ամպի պէս բարձրանում էր ու դուրս գալիս վրանի եղեգնեայ պատերի արանքով, կինը, աչքերը մուխից պահելու համար, ձեռքը բռնում էր ճակատին։

Ֆետրէ գլխարկով մարդուն օջախի մօտ նստած կինը, որի երկար զգեստի տակ պարզ երեւում էին նրա ծնկները, թւում էր քրմուհի՝ եռոտանու առաջ ծխի շարժումները գուշակող։

Այն կինը երբեք բոպիկ ոտքերով չի՛ քայլել, չի՛ նստել մխացող աթարի առաջ։ Առաւօտեան ծովը բրոնզէ հալոցքի պէս տարուբեր էր լինում եւ լիզում ափերի կրաքարը։ Ծովափին սեւ թաւիշէ գլխարկով կինը հովանոցի ծայրով աւազի վրայ նշաններ էր անում եւ աւերում։ Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճիւղը, մանրիկ փշուրներ անում, եւ երբ ալիքները կաթիլներ էին ցօղում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճիւղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թուաց լայնարձակ մի ծով, եւ սիրտը ձուլուեց ծովի հետ։

Յետոյ ուրիշ օրեր եկան։ Այնքան պատահական եղաւ ճամփաբաժանը եւ այնպէս պարզ։ Մտքի մէջ մնացին մի զոյգ մանիշակագոյն աչքեր, գորշ գոյնի վերարկու եւ հովանոցի ծայրը, որով կինը աւազի վրայ խոստումներ էր գրում եւ աւերում։

Թէյամանի մէջ ջուրը եռաց, կափարիչը ձայն հանեց։ Կինը կողովից հանեց պնակները եւ ծաղկաւոր բաժակները շարեց սփռոցի վրայ։ Երբ նա կռացաւ սփռոցի վրայ, թիկունքից ծամը թեքուեց, կախուեց ուսն ի վար։ Ծովափի կինը կարճ խուզած մազեր ունէր եւ սպիտակ պարանոց, որի բարակ մորթու տակ երեւում էին կապոյտ երակները։ Տղան դատարկ տուփը ձեռքին ներս վազեց։ Վրանի դռկից մի խումբ մանուկներ զարմանքով նայում էին խսիր վրայ նստած հիւրերին։ Որքան մեծ եղաւ տղայի ուրախութիւնը, երբ նա ստացաւ երկրորդ տուփը։ Այս անգամ նա դուրս չվազեց, այլ նստեց խսիրի վրայ, մայրը նրա համար եւս թէյ լցրեց, իսկ ետրէ գլխարկով մարդը շաքարի մի մեծ կտոր գցեց տղայի բաժակը։

Տղան զարմացաւ եւ երբ շաքարից պղպջակներ բարձրացան թէէի երեսը, նա մատը կոխեց բաժակի մէջ՝ շաքարը բերանը տանելու։ Թէկուզ տաք թէյը վառեց մատը, բայց ծպտուն չհանեց։ Այնքան համեղ էր կիսահալ շաքարը։ Հնագէտը քթի տակ ծիծաղեց, ինչ-որ բան յիշեց մարդու նախնական օրերից։ Կինը նորից ջուր լցրեց թէյամանի մէջ եւ ուրախ ժպտաց երեխայի չարաճճի արարքի վրայ։

Ֆետրէ գլխարկով մարդը տեսաւ այդ ժպիտը, ինչքա՜ն ծանօթ էր… Երեւի նոյն դէմք ունեցող մարդիկ նոյն կերպ են ժպտում։ Կնոջ վերին շրթունքը աննկատ դողդողաց, ժպիտից շրթունքները կարմրեցին, որպէս արնագոյն մեխակի թերթեր, ժպիտից աչքերը փայլեցին։

Յանկարծ նա ծոցից հանեց տետրը, թերթեց քարերի եւ քանդակների նկարներ, թերթեց եւ քարէ արծուի բոյնը պարսպի գլխին ու սպիտակ թղթի վրայ մատիտի արագ շարժումով նկարեց կնոջը՝ օջախի մօտ նստած, աչքերը օջախի քարին։ Ծանօթ էին դիմագծերը, միտքն այնքան էր աշխատել նրա վրայ տարիներ առաջ։ Փակ աչքերով էլ նա տեսնում էր կնոջ պրոֆիլը։

Միայն տղան տեսաւ մօր նկարն սպիտակ թղթի վրայ։ Նրան այնպէս թուաց, թէ ֆետրէ գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպէս աղբիւրի վճիտ ջուրը։

Քիչ յետոյ ձիերը վրանի առաջ էին։ Երրորդ ձիաւորը ձիերի գլխին հագցնում էր սանձերը, պնդացնում թամբի կաշուէ կապերը։ Եւ երբ պայուսակը կապեց թամբին, մօտեցաւ մնաս բարով ասելու օջախի մօտ նստած կնոջը։ Կինը տեղից վեր կացաւ, գլխի շորն արագ իջեցրեց ճակատին եւ մատների ծայրով բռնեց երրորդ ձիաւորի մեկնած ձեռքը։ Միւսներն էլ հետեւեցին նրա օրինակին։ Այս անգամ կինը ձեռքը կրծքին սեղմեց եւ խոնարհեց գլուխը։ Ֆետրէ գլխարկով մարդը տղային տուեց արծաթ դրամ ու շոյեց նրա մազերը։

Ձիերն իջնում էին Կաքաւաբերդի քարափով դեպի Բասուտա ձորը։ Ձիերի սանձից բռնած իջնում էին երեք հոգի, որոնցից ամեն մէկը մտքերի մէջ հիւսում էր իր նախշը։ Ճանապարհի երկու եզրին բուսել էին ալպիական մանուշակներ։ Ֆետրէ գլխարկով մարդը կռացաւ, պոկեց մէկը եւ դրեց տետրի այն թերթի արանքը, որի վրայ նկարուած էր եռոտանին եւ այն բարակիրան կինը։

Ձիերի սմբակի տակից քարեր էին թռչում, քարերն աղմուկով գլորւում էին ձորը։ Ծով կար նրա մտքում եւ այդ ծովը ափ էր շպրտում մերթ սեւ թաւիշէ գլխարկով մի գլուխ, մազերը կարճ կտրած, մերթ երկարազգեստ մի կնոջ, թիկունքին երկար ծամեր, մերթ քարէ քանդակներ, կիսաւեր պարիսպներ, նրանց հիմքի մօտ ալպիական ծիրանագոյն մանուշակներ…

* * *

Իրիկնացաւ։

Նոյն ճանապարհով վրանների կողմն էր բարձրանում մի մարդ, գօտկում՝ պողպատէ փայլուն մանգաղը։ Բեզարած էր մարդը, ամբողջ օրը հնձել էր կարճ ցօղունով կորեկ եւ մէջքը ցաւում էր։ Դրա համար էլ դանդաղ էր բարձրանում, մահակը դէմ տալիս քարին, երբեմն կանգնում շունչ առնելու։ Երբ կանգ էր առնում, նրա կորացած ծնկները դողում էին։

Հնձուորը ցերեկուայ մարդն էր, որին երրորդ ձիաւորը պատմել էր բերդի գանձերի մասին։ Իր արտից նա տեսաւ ձիաւորներին եւ նրան թուաց, թէ ձիու թամբին կապած պայուսակներում հէնց այն գանձերն են, որ հարիւր տարիներ մնացել են քարի տակ, որի վրայ ինքը շարունակ նստել է, երբ բերդի աւերակներում պահում էր այծ ու ոչխար։ Այդ մի՞տքն էր նրան զայրացրել, թէ՞ յոգնութիւնը,- մարդը մռայլ էր, որպէս իրիկնապահին անտառում որսի դուրս եկող սոված արջը։

Նա հասաւ առաջին վրանին, ոտքով զարկեց շանը, որ պոչը շարժելով առաջ էր վազել տիրոջը դիմաւորելու, ապա գօտուց մանգաղը հանեց, շպրտեց մի անկիւն, փայտը դրեց օջախի մօտ եւ լուռ նստեց խսիրի վրայ։

Օջախը մխում էր։ Թէյամանում եռում էր տաք թէյը։ Ծալքատեղում՝ բարձի վրայ, երկու կտոր շաքար կար։ Հնձուորը դեռ տրեխները չէր հանել եւ գուլպաներից թափ չէր տուել կորեկի փնջերը, երբ սուրմաների զնգոցով, երկար զգեստի ծալքերն իրար քսելով, ներս մտաւ նրա կինը, կնոջ փէշից կախուած տղան՝ կոնսերվի երկու դատարկ տուփ ձեռքին։

Տղան դէպի հայրը վազեց, տուփերը ցոյց տալու։ Հայրը հասկացաւ, որ ձիաւորները նստել են իր խսիրի վրայ։ Տղան ցոյց տուեց եւ արծաթ դրամը, որ տուել էր նրան մի բարի քեռի։

Հայրը ոտքով դէն հրեց որդուն էլ, դատարկ տուփերն էլ։

Գլորուեցին տուփերը, տղան էլ գլորուեց։ Ապա տղան ցատկեց եւ վազեց տուփերի հետեւից։ Երկու տուփը ձեռքին նա փաթաթուեց մօր փէշերին եւ սկսեց լալ։ Հայրը ձայնը մեղմացրեց, տղային կանչեց, խնդրեց նրա արծաթ դրամը։ Տղան արցունքների միջից ժպտալով մօտեցաւ հօրը, դրամը բռի մէջ։ Ապա նա պատմեց, թէ հիւրի ծոցում կար մի փայլուն իր, մէջը սպիտակ թերթեր։ Արծաթ տուող մարդը մօր պատկերը հանեց թերթի վրայ եւ դրեց ծոցը։

Խանդը կայծակի պէս փայլատակեց մռայլ հնձուորի սրտում։ Աչքերը լայնացան, նա գունատուեց։ Մայրը նայեց տղային, հրդեհուեց դէմքը, հայրը տեսաւ կնոջ դէմքի կարմիրը։ Այդ ամենը կատարուեց մի վայրկեանում։ Յաջորդ վայրկեանին մարդը գազազած արջի նման ոստիւն արեց, նրա մազոտ ձեռքերը սեղմեցին ծանր մահակը եւ մահակն անասելի թափով իջաւ կնոջ թիկունքին։

Սուրմաները զրնգացին, ցնցուեցին կնոջ երկար ծամերը։ Եռոտանու վրայ դրած թէյամանը թեքուեց։ Մահակի ջարդուած ծայրը թռաւ ծալքի վրայ։ Կինը աղաղակ չհանեց, այլ ցաւից գալարուեց։ Նա ձեռքը թիկունքին տարաւ, ապա դուրս եկաւ վրանի դռանը անձայն հեկեկալու։

Տղան դատարկ տուփերը ձեռքին հետեւեց նրան եւ պահուեց մօր փէշի տակ։ Մարդը մի քիչ էլ դժգոհեց, ապա կերաւ կորեկ հացը եւ փափախը գլխի տակ, մեկնուեց խսիրի վրայ։

Յետոյ Կաքաւաբերդի գլխին լռութիւն իջաւ։ Օջախներում հանգաւ կրակը, եղաւ խաւար գիշեր։ Գազանների ահից շները կուչ եկան վրանների առաջ։ Ոչխարը պառկեց կանաչի վրայ։ Խսիրի վրայ մեկնուեց եւ կինը, թաղիքի տակ ծածկելով տղային։

Կաքաւաբերդի գլխից ամպը խխունջի պէս սողաց դէպի վրանները, խոնաւութիւն կաթեց քարերի վրայ, մամուռների վրայ եւ մակաղած ոչխարների բրդի վրայ նստեց գիշերային խոնաւութիւնը։ Ցօղ կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրայ։

Բուրմունքից արբեցած մի բզէզ քնել էր առեջքների մէջ եւ նրան այնպէս էր թւում, թէ աշխարհը հոտաւէտ բուրաստան է, ալպիական մանուշակ…

 

Ակսել ԲակունցBottom of Form
1925-1927

*     *     *

 

 

Ակսել Բակունցի «Ալպիական Մանուշակ» Պատմուածքի

Իմ Մեկնաբանութիւնը

 

Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմուածքի իմ մեկնաբանութիւնը սկսեմ հէնց վերջին եզրակացութիւնով, ապա՝ վերադառնամ սկզբին։

 

Բակունցի այդ հիանալի պատմուածքի բնաբանը Հայաստանն է՝ իր բնութիւնով, ժողովրդով, մշակոյթով, պատմութեամբ, ներկայով ու ապագան նախանշելով։ Սա այն առաջին ու վերջին եզրակացութիւնը եւ իմ խոր համոզումն է Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմուածքի կապակցութեամբ։

Ինչքան կարդաս, այնքան նոր յայտնագործութիւններ կարող ես անել այդ կարճ պատմուածքի ընդմիջից, քանի որ ամեն ինչ՝ ամեն մի բառ ու պատկեր, ներկայացուել է ամենայն ճշգրտութեամբ, զգուշօրէն, դիպուկ ու լրիւ ուսումնասիրուած։ Այս պատմուածքում չկան պատահական մարդիկ, չկան պատահական պատկերներ ու չկայ պատահական գործողութիւն։ Ամեն ինչ ճիշտ կանխամտածուած է՝ գրողի մտային խոր թափանցումով ու ներկայացրածը լրիւ տիրապետելով։ Չեմ կարող մի քանի պարբերութեան մէջ ամփոփել իմ զգացածն ու գտածը։ Բայց, փորձեմ համառօտ ու վերնագրային նշել մի շարք կարեւոր հարցեր, որ կուզէի կիսել ընթերցողի հետ։

 

*     *     *

            «Ալպիական մանուշակ»ը սովորական վիպական պատում չէ։ Այդտեղ չկայ բնաբանի սկիզբ եւ վերջ։ Ուրիշ խօսքով՝ պատմութիւնը չի սկսում մի դրուագով, չունի վիպական պատումի հոլովոյթ եւ աւարտ։ Դրանով հանդերձ, ունի բազմաշերտ, բազմակողմանի ու խոր բովանդակութիւն։ Այդ բովանդակութիւնը ներկայացւում է գործող անձերով, ովքեր ունեն նկարագիր եւ էութիւն, բայց ո՛չ անձնանուն։ Սա արդէն փաստում է, որ Բակունցը նպատակ չի ունեցել ներկայացնել յատուկ անուններով որոշակի անձերի մասնակցութեամբ դէպքերի շարունակական ընթացք, այլ նա կարեւորել է պատմուածքում ներկայացուող անձերի տիպարներն ու նրանց խոհա-փիլիսոփայական բովանդակութիւնը։ Հէնց այս հաստատումի հիման վրայ՝ շարունակենք գրութիւնը։

 

            Ինձ ամենից շատ հետաքրքրեց հայ կնոջ տիպարը այս պատմուածքում։ Գլխաւոր դերում է գեղջուկ հայ կինը, որ հագին ունի խշխշան շորեր։ Նա ամօթխած է, ապրում է լեռներում՝ լեռնային պարզ ու նախնական կեանքով։ Բայց, նկարիչը նրան նմանեցնում է նաեւ քրմուհու։ Իսկ քրմուհին գալիս է հեռու դարերի խորքերից․․․ Գեղջուկ հայ կնոջ դիմագիծը նկարիչին յիշեցնում է իր յուշերի կնոջը, որ հագնւում էր ալա-ֆրանգի, եւ գլխարկ ունէր։ Նկարիչի յուշերի կինը քաղաքում ապրող կինն է, իսկ նկատի ունենալով որ պատմուածքը գրուել ու աւարտուել է 1927 թուականին, երբ գիւղը սկսում է զիջել քաղաքին, ապա կարող ենք եզրակացնել որ՝ նկարիչի յուշերի կինը արդի ժամանակների ու ապագայ հայ կինն է՝ իր հագուստով տարբեր, բայց դիմագծով՝ նոյնը։ Ու ես եզրակացնում եմ, որ ըստ Ակսել Բակունցի՝ հայ կինը՝ իր դիմագծով ու տիպարով, նոյնն է ինչ կար հին դարերում, հիմա՝ լեռնային պայմաններում ու քաղաքում, եւ նոյնն էլ կը մնայ ապագայում։

            Գեղջուկ հայ կնոջ տիպարը ներկայացնելու գծով՝ կայ մի ուրիշ դրուագ։ Հնձուորը հարուածում է իր կնոջ մէջքին ու ցաւ պատճառում նրան։ Կինը լացում է անձայն՝ իր ցաւը ուրիշին չպատմելով։ Իսկ գիշերուան, երբ հնձուորը պառկել էր խսիրի վրայ որ քնի, կինն էլ պառկում է նրա կողքին՝ խսիրի վրայ, գրկում իր զաւակին, ու միասին մնում են նոյն տանիքի տակ, որով գոյանում է ընտանիք։ Ահա՛ նոյն տանիքի տակ ապրելու հայ կնոջ հաստատակամութիւնը, եւ յանուն ընտանիքի նրա զոհաբերութիւնը, այն կարեւոր զգացողութիւնն է, որ առաջացրեց իմ մէջ։ Բակունցի աչքից չի վրիպել հայ կնոջ այդ կերպարը, ու նա կարողացել է լաւագոյնս ներկայացնել դա։

            Իհարկէ, մեր օրերում, երբ արդէն վաղուց հաւասարութեան նշան կայ կանանց եւ տղամարդկանց միջեւ, ընթերցողը կարող է տարակուսի եւ հարցականի տակ տանի այդ զոհաբերութիւնը։ Ես չեմ ուզում այս գրութիւնով անդրադառնալ այս հարցին, միայն նշեմ այն, որ ինչպէս անցեալում, այնպէս էլ հիմա, կինն է համարւում հայ ընտանիքի հիմնասիւնը։ Մեր դարի պայմաններում հիմնասիւնի այդ առաքելութիւնը ստանում է ուրիշ բովանդակութիւն, որի մասին կարելի է երկար անդրադառնալ՝ ուրիշ առիթներով։

 

            Իսկ հնագէտը․․․ Երրորդ ձիաւորի խօսքով, հնագէտը Կաքաւաբերդում գանձ է որոնում․․․ Իսկ ո՞րն է այդ գանձը։ Երրորդ ձիաւորն ու հնձուորը ունեն ուրիշ պատկերացում։ Դա այն արծաթ դրամն է, որ ձիաւորները գիւղից հեռանալուց առաջ տալիս են գեղջուկ կնոջ որդուն, որ յետոյ տիրանում է հնձուորը։ Բայց հնագէտի համար այդ գանձը, որի գտնելու համար է նա եկել Կաքաւաբերդ, Բակուր իշխանի շիրիմն ու տապանաքարն է։ Այսինքն՝ պատմութիւնը, հինաւուրց Հայաստանի պատմութիւնը, որ մարմնաւորւում է Բակուր իշխանի շիրմաքարով։ Հնագէտի համար գանձը նիւթականը չէ, հայութեան ունեցած գանձը իր պատմութիւնն է ու բարոյականը։ Եւ, իրաւամբ, բնական պաշարներով աղքատ Հայաստանում, ուր չկան տարբեր հանքեր ու հարստութիւններ, եղածն ու մնացածը հէնց հոգեւորն է․ պատմութիւնը, մշակոյթը, գիրն ու գրականութիւնը, միտքն ու մարդուժը։ Հայաստանում ամեն տեղ ու ամեն մի անկիւնում շատ կան այդպիսի տապանաքարեր, բերդեր, ամրոցներ եւ արծիւներ, որի կերպարի մասին մանրամասն բացատրում է Բակունցը։ Իսկ ինչո՞ւ հէնց արծիւը․․․ Արծիւը տոտեմիզմի ժամանակներից սկսած եւ յետոյ խորհրդանիշն է հայկական մի քանի ցեղախմբերի, իշխանական տների ու թագաւորութիւնների․․․ Ու, հիմա էլ Հայաստանի Հանրապետութեան զինանշանում կայ ու պատկերուած է նաեւ արծիւը։

 

            Հայոց պատմութեան մասին՝ մեր յաղթանակների ու պարտութիւններ մասին, մեր լաւի ու վատի մասին մենք չէինք իմանայ, եթէ դրանք պատկերաւոր ամրագրուած չլինէր ընդհանրապէս։ Ահա՛ նկարիչի դերը այս պատմուածքում։ Նրա ունեցածը թուղթն է ու մատիտը։ Ես նկարիչի կերպարի մէջ չեմ տեսնում միայն նկարիչ արուեստագէտին։ Նա պատկերում եւ ամրագրում է այն ամենը՝ ինչ կապուած է պատմութեան, ժողովրդի ու բնաշխարհի հետ։ Նա միաժամանակ պատմագիր է, հասարակագէտ է, մշակութային գործիչ՝ գրող, բանաստեղծ եւ նկարիչ։ Ու հէնց նա է, որ մեզ փոխանցել է ու փոխանցում է հայից ու Հայաստանից ամեն ինչ։ Նկարիչը՝ իր աշխատանքով, գալիս է ամբողջացնելու հնագէտի/ գիտնականի աշխատանքը։ Կարելի է աւելի երկար անդրադառնալ այս երկու տիպարներին, բայց հիմա բաւարարուենք այսքանով։

 

            Ազգերը գոյատեւում են իրենց բնօրրանում, իրենց հայրենիքում։ Ազգերի նկարագրի ձեւաւորման մէջ կարեւոր նշանակութիւն են ունեցել հայրենի երկրի բնական պայմանները՝ կլիման, տարածքն ու աշխարհագրութիւնը։ Ակսել Բակունցը հնձուորի եւ միւս կերպարներով ներկայացնում է հէնց հային՝ նրա տիպարը։ Հայը ապրել եւ արարել է հիմնականում լեռնային տարածքներում։ Հայը հէնց այդ լեռներում գիւղատնտեսութեամբ է զբաղուել․․․ հնձել է իր արտը։ Քարից հաց հանող այդ չարքաշ հայի կերպարը մարմնաւորուել է հնձուորով։ Իսկ նրա զաւակը/ արդէն նոր սերունդը, ուրախանում է ձիաւորներից կոնսերվի տուփեր ստանալով։ Նորից յիշենք պատմուածքի թուականը․ 1927 թ․։ Դա այն ժամանակաշրջանն էր, որ հայը Հայաստանում սկսել էր «անցում կատարել» գիւղից քաղաք։

 

            Ակսել Բակունցը հիանալի է ներկայացնում Հայաստանի բնութիւնը, յատկապէս Զանգեզուր/Սիւնիքը։ Նա նկարագրում է կարծր լեռները, քարն ու քարափը, ե՛ւ․․․ ալպիական մանուշակը՝ ծաղիկը։ Պատմուածքը սկսում է հէնց այդ բնութեան գեղեցիկ նկարագրութիւններով։ Գորիսի եւ Սիւնիքի գովերգու Բակունցը այս պատմուածքում նկարագրել է Հայաստանի մի ուրիշ շրջան․ հնագոյն Այրարատը, եւ Արտաշատ քաղաքի մօտ գտնուող Կաքաւաբերդը։ Ու հէնց այդտեղ է եղել Բակուր իշխանի դամբարանն ու շիրմաքարը։

 

            Վերջացնեմ իմ վերլուծութիւնը, որ մնաց մի քանի նշումների սահմաններում։ Ասելիք շատ կայ, եւ իմ ցանկութիւնն է հայ համայնքներում նոր սկիզբ առնեն գրական-գեղարուեստական բովանդակութեամբ երկերի քննարկումները։ Այսպիսով՝ մտքերի լայն փոխանակութեամբ, կարող ենք նոր հորիզոններ բացել մեր առաջ՝ նոյնիսկ հասարակական հարցեր վերլուծել փորձելով։

 

*     *     *

 

 

Կաքաւաբերդ

 

Կաքաւաբերդ (Գեղի բերդ, Քեղի բերդ), միջնադարեան բերդ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գաւառում, Ազատ գետի աջ ափին (այժմեան Արտաշատ քաղաքի Իմիրզեկ հնավայրից արեւելք)։

Առաջին անգամ յիշատակում է  հայոց կաթողիկոս, պատմիչ եւ գրող Յովհաննէս Դրասխանակերտցին (9-10-րդ դարերում) որպէս Բագրատունիների տոհմական տիրոյթ։ 11-րդ դարում անցել է Պահլաւունիներին, 12-13-րդ դարերում այն տիրել են Պռօշեանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924 թուականին Գեղիի վրայ է յարձակուել արաբ զօրավար Բեշիրը եւ պարտուել Գէորգ Մարզպետունուց։ Գեղին վերջին անգամ յիշատակւում է 1224 թուականին, երբ Գառնու մօտ մարտում պարտուած Իվանէ Զաքարեանը պատսպարուել է այնտեղ։

Ամրոցն այժմ կանգուն է, լաւ պահպանուած։ Այն կառուցուած է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դէպի հիւսիս-արեւելք ձգւում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստութիւն, 8-10 մ բարձրութիւն եւ աշտարակներ։ Բերդի ներսում պահպանուել են եկեղեցին, այլ շէնքերի աւերակներ։

Բերդը յիշատակւում է նաեւ Գեղի կամ Քեղի անուններով։ Նոյնանուն բերդ եղել է նաեւ Սիւնիքում, այժմեան Գեղի գիւղի տեղում։ Գեղի բերդը յիշատակում է նաեւ  Մուրացանը իր «Գէորգ Մարզպետունի» պատմավէպում։

 

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին