Չորս տարի առաջ՝ 2016 թուականի, ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը, ազրպէյճանական կողմը յարձակում գործեց Արցախի հանրապետութեան հարաւարեւելեան (Հադրութ) եւ հիւսիսարեւելեան (Մարտակերտ) ուղղութիւնների հայկական դիրքերի վրայ՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական գործիքներու գրեթէ բոլոր հնարաւոր տեսակները: Արցախի վրայ ռազմական նախայարձակումի արդիւնքում հայկական կողմն ունեցաւ զգալի կորուստներ, իր կարգին Ազերիներն էլ կրեցին մարդկային ու ռազմական կորուստներ:
Մարտունու շրջանի Զօրավան գիւղում զոհուեց 12-ամեայ տղայ: Թալիշում սեփական տան մէջ մորթուեցին տարեց ամուսիններ Ռամելա եւ Վալերա Խալափեանները: Նրանց անմեղ արիւնը ստիպեց մեր տղաներին ետ շպրտել ազրպէյճանական հրոսակներին ու համախմբել հայ ազգին: Ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ Ազրպէյճանի վայրագութիւնները չսահմանափակուեցին քաղաքացիական անձանց սպանութիւններով: Ազրպէյճանը հայկական բանակի զինծառայողների դիերը պղծեց ու խոշտանգեց՝ եւս մէկ անգամ ապացուցելով, որ թէ ինչպիսի վայրագ եւ գազանաբարոյ ազգ են:
Չորս տարի է անցել, սակայն վէրքերն առ այսօր չեն սպիացել: 1994 թուականի զինադադարից յետոյ ապրիլեան քառօրեայ պատերազմն ամենածանրն էր Արցախի ու Հայաստանի համար, թէ՛ մարդկային կորուստների առումով, թէ՛ նիւթական: Նիւթական կորուստները ժամանակի ընթացքում վերականգնուեցին, աւերուած գիւղերն ու քաղաքները ոտքի կանգնեցուեցին, սակայն մարդկային կորուստներն անդառնալի են:
Հայաստանն ու Արցախը կորցրեց մի քանի տասնեակից աւել զինուոր: Վիրաւորում ստացան ու հաշմանդամութիւն ձեռք բերեցին մեծ թուով զինծառայողներ: Սակայն, դա չխանգարեց, որ Հայկական բանակը կրկին ոտքի կանգնի ու հակառակորդին արժանի հարուած տայ: Ապրիլեան քառօրեայ պատերազմում ազրպէյճանական ծրագրերը ձախողուեցին հենց սահմանին կագնած 18 տարեկան զինուորների անձնազոհութեան շնորհիւ: Ապրիլեան այս օրերին Եռաբլուր զինուորական պանթէոնը բազմամարդ է: Իրենց կեանքի գնով հայրենիքը պահած զինուորների շիրիմներին ծաղիկներ են խոնարհում, շնորհակալութիւն յայտնում խաղաղ գիշերների ու լուսաբացերի համար:
Մինչ այսօր վերջնականապէս պարզուած չէ ապրիլեան քառօրեայ պատերազմի պատճառները եւ պատասխանատուները: Ազգային ժողովում ապրիլեան քառօրեայ պատերազմի պատճառները քննող յանձնաժողով է ձեւաւորուած, սակայն դեռ որեւէ առարկայական արդիւնքներ մեղաւորների վերաբերեալ չկան՝ պատասխանատուութիւնը թողնելով նրանց խղճին:
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ