Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Իշխանությանը ձեռք չի տալիս ընտրությունների հետաձգումը. շանսերը քչանում են. Սերգեյ Ամիրյան

Ազատ Արցախի Համապետական ԸնտրութիւններՀարցազրոյց 9–

 

Մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Որպես անկախ պետություն գոյության ընթացքում Արցախի ժողովուրդն ու պետականությունը փաստեց, որ հակառակ այն դրության, որ Արցախը որպես պետություն միջազգային ընտանիքի մաս չի կազմում , սակայն արժանի է անկախության ու այնտեղ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժեքներ են: Մինչ իրեն կայացած պետություն համարող Ադրբեջանը ամեն առիթով փաստում է, որ դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու ժողովրդավարության հասնելու համար և շատ սովորելու բան Արցախից, այն հողատարածքից, որի իրավատերը հավակնում է լինել: Այս առիթով ներկայացնում ենք հարցազրոցների շարք Արցախի Հանրապետության նախագահի բոլոր թեկնածուների հետ: Սա առիթ է մեր ընթերցողներին՝ հակիրճ կերպով սակայն մոտիկից ծանոթանալու յուրաքանչյուր թեկնածուի հետ:

Մեր հարցազրույցների այս շարքի հաջորդ հյուրը ինքնաառաջադրված թեկնածու Սերգեյ Ամիրյանն է: Ամիրյանի հետ զրուցել է Երևանի մեր աշխատակիցը: Ստորև հարցազրույցը: «Խմբ.»

 

 

Սերգեյ Ամիրյանը ծնվել է 1977 թվականի  օգոստոսի 24-ին Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում։ 1983- 1994թթ սովորել և ավարտել է Ավետարանոց գյուղի  միցնակարգ դպրոցում։ 1994-1998թթ սովորել է Գորիսի Սյունիք  ւինստիտուտում և ստացել իրավաբան-֊իրավագետի որակավորում։ 1994-1997 թթ ծառաել է ԼՂՀ ի զինված ուծերում: 1997-1999 ԼՂՀ-ի Ներքին գործերի նախարարությունում: 2004- 2005 թվականներին աշխատել է ԱՀ ոստիկանության համակարգում։ 2006-2007-ին՝ դատախազությունում։ 2008թ ից առայսօր զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

 

 

 

-Պարոն Ամիրյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը չմերժելու համար: Մոտենում է ընտրությունների օրը: Հետաձգելու մասին դեռևս որոշում չկա: Հաշվի առնեով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը, ի՞նչ եք կարծում, անհրաժեշտ հիմքեր կա՞ն ընտրությունները հետաձգելու համար:

-Թեկնածուներից ինձ զանգահարել էին, որ համատեղ հայտարարությամբբ հանդես գանք ընտրությունները հետաձգելու վերաբերյալ: Այո, իսկապես վտանգը կա: Հետաձգելը ողջամիտ կլինի: Սակայն, դա ձեռք չի տալիս իշխանությանն ու իշխանության թեկնածուին: Ինչքան հետաձգվեն ընտրությունների օրը, այնքան իշխանության դիրքերը թուլանում են: Ընդդիմադիրներին սատարող զանգվածն ավելի մեծանում է: Դա ավելի կուռ է դարձնում մեր շարքերը: Ընդդիմադիրներին ձեռնտու է ընտրությունների հետաձգումը, իշխանությանը՝ ոչ: Բայց, եթե ընտրությունները դնենք մի կողմ, իսկապես վտանգ կա: Պետք է ընտրությունները հետաձգել, որպեսզի վտանգը լրիվ վերջանա: Օրենքով թույլատրվում է: Նախագահը կարող է արտակարգ դրություն հայտարարել և ընտրությունները հետաձգել:

-Ինչու՞ չեն հետաձգում, Ձեր կարծիքով:

-Իրենք ուզում են խարդախություն անել: Կեղծեն ընտրություններըամսի 31-ին, ապրիլի 1-ին կամ 2-ին հայտարարեն արտակարգ դրություն, որպեսզի մարդիկ հնարավորություն չունենան փողոց դուրս գալու, իրենց քվեին տեր կանգնելու: Կարծում եմ, 4 տարի առաջ իրենք քառօրյա պատերազմ են տեսել, ճիշտ չէ նման քաղաքականություն որդեգրելը:

-Ո՞ր թեկնածուներն են առաջարկ արել ընտրությունները հետաձգելու վերաբերյալ միասնական հայտարարությամբ հանդես գալ:

-Ռուսլան Իսրայելյանը, Բելլա Լալայանը, Վիտալի Բալասանյանը: Իրենք կողմ են ընտրությունները հետաձգելուն: Մնացած թեկնածուների կարծիքներից տեղյակ չեմ: Նրանցից ոմանք քաղաքական պայքարի մեջ չեն եղել, չգիտեմ՝ ովքեր են:

-Իսկ քարոզարշավի ընթացքում որևէ խախտում, անհավասար մրցակցային պայմաններ, լարվածություն եղե՞լ են:

-Իշխանության թեկնածուները անընդհատ փորձում էին այնպես անել, որ հասարակության գիտակցությունը մթագնի: Տեսան, որ դա չի հաջողվում, անցան ուրիշ գործողությունների, որն Ընտրական օրենսգրքով, Սահմանադրությունով արգելվում է: Իրենք մտածել են, որ արցախցիները երախտամոռ մարդիկ չեն: Եթե օրինակ խանութում պարտք ունեն, կարող են պարտքը մարել ու քվեն ստանան: Կամ, եթե իրենց մոտ աշխատում են, նրանց  10 հազար պարգևավճար գրեն ու քվեն ստանան: Բայց իրենց հաշվարկների մեջ սխալվեցին: Ինչքան ընտրությունների օրը մոտենում է, այնքան լարվում է վիճակը: Կորոնավիրուսը ևս խանգարեց մեր քարոզարշավին: Անընդհատ խարդախություն է տեղի ունեցել, անհավասար մրցակցային պայմաններ:

-Դուք, քաղաքական պայքարում, կարելի է ասել, մեծ փորձ չունեք: Ինչպե՞ս եք պատկերացնում ընտրվելու դեպքում քաղաքական դաշտում Ձեր գործունեությունը:

-Ես ոչ թե մտել եմ քաղաքականություն, այլ լծվել եմ հայրենիքի փրկության գործին:

-Ձեր ծրագրային առաջնահերթությունները որո՞նք են:

-Մենք աշխարհագրական այնպիսի տարածքում ենք ապրում, որ առաջին հերթին անվտանգության հարցն է կարևոր: Ընտրվելու դեպքում, առաջին եռամսյակում այնպիսի շրջադարձային փոփոխություններ են տեղի ունենալու Պաշտպանության ոլորտում, որոնք շատ կարևոր են լինելու: Այս ոլորտում չեմ կարող շատ մանրամասնել, թե ինչ պետք է անենք: Որպեսի դա հնարավոր լինի անել, պետք է թալանվածը հետ վերադարձնել, մարել արտաքին պարտքը: Ես ծրագրի մեջ գրել եմ, որ կեղծ ընդդիմության համար արտոնյալ վարկերը պետք է վերացնել: Այդ գումարները պետք է հետ գան պետբյուջե: Բանակը պետք է ապահովել զինտեխնիկայով ու սպառազինությամբ: Իսկ սոցիալական բաղադրիչի մասով ասեմ: Արցախցիները քչով բավարարվող մարդիկ են: Պահանջկոտ չեն: Բայց արդեն այնքան է անարդար բաներ տեղի ունեցել, որ ասել հնարավոր չէ: Մենք ամեն ինչ անելու ենք սոցիալական արդարությունը վերականգնելու համար:

-Արցախում ներդրումներ ապահովելու մասով ծրագիր ունե՞ք: Ինչպե՞ս եք համագործակցելու Սփյուռքի ներկայացուցիչների հետ:

-Իհարկե: Ինչո՞ւ մինչ օրս Արցախում ներդրող չկա: Որովհետև մարդիկ գալիս են, ուզում են ներդրում անել, միանգամից 50 տոկոս մասնաբաժին են ուզում: Այսպիսի ռիսկային գոտում, այդ պայմաններով ոչ մի գործարար չի համաձայնի գալ ու աշխատել Արցախում: Նա չգիտի, վաղը կամ մյուս օրը, Աստված չանի, պատերազմ լինելու դեպքում իր գումարները ի՞նչ են լինելու: Դեպքեր եղել են: Մարդիկ թողել ու հեռացել են Արցախից: 2007 թվականից մինչ օրս ոչ մի ներդրող չկա երկրում:

-Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից կամ իշխանափոխությունից, ինչպես կուզեք անվանեք, հետո ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Արցախում:

-Դրանից հետո Արցախում իշխանությունները հասկացան, որ մարդը բարձրագույն արժեք է: Մարդն է իր իրավունքներով ու ազատություններով ժողովրդավարության արժեք: Ես հեղափոխություն չեմ կարող անվանել, բայց այդ իրադարձությունները մեծ դեր են խաղացել մեր քաղաքական իրականության մեջ: Մնացածը կտեսնենք ընտրություններից հետո ինչ կլինի: Այն, որ Բակո Սահակյանը կրկին չի առաջադրվել, Սահմանադրությունը փոխելուց հետո, դա ևս կարելի է վերագրել հայաստանյան իրադարձությունների ձեռքբերումներին: Բայց այն, որ այս կլանը փորձում է կրկին վերարտադրվել, դա փաստ է:

-Ընտրությունների երկրորդ փուլում Ձեզ տեսնու՞մ եք: Չընտրվելու դեպքում, որևէ թեկնածուի պատրա՞ստ եք սատարել:

-Իմ շանսերը մեծ են երկրորդ փուլում հայտնվելու համար: Դա երևում է վերջին երկու-երեք օրվա ընթացքում: Մենք սկզբնական շրջանում մտածում էինք, որ Արայիկ Հարությունյանն առաջին փուլով անցնելու է, բայց հիմա ինքը անգամ երկրորդ փուլում հայտնվելու շանսեր չունի: Այ դրա համար են ձգտում ամեն ինչ անել, որ ընտրությունները արագ տեղի ունենան: Իսկ եթե չանցնեմ երկրորդ փուլ, կտեսնենք, նայած որ թեկնածուն է անցնելու, ըստ այդմ կորոշենք սատարել մեր համախոհներին: Մենք այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ միայն գաղափարը քիչ է որևէ թեկնածուի սատարելու համար: Այստեղ անվտանգության հարց կա: Ոչինչ, թող տնտեսությունը մի քիչ ուշ զարգանա, բայց վերականգնվի սոցիալական արդարությունը, անվտանգությունը ապահովվի:

-Շնորհակալ եմ հարցազրույցի համար:

 

* Հ.ԳԳ. – ԱՀ նախագահի թեկնածու Սերգեյ Ամիրյանի հետ հարցազրույցն անցկացնելուց որոշ ժամանակ անց նախագահի վերոհիշյալ թեկնածուները հանդես են եկել ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:

Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին