Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել սգակիր Դեւեջեան ընտանիքին ֆրանսահայ ականաւոր գործիչ Պատրիկ Դեւեջեանի անժամանակ մահուան կապակցութեամբ:
Վեհափառ Հայրապետը գրութեան մէջ անդրադարձ է կատարել տիար Դեւեջեանի երկարամեայ բեղուն գործունէութեանը եւ մեծ ներդրմանը Ֆրանսիայի Հանրապետութեան պետական-քաղաքական եւ հասարակական կեանքի զարգացման, ֆրանսահայ համայնքի առաջընթացի, ինչպէս նաեւ հայ-ֆրանսիական յարաբերութիւնների ու բարեկամութեան ամրապնդման գործում՝ մասնաւորապէս կարեւորելով Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղուած նրա եռանդագին ջանքերը:
«…Մենք ջերմութեամբ ենք յիշում Ֆրանսիայի Հայոց թեմ Հովուապետական մեր այցելութիւնների ժամանակ, ինչպէս նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգելոյս Պատրիկ Դեւեջեանի հետ մեր հանդիպումները, որոնց ընթացքում Մենք մշտապէս զգացել ենք նրա ազգասէր ու եկեղեցանուէր ոգին, մեր ժողովրդին եւ մեր Սուրբ Եկեղեցուն օգտակարութիւն ու սատարում բերելու նախանձախնդրութիւնը: Ցաւ է Մեզ համար կորուստը մեծանուն հայորդու…», – նշուած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցաւակցագրում: